Փոխարժեքներ
12 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 413.31 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 498.96 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է.
«Հաշվի առնելով լրագրողների մեծ հետաքրքրվածությունն ու անընդհատ հնչող զանգերը՝ տեղեկացնում եմ․
1. Ալբերտ Առստամյանի գործը (խնձոր նետող պապիկի գործ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Առաջին դատական նիստը նշանակված է սույն թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում, դատավորը՝ Արման Հովհաննիսյան, դատական նիստերը՝ դռնբաց։ Ա․Առստամյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ, նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը։
2. Արմեն Մնացականյանի գործը (իշխանության զավթման գործ) գտնվում է նախաքննության փուլում։ Թեմայի շուրջ շատ մանրամասներ հայտնել, ցավոք, չեմ կարող։ Այնուամենայնիվ, իրազեկեմ, որ Ա․Մնացականյանը մեղադրվում է իշխանության յուրացման նախապատրաստության մեջ և նրա նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը։ Իրեն առաջադրված մեղադրանքը Ա․Մնացականյանը կտրականապես չի ընդունում։ Այս վարույթով դատարան է ներկայացվել կալանավորումը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու միջնորդություն՝ հիմնավոր կասկածն այլևս վերացված լինելու հիմքով։
3. Դավիթ Սարգսյանի գործը (Ստեփանակերտի քաղաքապետի գործ) դեռևս գտնվում է նախաքննության փուլում։ Նշված գործով նախաքննությունը կարող է տևել առավելագույնը մինչև 2025 թվականի հունվար ամիսը։ Ստեփանակերտի քաղաքապետի կալանքն ու տնային կալանքը վերադաս ատյանների կողմից ճանաչվել էին ոչ իրավաչափ, ինչի հիման վրա նա ազատ է արձակվել։ Ներկայումս Դավիթ Սարգսյանը գտնվում է վարչական հսկողության ներքո՝ խիստ սահմանափակումներով, որի դեմ ներկայացված բողոքները մերժվել են անգամ վճռաբեկ դատարանի կողմից։ Ստեփանակերտի քաղաքապետը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։
4. Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում՝ մեռած վիճակում։ Որևէ մեկին, այդ թվում՝ Ս․Շահրամանյանին նշված վարույթով մեղադրանք չի առաջադրվել։ Քննիչին և հսկող դատախազին հասցեագրված տասնյակ միջնորդություններ մնում են անհետևանք։ Մինչև հիմա պարզ չէ, թե կոնկրետ ինչ փաստական տվյալների հիման վրա է առգրավվել նախագահին սպասարկող ավտոմեքենան։ Թմրանյութերի ապօրինի շրջանառման վարույթն այլևս դուրս է թեմայի շրջանակներից, քանզի նշված վարույթով Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան քննիչի կողմից առգրավվելուց հետո մեկ այլ քննիչ մեկ այլ վարույթով այդ նույն ավտոմեքենան առգրավել է թմրանյութերի գործը քննող քննիչից։
5. Արցախի նախագահի հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթն առայժմ շարունակում է մնալ նախաքննության փուլում։ Այնուամենայնիվ, Ա․Դանիելյանի նկատմամբ քննիչը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշում, ինչի հիման վրա էլ Ա․Դանիելյանն այլևս որևէ հետապնդման չի ենթարկվում։
6. Եղբորս՝ Արամ Երիցյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Նրա նկատմամբ որևէ խափանման միջոց այդպես էլ չի ընտրվել, իսկ նրա կալանավորումը մերժելու վերաբերյալ երկու տարբեր դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է։ Դատախազությունն այս կապակցությամբ ներկայացրել է նաև վճռաբեկ բողոք։ Ա․Երիցյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի՝ պարեկային ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Դատական նիստի օրն ու դատավորը դեռևս պարզ չեն, սակայն ամեն դեպքում դատական նիստերը լինելու են դռնբաց։
7. Երվանդ Աղաբալյանի և վարույթով անցնող այլ մեղադրյալների գործը (հունիսի 12 -ի գործ) գտնվում է դատական քննության փուլում։ Հերթական դատական նիստը նշանակված է սույն թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին Երևանի քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրում։ Գործը քննում է դատավոր Արամայիս Ասատրյանը։ Դատական նիստերը դռնբաց են»։