կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-05 15:29
Քաղաքական

Միայն Նիկոլ Փաշինյանն է կանգնել Զարուհի Փոստանջյանի կողքին

Միայն Նիկոլ Փաշինյանն է կանգնել Զարուհի Փոստանջյանի կողքին

Կիրակի օրը Ստեփանակերտում` ԼՂՀ Ազգային ժողովում, տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտագնա նիստը: Նիստի օրակարգը դեռ չհաստատված` ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիմում էր ներկայացրել, որ նիստը դռնփակ անցկացվի, իսկ լրագրողները, ինչպես նաև հրավիրված անձինք, որոնց թվում էր նաեւ ԼՂՀ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը, դուրս գան նիստի դահլիճից:

 

Նշենք, որ արտագնա նիստը հրավիրվել էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի որոշման նախագծի հիման վրա: Հենց նա էլ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց մանրամասներ այդ արտագնա նիստի մասին:

 

Զարուհի Փոստանջյանի խոսքով` դռնփակ նիստ հրավիրելու որոշումը կայացվել է ԱԺ կանոնակարգ-օրենքի կոպիտ խախտմամբ, առանց նիստի օրակարգը հաստատելու, և այդ որոշումը չի համապատասխանում ժողովրդավար պետության գործելաոճին:

 

«Պետք է ցավով նշեմ, որ այս խախտմանն աջակցեցին այնպիսի պատգամավորներ, որոնք ներկայանում են որպես ընդդիմություն: Իսկ Արցախի իշխանությունները գործում են ուղղորդված` Հայաստանի ապօրինի իշխանությունների ազդեցության ներքո»,- ասաց պատգամավորը`հավելելով, որ միայն Նիկոլ Փաշինյանն է դեմ եղել նիստը դռնփակ անցկացնելուն:

 

Զարուհի Փոստանջյանի որոշման նախագծում հետևյալ կետերն էին`  ճանաչել ԼՂ Հանրապետությունը, բացառել ԼՂ և Հայաստանի պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կամզակերպությունների կողմից անցակետերի տեղադրումը, բացառել ԼՂ և Ադրբեջանի սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը, վերջապես` բացառել ՀՀ անդամակցությունը կամ միավորումը որևէ կառույցի, որը կարող է վտանգել Արցախի և Հայաստանի ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը:

 

Պատգամավորի խոսքով` Հայաստանն անուղղակիորեն մասնակից է դառնում Արևմուտք-Ռուսաստան հակամարտությանը, և այդ պայմաններում տեղի է ունենում, պատգամավորի խոսքով,  Հայաստանի բռնակցումը ԵՏՄ-ին, ինչը վտանգ է ներկայացնում Հայաստանի ու Արցախի ինքնորոշման համար:

 

Եվ այդ արտագնա նիստում բացասական եզրակացություն է տրվել պատգամավորի որոշման նախագծին:  Ալեքսանդր Արզումանյանը դեմ է քվեարկել, իսկ մնացած պատգամավորները, այդ թվում` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ընդհանրապես չեն քվեարկել: