կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-20 16:36
Առանց Կատեգորիա

Երևանի միլիոնների անհայտ տնօրինողները

Երևանի միլիոնների անհայտ տնօրինողները

Երևանի քաղաքապետարանի ինտերակտիվ բյուջեն թեև միտված է թափանցիկ աշխատաոճին, բայց այդ թափանցիկությունը վերաբերում է միայն գումարների` այս կամ այն կազմակերպությանը վերաբաշխմանը, բայց թե ի՞նչ կազմակերպություններ են դրանք կամ ի՞նչ գործունեությամբ են զբաղվում, անհայտ է: Անորոշ է նաև գումարների ճակատագիրը` թե կոնկրետ ի՞նչ ծրագրերի վրա են դրանք ծախսվել: Ահա հենց այստեղ է, որ թափանցիկությունը, կարելի է ասել, զրոյական է:

 

Հիմա առաջարկում եմ սկսել աճման կարգով` միլիոնից մինչև միլիարդի հասնող հատկացումներից: Առաջին տարօրինակ հատկացումը քաղաքապետարանի կողմից Հայաստանի ավագանիների ասոցիացիային է` 5.5 միլիոն դրամի չափով: Այն, որ այս ասոցիացիայի մասին մենք ոչինչ չենք լսել, դա դեռ չի նշանակում, որ այն գոյություն չունի, բայց որ ամբողջ համացանցը ոչինչ չի լսել, իհարկե, տարօրինակ է և միլիոնների մասին, անշուշտ, մտահոգվելու առիթ է տալիս: 5.5 միլիոն դրամը բավական ճոխ հարսանիքի գումար է, բայց թե իրականում ինչի՞ վրա են ծախսել այդ գումարը Հայաստանի ավագանիները, յուրաքանչյուրը կարող է դիմել իր վառ երևակայության օգնությանը:

 

Հերթական կառույցը, որին 2 անգամ ավելի գումար է տրամադրել Երևանի քաղաքապետարանը, նույնպես զերծ չի մնացել «Հայաստան» բառից` 11 միլիոն դրամ Հայաստանի համայնքների միությանը: Այս անգամ նույնպես դիմեցինք համացանցի օգնությանը: Էլի սպասում էինք, որ որևէ տեղեկություն չենք գտնի, բայց գտանք: Այս միությունն անգամ կայքէջ ունի՝ caa.am: Տեսեք ուրեմն` Երևանի քաղաքապետարանը 11 միլիոն դրամ դրամաշնորհ է հատկացրել մի միության հայտնի չէ, թե ինչ նպատակով, որը վերջին անգամ նիստ է հրավիրել 2011-ի փետրվարին: Կայքէջում ընդհանրապես տեղեկություն չկա միության պատմության մասին, հետևաբար` կարելի է ենթադրել, որ գլուխ գովելու պատմություն էլ չունեն, իսկ ահա միության նպատակները հետևյալն են, մեջբերում եմ. «Նպաստել տեղական ինքնակառավարման գաղափարի և համակարգի զարգացմանը և պաշտպանել տեղական ինքնակառավարման իրականացման սահմանադրական իրավունքը: Նպաստել «Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի» սկզբունքների կենսագործմանը Հայաստանի տարածքում»: Ահա այսպես 11 միլիոն դրամ քաղաքապետարանը հատկացրել է «լոլոների» համար:

 

Հիմա կապեք ամրագոտիները, գալիս է ամենակարևոր պահը: Ինտերակտիվ բյուջեի «Մշակութային միջոցառումների իրականացում» բաժնում նշված է, որ, որպես դրամաշնորհ,  մոտավորապես 700.000 միլիոն դրամ հատկացվել է «Երևան» հիմնադրամ» հասարակական կազմակերպությանը: Ծախսերը դարձյալ անհայտ են, միայն հատկացումներն են հստակ: Իսկ թե ի՞նչ հասարակական կազմակերպություն է սա, համացանցում տեղեկություն չկա, միայն «Սփյուռ» տեղեկատուում նշված է, որ այս կազմակեպության նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իսկ տնօրենը` Աշոտ Ղազարյանը: Ի՞նչ է ստացվում` Երևանի քաղաքապետը Երևանի բյուջեից հատկացումներ է կատարում սեփական հասարակական կազմակերպությանը, որը չգիտես, թե ինչով է զբաղվում:

 

Այս ՀԿ-ի մասին փորձեցինք տեղեկություն ստանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: Որոնման արդյունքում, որքան էլ տարօրինակ է, բերում է անհրաժեշտ գնումների ցանկը` Երևանի քաղաքապետի կարգադրությամբ և հասարական կազմակերպության ղեկավարի դիմումի համաձայն: Օրինակ` փետրվարին «Երևան» հիմնադրամը քաղաքապետին ներկայացրել է ծաղկեպսակներ գնելու պահանջ, մարտին ինչ-որ «Վերջին զանգ» միջոցառման համար անհրաժեշտ է եղել գնել համակարգչային և պատճենահանման սարքավորումներ եւ այլն:

 

Մի այլ հետաքրքիր փաստ ևս` այդ գնումների համար ստեղծվող հանձնաժողովը միշտ ղեկավարում է հիմնադրամի տնօրենը կամ տեղակալը: Հետևաբար` կարելի է կարծել նաև, որ Երևանի քաղաքապետարանի համար անհրաժեշտ ցանկացած գնում իրականացվում է հենց քաղաքապետարանի ներսում գտնվող հիմնադրամի միջոցով, որի նախագահը քաղաքապետն է: Հասարակական կազմակերպության նախագահ Տարոն Մարգարյանը, հավանաբար, չի ցանկանում, որ Երևանի բյուջեից մի կոպեկ անգամ առանց իր իմացության ծախսվի, կամ էլ երկրորդ տարբերակը՝ հիմնադրամը հիանալի գործիք է բյուջեի փողերը հանգիստ լվանալու համար՝ առանց ձեռքերը թրջելու:

 

Գեւորգ Խաչատրյան