Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
37-ամյա Ալեքսանդր Ցվերիանովը մոտ երկու տարի կալանքի տակ է եղել` գողություններ և գողության փորձեր կատարելու մեղադրանքով: Նախկինում հինգ անգամ տարբեր հանցագործությունների համար դատապարտված Ցվերիանովն այս անգամ` այս տարվա մայիսի 30-ին արդարացվել ու դատարանի դահլիճից անհապաղ ազատ է արձակվել:
Համաձայն մեղադրականի` Ալեքսանդր Ցվերիանովը գույքի գաղտնի հափշտակություններ կատարելու նպատակով, նախապես իր հետ վերցնելով անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, 2012 թվականի սկզբից մինչև նոյեմբերի 29-ը միայնակ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից կատարել է ուրիշի գույքի 16 դրվագ գաղտնի հափշտակություններ:
Գործը քննվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ: Դատարանն անձին անմեղ է ճանաչել` ունենալով փաստեր և ներքին համոզմունք, որ նախաքննական մարմնի կողմից գործով իրականացվել է խիստ թերի և ոչ օբյեկտիվ, դատավարական էական խախտումներով քննություն:
Մասնավորպես` դատավճռի «Դատարանի իրավական վերլուծությունը» մասում դատարանն անդրադառնում է նախաքննության ընթացքում կատարված օրինախախտումներին: Նախ` վրացահայ և հայերենին վատ տիրապետող Ցվերիանովին իրականում թարգմանիչ չի տրամադրվել: Նա ձերբակալվել է 2012-ի նոյեմբերի 30-ին: Նույն օրն իսկ գործով թարգմանիչ է ներգրավվել Անահիտ Գրիգորյանը: Սակայն նա դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն ընդամենը մեկ անգամ է եղել Էրեբունու քննչական բաժնում, սակայն այդ ընթացքում Ցվերիանովից ցուցմունքներ չեն վերցվել, քանի որ նա ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել և դրա վերաբերյալ քննիչի կողմից համապատասխան տեղեկանք է կազմվել:
Ի դեպ, դատարանի մոտ խիստ կասկած է հարուցում այդ հանգամանքը` Ցվերիանովին ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկելուց հետո որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է նա խմածության կամ ոգելից խմիչքների օգտագործման այն աստիճանի հասել, որի պատճառով նախաքննական մարմնի ներկայացուցիչը ստիպված է եղել տեղեկանք կազմել նշված պատճառով ցուցմունք տալու անհնարինության մասին:
Ինչ վերաբերում է թարգմանչի` գործում ներգրավված լինելուն, ապա դատարանի նախաձեռնությամբ իրականացվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, որը պետք է պարզեր, թե արդյո՞ք գործում առկա` արված նշումները իսկապես թարգմանչի կողմից են արվել: Ու թեև փորձագետը հանգել է հետևության, որ ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով հնարավոր չէ պարզել ձեռագրի և ստորագրության պատկանելությունը, դատարանը, ելնելով Գրիգորյանի դատաքննական ցուցմունքներից, եկել է այն համոզմանը, որ նախաքննական մարմինը պաշտոնական կեղծիք է կատարել:
Թեև թարգմանիչ է ներգրավվել Անահիտ Գրիգորյանը, սակայն անհասկանալի է, թե ինչու է քննչական բաժին հրավիրվել ոմն Լարիսա Վելիկյան, ով ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը և հայոց ու վրացերեն լեզվի մասնագետ է:
Սակայն այսքանով նախաքննական մարմնի կողմից կատարված խախտումները չեն սահմանափակվում: Կատարված մատնադրոշմային փորձաքննությունը ցույց է տվել, որ Ցվերիանովի մատնահետքերը չեն համընկել նախկինում կատարված և չբացահայտված` դեպքի վայրերից հայտնաբերված մատնահետքերի հետ:
Նախաքննական մարմինը անտեսել է նաև այդ հանգամանքը, ինչպես նաև փորձ անգամ չի ձեռնարկել պարզելու, թե արդյոք մեկ անձը, կոնկրետ դեպքում` ամբաստանյալ Ա.Ցվերիանովը ինչպե՞ս կարող էր միայնակ նկուղից ալյումինե մեծ թասեր, կաթսաներ, 70 հատ մուրաբայի բանկաներ կամ երկու պարկ կարտոֆիլ գողանալ:
Դատարանը խիստ կասկածելի է համարել նաև առարկաների ճանաչման արձանագրության իսկությունը, քանի որ տարբեր ժամանակ, տարբեր ամսաթվերով նախկինում կատարված նույնատիպ քննչական գործողության ժամանակ, որպես ընթերականեր, ներգրավվել են նույն անձինք:
Առարկաների ճանաչման հարցում նախաքննական մարմինն իր գործողությունները հասցրել է զավեշտի` կազմվել է «կարտոֆիլի ճանաչման արձանագրություն»: Տուժողին են ներկայացվել կարտոֆիլները, սակայն նա դրանք չի ճանաչել որպես իր խորդանոցից գողացված կարտոֆիլներ` ասելով, թե դրանք ավելի մանր են:
Դատարանը եզրահանգել է, որ նախաքննական մարմինը ամբաստանյալ Ա.Ցվերիանովի վերաբերյալ գործի նախաքննությունը կատարել է խիստ թերի և ոչ օբյեկտիվ, այն իրականացվել է բացառապես մեղադրական թեքումով և արհեստական ապացույցներ ձեռք բերելու` արատավոր պրակտիկայով:
Yerkir.am-ը Հատուկ քննչական ծառայության մամուլի պատասխանտու Միքայել Ահարոնյանից տեղեկացավ, որ Ցվերիանովը դատարանի կողմից արդարացվելուց և ազատ արձակվելուց հետո դիմում է գրել ոստիկանություն` իր հանդեպ կատարված ապօրինությունների վերաբերյալ:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Նախնական քննության տվյալների անթույլատրելիության մասին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից ելնելով` այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- գրավոր հայտնեց Մ. Ահարոնյանը: