կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-03 16:48
Առանց Կատեգորիա

Օդային կործանված ճակատագրեր. «Հայկական ավիաուղիներ». մաս 1

Օդային կործանված ճակատագրեր. «Հայկական ավիաուղիներ». մաս 1

Հայաստանի ավիափոխադրողների գլխին գալովի է, և դա ցույց են տալիս ժամանակն ու նրանց անցած ճանապարհը: Երեք տարբեր ընկերություններ, բայց՝ նույն ճակատագիրը: Ճիշտ է` «Էյր-Արմենիա»-ի սնանկացման մասին լուրերը դեռեւս պաշտոնապես չեն հաստատվել, բայց անժխտելի է, որ արդեն երրորդ հայկական ավիափոխադրողը բախվում է ֆինանսական խնդիրների, ինչն էլ հետագայում դառնում է սնանկացման պատճառ:

 

Ավիափոխադրողների տխուր ճակատագրի մեկնարկը տվեց «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, որն, ի տարբերություն «Արմավիա»-ի և «Էյր Արմենիա»-ի, 100 տոկոսանոց պետական ձեռնարկություն էր: Ամեն ինչ սկսվեց իդեալական, բայց հետագայում բազմաթիվ հարցականներ ի հայտ եկան, որոնց լուծումը մինչև օրս չեն կարողանում գտնել: Բավական է նշել, որ «Հայկական ավիաուղիներ»-ի եկամուտները Հայաստանի բյուջեի մինչև 25 տոկոսն են կազմել: Հավանաբար, հենց սա էր պատճառը, որ «Հայկական ավիաուղիներ»-ը շատերի համար դարձել էր երազանքի ընկերություն, և այս համեղ պատառն իրենցով անելու համար շահույթով աշխատող ընկերությանը տարան սնանկացման:

 

Լինելով պետական ընկերություն` այնուամենայնիվ, «Հայկական ավիաուղիներ»-ը չէր ստանում պետության իրավական աջակցությունը, ինչը թույլ էր տալիս դրսի ուժերին միջամտել ավիափոխադրողի կառավարման համակարգին և կատարել այնպիսի ոչ խելամիտ քայլեր, որոնք կհանգեցնեին ընկերության սնանկացմանը: Բազմաթիվ չվերթեր իրականացվում էին գերբեռնված: Բացի այդ` արձանագրվում էին նաև ավիակերոսինի և ընկերության գույքի գողության դեպքեր: Շատերը «Հայկական ավիաուղիներ»-ի սնանկացման հիմնական պատճառը համարում են շահութաբեր չվերթերի փոխարինումը վնասաբեր չվերթերով:

 

Այդ տարիներին և, ինչու չէ, նաև հիմա շատ է խոսվում Երևան-Դելի չվերթի մասին: 1997-ին Իլ-86 ինքնաթիռով Երևան-Դելի-Երևան-Լոնդոն-Երևան չվերթի բացումը իշխանությունը ներկայացնում էր որպես Հայաստանի և «Հայկական ավիաուղիներ»-ի զարգացման համար շատ կարևոր իրադարձություն, բայց իրականությունը լրիվ այլ էր, քանի որ օդանավն այս չվերթը կատարում էր գրեթե դատարկ` կրելով հսկայական վնասներ:

 

Հաջորդ քայլով կառավարությունը գնեց Ա-310 ինքնաթիռը: Լոնդոնում ստորագրված պայմանագիրը շատերը համարում էին միտումնավոր քայլ, քանի որ ինքնաթիռը աշխատում էր այնպիսի վնասաբերությամբ, որ մյուս բոլոր ինքնաթիռների բերած օգուտը գնում էր Ա-310-ի վնասների ծածկմանը: ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանը իր հոդվածներից մեկում նշել էր. «ՀԱԱ-ի համար կործանարար` Ա-310-200 վարձակալության պայմանագրի դադարեցմանն օգնեց հենց օդանավը: Բանն այն է, որ Հայաստանում հայտնվելու առաջին իսկ օրվանից Ա-310-ի շահագործումն ուղեկցվում էր հիմնական համակարգերի և շարժիչների աշխատանքի բազմաթիվ խափանումներով: Կարճ ժամանակահատվածում այդ օդանավի այնպիսի վտանգավոր մի քանի խափանումեր եղան, որոնց նմանը երբեք չի եղել ՔԱՀՎ-ում, նույնիսկ` ողջ ԽՍՀՄ-ում (միայն մի քանի հաշված դեպքեր` ամբողջ պատմության ընթացքում): Դրանցից էին թռիչքի ընթացքում օդանավի ապահերմետիզացիայի մի քանի դեպքեր, երբ ուղևորների ականջներից արյուն էր հոսում, խցիկի ապակեպատ մասի քանդումը, ավիաշարժիչների աշխատանքի վտանգավոր խափանումները, երբ տուրբինները քանդվեցին... Դրանցից շատերը կարող էին ավարտվել ծանր պատահարներով: Եվ միայն ՀԱԱ օդաչուական անձնակազմերի բարձր արհեստավարժությունը և տոկունությունը Հայաստանը փրկեցին հնարավոր ողբերգություններից: Ինչևէ, օդանավը վաղաժամկետ վերադարձվեց տիրոջը: Բայց արդեն գործն արված էր»:

 


Հայկական ավիաուղիների սնանկացումից հետո՝ 2002-ին, ստեղծվում է «Հայկական միջազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որը, սակայն, շատ կարճ կյանք ունեցավ: 2005թ. հունվարի 1-ին «Հայաստանի միջազգային ավիաուղիները» միացավ «Արմավիա»-ին:

 

Շարունակելի

 

Գևորգ Խաչատրյան