կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-23 12:49
Հասարակություն

Քաղքենիության «զոհերը». ո՞նց կլինի` Բախ լսենք, հետո «Վերվերի» պարե՞նք

Քաղքենիության «զոհերը». ո՞նց կլինի` Բախ լսենք, հետո «Վերվերի» պարե՞նք

Այս պահին պիլոտային ծրագրով Հայաստանի 13 դպրոցներում դասավանդվում է «Ազգային երգ ու պար» առարկան:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կարին» ազգագրական երգ ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը նշեց, որ դպրոցներում արդեն դասավանդվում է առարկան, և դասերից հետո ամեն օր ուսուցիչները 4 ժամ գնում են վերապատրաստման ու սովորում ոչ միայն պարի քայլերը, այլեւ պարի խորհուրդը, փիլիսոփայությունը:

 

«Մինչ ծրագրի իրականացումը սկսելը շրջել ենք մայրաքաղաքի 30 դպրոցներում, ծանոթացել պայմաններին, զրուցել ուսուցիչների հետ: Հիմնականում ուրախությամբ էին ընդունում լուրը. 2 դպրոց ինքնակամ են որոշել մասնակցել ծրագրին` իրենց միջոցներով: Մի քանի քաղքենիության դեպքեր էլ են գրանցվել, օրինակ` դպրոցներից մեկում ուսուցչուհին ասաց, թե` ո՞նց կլինի` Բախ լսենք, հետո «Վերվերի» պարե՞նք… Իրականում առարկան ոչ թե երեխային պետք է կաղապարի ազգային երգ ու պարի մեջ, այլ լինի միջոց` համաշխարհային, համամարդկային մշակույթ դուրս գալու»,- ասաց Գինոսյանը:

 

Ի դեպ, առաջին տարում երեխաները կսովորեն 8 ծիսական պար և 8 երգ:

 

ՀՀ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ ծրագիրը պարտադիր մտնելու է դպրոց, քանի որ արդեն կա նախարարի հրամանը, և որևէ տնօրեն կամ ուսուցիչ չպետք է որոշի` ծրագիրն իրենց դպրոցներում ներառվելո՞ւ է, թե՞ ոչ:

 

«Ծրագիրը կամընտրական բնույթ չի կարող կրել, նախարարի հրամանը կա: Ավելին` կարծում եմ, որ բոլոր դպրոցներից պետք է ֆիզկուլտուրայի դասաժամերից մեկական ժամ վերցնել և հատկացնել այս առարկային, մեկ է` ֆիզկուլտուրա չեն էլ անում»,- ասաց տիկին Բախշյանը` հիշեցնելով, որ Արցախյան պատերազմի տարիների մասին խոսելիս նախ կրակոցներն ենք հիշում, թափված արյունը, հետո` հերոսների պարը…