Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շարունակում է զարմացնել իր ստեղծագործական-գերազանցիկ մտածողությամբ. տիկնոջ գլխում այս անգամ էլ գաղափար է ծնվել` նշել մայրենի նախարարության ծննդյան օրը: Եվ թեև այդ օրն արդեն անցել է (հոկտեմբերի 1), բայց նախարարությունը որոշել է հենց այնպես բաց չթողնել կարևորագույն առիթը և միջոցառումների շարք է նախատեսել: Այս մասին վկայում է նախարարության կայքը. «Հայաստանի սփյուռքի նախարարությունն իր 5-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպում է միջոցառումների շարք»:
Միջոցառումների ցանկից երևում է, որ դա բավական տպավորիչ շարք է, և առաջիկա շաբաթն ու տասնօրյակը Սփյուռքի նախարարությունը տոնական տրամադրությունների մեջ կլինի: Կասկածներ ունենք, որ միջոցառումների թվում մի հոբելյանական նիստ կամ հանդիպում էլ նախատեսված կլինի, երբ սփյուռականների հայրենանվեր գործունեությունն իրենց ներկայությամբ կպատվեն-կարժևորեն հանրապետության ղեկավարները:
Անշուշտ, չէինք կամենա հարամել սփյուռականների կոմերիտական նախաձեռնողականությունն ու պիոներական խանդավառությունը, սակայն կուզենայինք հարց տալ նախարարության հարգելի աշխատակիցներին` այդ երբվանի՞ց ավանդույթ դարձավ` տոնակատարությունների վերածել պետական ինչ-որ կառույցի «ծննդյան» ինչ-որ ամյակներ, այս քարուքանդ երկրում դուք ուրիշ բան ու գործ չունե՞ք, որ այդպես պինդ որոշել եք միջոցառումներով ծաղկեցնել ձեր նախարարության ծննդյան հոբելյանը:
Ի դեպ, դժվար է հիշել մեկ այլ նախադեպ, երբ որևէ նորաստեղծ նախարարություն կամ գերատեսչություն այսպես հրապարակավ սկսի տոնել իր «ծննդյան» օրն ու ամյակը (ինքն իր ներսում` մի կերպ հասկանալի է), բայց եթե նույնիսկ նախադեպեր կան էլ, ապա գուցե նաև կան դրանք նշելու իրական հիմնավորումներն ու, մանավանդ, գործունեության ճանապարհին արձանագրած ձեռքբերումները, ինչը դժվար է ասել Սփյուռքի նախարարության պարագայում: Այս նախարարությունն ինչպես կար, այդպես էլ մնաց իր առաքելությունը հստակեցնելու և սեփական ճանապարհը գտնելու դեգերումներին գերի, չունեցավ ու չորդեգրեց մշակված ազգային քաղաքականություն և միշտ ջանաց դրա բացակայությունը սքողել կամ լրացնել զանազան միջոցառումներով, որոնց հանրային-ազգային արդյունավետությունը շատ դեպքերում կասկածելի է: Ինչպես որ կասկածելի է այն ուրախությունը, որով այս օրերին տոնելու են նախարարության «հոբելյանական»` 5-ամյակը:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ