Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանի շահը կա, Նազարբաեւ անունն էդ փողոցի վրա կպահենք, հենց շահը կտրավ, կդարձնենք Նազարեթյանի փողոց. Yerkir.am-ի հետ զրույցում կատակեց Շիրակի մարզի Հառիճ գյուղի ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը` բացատրելով, թե ինչու է գյուղի փողոցներից մեկը տարիներ առաջ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով կոչվել:
Նշենք, որ օրերս aravot.am-ի ֆոտոխցիկը գյուղի փողոցներից մեկում ֆիքսել է ցուցանակ, որի վրա ռուսերենով գրված է` Նազարբաեւի փողոց:
«Դեռևս 7 տարի առաջ մեր տարածաշրջանի պատգամավոր Վխիթար Վարագյանը Ղազախստանի հետ սերտ կապերի մեջ էր, մարզպետարանի հետ խոհրդակցեցինք, որ փողոցը կոչենք Նազարբաեւի անունով, բայց փաստացի գրված չէ, գյուղի բոլոր փողոցները համարակալված են: Մարզպետարանն էլ է տեղյակ, նախկին մարզպետն էլ»,- ասաց գյուղապետը և հավելեց, որ Ղազախստանի դեսպանատունը գյուղի գրադարանի և մանկապարտեզի վերանորոգման հարցում մեծ օգնություն է ցուցաբերել:
«Զուտ շահի տեսանկյունից ենք դրել: Մի շաբաթ առաջ Ղազախստանի դեսպանատան աշխատակիցները գյուղում էին, խոստացան Նազարբաեւի փողոցի լուսավորությունն իրականացնել»,- ասաց նա:
Դիտարկմանը` եթե փողոցի անունը փոխվի, դեսպանատունը խոստումը չի՞ կատարի պատասխանեց. «Չեն անի, ինչի՞ համար են անելու, հանուն Նազարբաեւի կանեն»: Նազարեթյանի խոսքով` քանի դեռ դեսպանատունը համայնքին օգնություն ցույց կտա, փողոցը կմնա Նազարբաեւի անունով: «Թող մնա, այդ անունը ո'չ ինձ է խանգարում, ո'չ մյուսերին»,- ասաց նա:
Գյուղապետից հետաքրքրվեցինք նաև` կո՞ղմ է Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին: «Ես 100 տոկոսով կողմ եմ, մեր փրկությունը, մեր ամեն ինչը դրա մեջ է»,- պատասխանեց Նազարեթյանը:
Դիտարկմանը, թե Նազարբաեւը, մեղմ ասած, չի ցանկանում, որ ՀՀ-ն դառնա ԵՏՄ անդամ, բացի այդ` Ադրբեջանի, մասնավորապես` Ալիեւի բարեկամն է, գյուղապետն արձագանքեց. «Նազարբաեւը գլուխը քարին է տվել, երեսն էլ` պատին: Դրա համար էլ Պուտինն ասաց` եթե չեք ուզում, դուրս եկեք»: Նազարեթյանի խոսքով` այն ժամանակ, երբ փողոցն անվանակոչել են, չգիտեին, որ Մաքսային միություն կստեղծվի:
«Եթե մեր համայնքի մեկ տոկոսին ինչ-որ մեկն օժանդակություն ցուցաբերի, մյուս փողոցն էլ նրա անունով կկոչենք: Օրինակ` եթե Դուք գաք, որևէ գործ անեք համայնքի համար, Ձեր անունով կդարձնենք: 47 փողոցի էլ դեռ կարանք անուն դնենք»,- եզրափակեց նա: