Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նախաձեռնությունը՝ փոփոխություններ մտցնել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում, բողոք է առաջացրել բազմաթիվ կանանց՝ հղիների և մայրերի շրջանում: Այսօր մի խումբ կանայք անցկացրեցին հերթական բողոքի ցույցը ԱԺ շենքի մոտ, իսկ կանանց մի մասն էլ ԱԺ-ի ներսում վերոնշյալ օրենսդրական նախաձեռնության կապակցությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ փորձեցին հիմնավոր փաստարկներով և էմոցիոնալ ելույթներով թույլ չտալ, որ օրենսդրական նախաձեռնությունը օրենք դառնա:
Հիշեցնենք, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների բնագավառում, իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով պայմանավորված, փոփոխություններ կատարել և նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տեւողությանը, մասնավորապես` սահմանել, որ հիվանդության, ընտանիքի անդամի խնամքի, առողջարանային բուժման, պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի
1) 40 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 1 տարուց պակաս է,
2) 60 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 1-3 տարի է,
3) 80 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 3 տարուց ավելի է:
2. Սահմանել նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկի չափով (բացառությամբ՝ հղիության եւ ծննդաբերության կամ մայրության նպաստի):
3. Հղիության եւ ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի եւ սահմանել, որ 2016 թվականից սկսած, այն վճարվում է նաեւ չաշխատող կնոջը՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (140 օր) համար:
4. Չաշխատող կնոջը տրվող նպաստը հաշվարկել նվազագույն ամսական աշխատավարձից, վերանայելով նպաստը հաշվարկելու կարգը (նպաստ հաշվարկելու համար՝ հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) եւ բազմապատկվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով):
5. Սահմանել աշխատող մոր հղիության եւ ծննդաբերության (մայրության) նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափ՝
1) առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 7-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 2 600 000 դրամ),
2) երրորդ եւ հաջորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 3 600 000 դրամ):
Աշխատող մայր Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում արտահայտեց իր բողոքը կառավարության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ` ասելով, որ այն մեծ վտանգ է պարունակում Հայաստանի ապագայի համար, քանի որ վտանգվում է հայ կանանց` երեխա ունենալու որոշումը: Նա կոչ արեց բոլոր իրավագիտակից քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ապագայի նկատմամբ, պայքարել ու թույլ չտալ, որ այդ նախագիծը դառնա օրենք:
Մանե Թանդիլյանի համոզմամբ՝ օրենսդրական նախաձեռնությունը անբարոյական դրույթներ է պարունակում և հակասում է ՀՀ Սահմանադրությանը. ստացվում է, որ կանայք պատժվում են միայն նրա համար, որ պատրաստվում են մայրանալ:
Yerkir.am-ի այն հարցին, թե ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել կառավարության` բյուջե լցնելու քաղաքականությունը, Մանե Թանդիլյանը նշեց, որ այսօր կառավարությունն իր ընդունած տարբեր օրենքների տեսքով՝ շրջանառության հարկ, կենսաթոշակային բարեփոխում, հղիներին վերաբերվող օրենքը և այլն, փաստում է մի բան, որ իսկապես կառավարությունը լուրջ խնդիր ունի` ամեն գնով բյուջե լցնել:
«Սրանք այլևս մսխել են պետական բյուջեի բոլոր միջոցները, հիմա հայթայթում են միջոցներ որևէ տեղից` բյուջեն լցնելու համար: Այլևս Արևմուտքը Հայաստանին փող չի տրամադրում հայտնի պատճառներով, և իրենք ուղղակի խնդիր ունեն որևէ ձևով բյուջե պահել, որպեսզի արհեստական աճի ցուցանիշներ ցույց տան և այլն: Բայց դրա գինը նրանք հաշվի չեն առնում: Մինչ այս իշխանություններին կհաջողվի փոխել, մինչ հնարավոր կլինի կառավարման համակարգը փոխել այնպես, որ նոր կառավարությունը գործի ի շահ քաղաքացիների, մենք, փաստորեն, կոչված ենք պաշտպանելու ինքներս մեզ` թե' փողոցում, թե' գրասենյակներում` բոլոր հնարավոր միջոցներով:
Ես` որպես աշխատող մայր, շատ եմ ցավում դրա համար, որովհետև այս պայքարը ինձանից շատ ջանք ու ժամանակ է խլում, բայց ես ուզում եմ իմ հաստատակամությունը հայտնել , որ ես պատրաստ եմ թե' փողոցում կանգնել, որքան որ պետք է, թե' բողոքի ցույցեր անել, թե' փողոց փակել, թե' գրասենյակային միջոցներով պայքարել, որովհետև Հայաստանում այս օրենքն ուղղակի չի կարելի կիրառել»,- ասաց Մանե Թանդիլյանը: