Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ո՞ւմ է տեսնում Ռուբեն Հակոբյանը Հայաստանի հաջորդ նախագահի պաշտոնում: Yerkir.am-ի այս հարցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հստակ պատասխան չուներ: Ըստ պատգամավորի` այդ հարցը «ամենաթափառող և որևէ պատասխան չպահանջող հարցն է», որովհետև ոչ ոք չգիտի, թե երբ կլինեն նախագահական ընտրությունները, և այդ ժամանակ ինչ քաղաքական քարտեզ կլինի Հայաստանում:
«Անկեղծ ասած` որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ ավարտ կունենան այսօրվա քաղաքական գործընթացները: Չեմ էլ կարծում, թե որևէ մեկն արդեն սցենար կունենա, թե ինչպես է պատկերացնում քաղաքական գործընթացների հետագա ընթացքը: Այնպես որ` կարծում եմ` անիմաստ պատասխան կտրվի, եթե որևէ մեկը պատասխանի այդ հարցին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր թեկնածուն, իսկ «Ժառանգության» թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է:
Հարցին` հավատո՞ւմ է, որ ԲՀԿ-ն դուրս կգա իշխանության, ավելի հստակ` Սերժ Սարգսյանի դեմ, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Կոռեկտ չէ գնահատական տալ գործընկեր կուսակցությունների պահվածքին: Բայց շատ ժամանակ չի մնացել, 24-ին անպայման միասնական օրակարգով հանդես կգանք, և քանի որ բոլորն են ասել, որ գնում են իշխանափոխության, ուրեմն պետք է հստակեցնել այն ճանապարհային քարտեզը, որով հասնելու ենք արդյունքի: Պետք չէ տրվել ընդհանուր լոզունգների, այլ պետք է հասկանալ` ինչպես անել, որ հասնել ռեալ արդյունքի: Եվ եթե այս ընթացքում այս շարժումը պարտվեց, ոչ ոքի չենք մեղադրելու` ո'չ հասարակությանը, ո'չ իշխանությանը, ուրեմն` մեղավոր են հարթակի վրա կանգնած մարդիկ, ովքեր իրենց մոտեցումներում խոսել են իշխանափոխության մասին»: