Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արմավիրի մարզի Նորակերտ համայնքից Yerkir.am-ի խմբագրություն են դիմել՝ ահազանգելով, որ համայնքի ղեկավար Արման Պետրոսյանը, ով ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի ուսանողական ընկերն է, 2019 թ. գյուղապետ է դարձել վերջինիս հովանավորությամբ (ըստ գյուղացիների՝ նախկին գյուղապետին ստիպել են հրաժարական ներկայացնել), վերջին շրջանում գտնվում է փախուստի մեջ, իսկ գյուղը մատնված է բախտի քմահաճույքին:
Գյուղապետ Արման Պետրոսյանը, ըստ գյուղացիների, 2020 թ. Արցախյան պատերազմից հետո գյուղապետարանի բյուջեից յուրացրել է 6 մլն դրամ, մոտ այդքան էլ հավաքել է գյուղացիներից՝ «Քարվաճառի տղերքի համար սնունդ և այլ պարագաներ հասցնելու» պատրվակով, արդյունքում՝ ոչ նշված գումարները կան, ոչ ինքը: Գյուղացիները, ումից գյուղապետը գումարներ է վերցրել, այժմ փնտրում են նրան, ով, սակայն, որևէ տեղ չի երևում: Գյուղում նաև տեղյակ են, որ գյուղապետ Արման Պետրոսյանը խաղատներ այցելելու հակումներ ունի, և այդ գումարները նա հավաքել է ոչ թե բանակի, այլ խաղատներում վատնելու համար:
Վերջին շրջանում համայնքի ավագանին որոշել է նիստ գումարել՝ առկա անորոշ վիճակից ելքեր գտնելու համար: Լսելով դա՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ շտապ կարգով հանդիպել է Նորակերտ համայնքի ավագանու հետ՝ հորդորելով առայժմ ոչինչ չանել և սպասել: Պապիկյանը նաև նախընտրական խոստումներ է տվել, սակայն գյուղացիները փաստում են, որ Պապիկյանի ընկերոջ գյուղապետության տարիներին գյուղում ոչինչ չի արվել, ճանապարհները՝ քանդուքարափ են, ենթակառուցվածքները՝ քայքայված և այլն: Գյուղացիները փաստում են, որ մինչ իշխանափոխությունը Էջմիածնի շրջանի ամենաարագ զարգացող գյուղերից մեկը համարվող Նորակերտն այժմ այցելուներին է ներկայանում կեղտոտ ու քանդված փողոցներով:
Զանգահարեցինք Արման Պետրոսյանի՝ համայնքապետարանի կայքում տեղադրված հեռախոսահամարով, որն անհասանելի էր: Զանգահարեցինք համայքապետի տեղակալին՝ խնդրելով գյուղապետի հեռախոսահամարը կամ վերջինիս գտնվելու վայրի մասին տեղեկություններ: Վերջինս պատասխանեց, որ չունի գյուղապետի հեռախոսահամարը, ինչը տարօրինակ էր. «Այ ցավդ տանեմ, ինքը հիմա իր դիմումը գրել է, բայց հիմա ինքը չկա, չեմ կարում գտնեմ, չի գալիս գյուղ ուղղակի, նա հրաժարական է գրել, բայց հլը չի հիմնավորվել էլի»: Վերջին անգամ ավագանու նիստ չի կայացել, իսկ դրանից առաջ կայացած նիստին գյուղապետը չի մասնակցել. սա ևս փաստեց համայնքապետի տեղակալը: Ինչո՞վ է պայմանավորված նրա բացակայությունը՝ հարցին, տեղակալը պատասպանեց. «Դե ես իր հետ չեմ զրուցել, տարբեր պատճառաբանություններ կան երևի, հազարից մեկ զանգում կամ չի զանգում էլի, էդպես»:
Գյուղապետի տեղակալից լսեցինք ևս մի տարօրինակ լուր. պարզվեց, որ «գյուղից թռած» գյուղապետը ոչ ավել, ոչ պակաս, հանդիսանում է նաև պատգամավորի թեկնածու և զբաղեցնում է Դավիթ Սանասարյանի գլխավորած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 7-րդ համարը: Այս տեղեկությունն իրականությանը համապատասխանում էր. ԿԸՀ կայքում, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 7-րդ համարը հենց Արման Պետրոսյանն է, որի զբաղեցրած պաշտոնը ԿԸՀ-ում հաստատված է որպես Նորակերտի համայնքապետ: