Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՅՈՒՆԻՍԵՖ-ն անհապաղ գործողությունների կոչ է անում՝ թվային անջրպետը վերացնելու, հեռավար ուսուցումը յուրաքանչյուր երեխայի համար հասանելի դարձնելու և ամենակարևորը՝ դպրոցներն անվտանգ վերաբացելու համար։
Դպրոցների վերաբացմանն ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նոր զեկույց է հրապարակել, որում հստակ երևում է հեռավար կրթության հասանելիության անհամաչափությունը: Առցանց կրթվելու հնարավորությունն անհասանելի է եղել աշխարհի երեխաների մեկ երրորդի համար:
«Առնվազն 463 միլիոն երեխայի համար հեռավար ուսուցում հասկացողությունը գոյություն չի ունեցել, երբ կորոնավիրուսի պատճառով դպրոցները փակվեցին»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Երեխաների այսքան մեծ թվի կողմից ամիսներ շարունակ կրթության չստանալը համաշխարհային կրթական ճգնաժամ է։ Դրա հետևանքները կարող են իրենց զգացնել տալ տնտեսության մեջ և հասարակության շրջանում գալիք տասնամյակների ընթացքում»։
Ազգային և տեղական արգելափակումների բարձրակետին դպրոցների փակման պատճառով գրեթե 1,5 միլիոն դպրոցականներ են տուժել։ «Հեռավար ուսուցման հասանելիությունը» զեկույցն անդրադառնում է հեռավար ուսուցման թերություններին և ընդգծում ծառայության անհասանելիության մակարդակը։
Զեկույցում օգտագործվել են նախադպրոցական, տարրական և միջին դպրոցի աշակերտներին հեռավար ուսուցման համար տանը անհրաժեշտ տեխնոլոգիաների և գործիքների առկայության վերաբերյալ համաշխարհային վերլուծական տվյալներ 100 երկրներից։ Ներառված են տվյալներ հեռուստատեսության, ռադիոյի, համացանցի հասանելիության, ինչպես նաև դպրոցների փակման ընթացքում այս հարթակների համար մշակված համապատասխան կրթական ծրագրերի առկայության վերաբերյալ։
Չնայած զեկույցում առկա արդեն իսկ մտահոգիչ տվյալներին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ պատկերը կարող է ավելի վատը լինել: Անգամ, տանը համապատասխան տեխնոլոգիաների և գործիքների առկայությունը չի կարող երաշխավորել, որ երեխան հնարավորություն ունի այդ հարթակների միջոցով հեռավար կրթվելու: Տանը կարող են գոյություն ունենալ այլ գործոնները՝ երբ երեխան պարտադրված է տնային գործեր անել, ստիպված է աշխատել, առցանց և հեռարձակվող դասերի պահին բացակայում են սովորելու համար բարենպաստ պայմանները:
Զեկույցը ներկայացնում է տարածաշրջանների միջև առկա նշանակալի անհավասարությունը։ Սահարյի հատվածի աֆրիկայան երկրներում աշակերտներն ամենաշատն են տուժել․ այստեղ աշակերտների կեսին հնարավոր չի եղել ներգրավել հեռավար ուսուցում գործընթացում:
Տարածաշրջան | Դպրոցականների նվազագույն մասնաբաժինը, որոնց հասանելի չէ հեռավար ուսուցումը (%) | Դպրոցականների նվազագույն թիվը, որոնց հասանելի չէ հեռավար ուսուցումը |
Արևելյան և Հարավային Աֆրիկա | 49% | 67 մլն |
Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկա | 48% | 54 մլն |
Արևելյան Ասիա և Խաղաղօվկիանոսյան երկրներ | 20% | 80 մլն |
Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա | 40% | 37 մլն |
Հարավային Ասիա | 38% | 147 մլն |
Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա | 34% | 25 մլն |
Լատինական Ամերիկա և Կարիբյան ծոցի երկրներ | 9% | 13 մլն |
Ընդամենը | 31% | 463 մլն |
Զեկույցը նաև ներառում է հասանելիության վերաբերյալ տվյլաներ ըստ տարիքային խմբերի․ կրթության և զարգացման համար կարևորագույն այս տարիներին հեռավար ուսուցումը հասանելի չի եղել ամենակրտսերներին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին կոչ է անում՝ արգելափակումները թուլացնելու դեպքում առաջնահերթություն տալ դպրոցների անվնտանգ վերաբացմանը։ Անհնրինության դեպքում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է կրթության շարունակականության և վերաբացման ծրագրերում կիրառել «փոխհատուցման մեխանիզմներ»՝ բաց թողած դասերը լրացնելու նպատակով։ Դպրոցների վերաբացման գործողությունների ծրագրերում և գործելակերպում պետք է ներառել կրթության հասանելիության ընդլայնում, այդ թվում՝ հեռավար ուսուցում հատկապես խոցելի խմբերի համար։ Կրթական համակարգերը ևս պետք է հարմարեցվեն և մշակվեն այնպես, որ դիմակայեն ապագա ճգնաժամերին։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի դպրոցների վերաբացմանն ուղղված հայեցակարգը, որ թողարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՊՀԿ-ի և Համաշխարհային բանկի հետ համատեղ, ազգային և տեղական իշխանություններին ուղղված գործնական առաջարկություններ է պարունակում։ Ուղեցույցի առանցքում են քաղաքականության բարեփոխումները, ֆինանսավորումը, դպրոցների անվտանգ վերաբացումը, բաց թողած ուսուցման լրացումը, երեխաների բարեկեցությունն ու պաշտպանությունը, խոցելի խմբերի երեխաներին հասնելը։