Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերնիսաժ»-ի մոտ մայիսի 17-ին արձակված կրակոցների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործի քննությունը կշարունակվի դատարանում: Դատական տեղեկատվական համակարգից Yerkir.am-ը տեղեկացավ, որ երեկ գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դեռևս հայտնի չէ, թե գործը որ դատավորի նախագահությամբ է քննվելու:
Համաձայն մեղադրականի` Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) դստեր ամուսինը) գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի «ՊՄ» /Մակարով/ տեսակի ատրճանակ ու 9 մմ տրամաչափի ակոսափող հրազեններից կրակելու համար նախատեսված փամփուշտներ:
2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպեսև անուղղակի դիտավորությամբ` կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Իսկ Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանել են Գոռ Առաքելյանի հետ: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության՝ շրջակայքում գտնվող անձանց նկատմամբ, շուրջ հինգ րոպե բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, ինչպեսև իրենց խուլիգանական գործողությունները զուգորդել են բռնության գործադրմամբ՝ հարվածներ են հասցրել Գ. Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ նախաբազկի, ձախ դաստակի շրջանի քերծվածքների ձևով: