կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-06 17:39
Քաղաքական

Դու ուրիշ գործ չունե՞ս. մարզպետին հարցը վրդովեցրեց

Դու ուրիշ գործ չունե՞ս. մարզպետին հարցը վրդովեցրեց

Արագածոտնի մարզի գյուղերի բնակիչները կարծես գտել են իրենց խնդիրներին լուծում տալու ձևը` փակում են հանրապետական նշանակության ավտոճանապարհը և հանդիպում պահանջում համապատասխան պաշտոնյաների հետ:

 

Նման եղանակով այսօր ժամանակավորապես լուծվեց նաև մարզի Շղարշիկ և Եղնիկ գյուղերի բնակիչներին հուզող` միասնական ջրբաժանի խնդիրը: Եղնիկի բնակիչները, ովքեր բազմիցս հիշյալ խնդրով դիմել էին պատկան մարմիններին, առավոտից փակել էին Երևան-Գյումրի մայրուղին:

 

Վրդովված գյուղացիները հայտարարություններ էին անում, անգամ` հայհոյանքներ հնչեցնում մարզպետի հասցեին եւ համաձայնեցին ճանապարհը բացել միայն այն բանից հետո, երբ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հանձնարարական տվեց ջրաբաժանումը կարգավորել:

 

Սա միակ դեպքը չէ, որ ճանապարհը փակելու եղանակով գյուղացիները փորձում են հարց լուծել: Բողոքի առավել հուժկու ալիքներ եղել են նաև գարնանն ու ամռանը: Մարտի 6-ին Օհանավան գյուղի տարածքում մարզի 10-ից ավելի գյուղերի 1000-ից ավելի բնակիչներ փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը` պահանջելով դադարեցնել Արզնի-Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա «ԳԱՀԱ էներջի» ընկերության կողմից ՀԷԿ-ի կառուցումը և վերջ դնել այգիների ոչնչացմանը: Հունիսի 26-ին էլ մոտ 3000-ից ավելի գյուղացիներ փակել էին Արտեմի-Արմավիր-Թալին-Գյումրի ավտոճանապարհը` պահանջելով փոխհատուցել նախորդ օրվա կարկտահարության հասցրած վնասները:

 

Բողոքի նմանօրինակ ակցիաներով այս մարզը գերազանցում է հարևան Արմավիրի մարզին, եւ դա առաջին հերթին բացասական է անդրադառնում գործող մարզպետի հեղինակության վրա: Ուշագրավ է, որ գործող մարզպետ Սարգիս Սահակյանը yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այն դիտարկմանը, թե վերջին շրջանում նման եղանակով բողոքելը Արագածոտնում տարածում է գտել, ասաց. «Նման երևույթ չի եղել»:

 

Հարցին` արդյո՞ք չի մտահոգում, որ նման դեպքերը հնարավոր է առիթ հանդիսանան իր պաշտոնանկության համար, վրդովված պատասխանեց. «Ինչի՞ց պետք է մտահոգված լինեմ: Չի կարելի, չէ՞, դու ուրիշ գործ չունե՞ս»:

 

Սարգիս Սահակյանը, բացի նմանատիպ սկանդալների կենտրոնում հայտնվելուց, հայտնի է նաև, պաշտոնական դիրքն օգտագործելով, հարազատներին «աջակցությամբ», իսկ նրա հիշաչարության մասին բավական ուշագրավ պատմություններ են պատմում: Օրինակ` մի անգամ, երբ հովիվը հրաժարվել է նրա մոտ աշխատել, հրահանգել է աշխատանքից ազատել դպրոցում հավաքարար աշխատող նրա մորը: Հունիսին «Հետքը» հրապարակել էր, որ Արագածոտնի մարզպետարանը 97 միլիոն դրամի պայմանագիր է կնքել մարզպետի եղբոր` «Ես և Նա» ՍՊԸ-ի հիմնադիր ու տնօրեն Նաիրի Սահակյանի հետ` մինչև տարեվերջ մարզի երկու գյուղերի` Վ. Բազմաբերդի և Եղնիկի դպրոցների վերանորոգումն իրականացնելու համար:

 

Ի դեպ, մարզպետին այս մարզում պաշտոնավարելու, իրոք, քիչ ժամանակ է մնացել: