կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-19 17:52
Իրավական

Զոհված ազատամարտիկի ընտանիքն անտուն է մնացել BTA բանկի «ճարպկության» հետեւանքով

Զոհված ազատամարտիկի ընտանիքն անտուն է մնացել BTA բանկի «ճարպկության» հետեւանքով

Ձայնալարերի հետ կապված լուրջ խնդիրներ ունեցող Զվարթ Մնացյանը դժվարությամբ պատմում է, թե ինչպես վիրահատության համար շտապ պահանջվող 450 հազար դրամը հայթայթելու համար 2009 թվականին դարձել է խաբեության զոհ, զրկվել բնակարանից: Զոհված ազատամարտիկի կնոջն ու երեխաներին գրեթե ամեն օր զանգում ու հորդորում են` բնակարանն ազատել:

 

«Հիվանդ էի, շատ ծանր հիվանդ: 2008 թվի փետրվարի 12-ն էր: Գումար էր պետք, որ վիրահատվեի, գումարս պակասում էր: Հեռուստացույցով ներքին տողերի վրա կարդացի, որ գրավատուն կա` «Ա. Բաղրամյան» ՍՊԸ-ի գրավատունը, անշարժ գույք դնես, գումար կարող ես վերցնել: Մոտեցանք գրավատուն` տան սեփականության վկայականով, ոսկի չունեինք»,- Yerkir.am-ի հետ զրույցում պատմում  է կինը:

 

Այդ օրը նրանց փաստաթղթերը վերցնում են, կանչում հաջորդ օրը` մեկ այլ վայրում հանդիպման: Եվ հենց այդ ժամանակ էլ, շտապեցնելով, շփոթեցնելով, ստորագրել են տալիս փաստաթղթեր, որոնց իսկության մասին կինն իմանում է ամիսներ անց. «Մասսան շատ-շատ էր, մեզի մտցրեց մի սենյակի մեջ, 15-20 հոգի մարդ կար, ասեց` էս-էս թղթերը ստորագրեք, վաղը կամ էսօր երեկոյան եկեք, ձեր գումարը ստացեք: Բայց ես ո'չ նոտար եմ տեսել, ո'չ էլ: Չի ասել, որ նոտար է, ասել  է` ոնց որ իր ՍՊԸ-ի մասնաճյուղն է»:

 

Կինը պատմում է, որ իրականում համապատասխան գումարն էլ չի ստացել, դրա մոտ կեսն է ստացել, այն էլ մաս-մաս` 20-30 հազար դրամներով: Եվ նույնիսկ վերադարձել է ստացած գումարը գրավատան տնօրեն` Արսեն Բաղրամյանին: Իսկ ահա իր բնակարանի սեփականության վկայականն այդպես էլ հետ չի ստացել:

 

Իրականում Արսեն Բաղրամյանի տնօրինած գրավատունը գործել է առանց համապատասխան լիցենզիայի, և դրա գործունեությունից տուժել է մոտ 40 մարդ: Իսկ Զվարթ Մնացյանն իրականում ոչ թե գրավադրել է իր բնակարանը, այլ իր անշարժ գույքով երաշխավոր է կանգնել` Արսեն Բաղրամյանի վարկային պարտականությունները կատարելու համար: Վերջինս «BTA Ինվեստբանկ»-ում ունեցել է 665.449 դոլարի և 25.348.171 դրամի վարկային պարտավորություն:

 

Արսեն Բաղրամյանը ներկայումս կատարած հանցագործության համար ազատազրկված է: 2009 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատարանը հաստատված էր համարել այն հանգամանքը, որ տուժողները խարդախության զոհ են դարձել, և որ նրանց բնակարանները «BTA Ինվեստբանկ»-ում գրավադրվել են խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Զվարթ Մնացյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը պատմում է, որ վերոնշյալ հանգամանքի հաստատվելուց հետո բանկը պարտավոր էր գույքը վերադարձնել տուժողներին, սակայն դիմել է ճարպկության: Ստեղծվում է «ՍարԿապիտալ» ՍՊԸ, որի հետ «BTA Ինվեստբանկը» կնքում է ցեսիայի` պարտքի իրավունքի զիջման պայմանագիր:

 

«2008-ի դեկտեմբերի 4-ին ստեղծվում է «ՍարԿապիտալը», այսինքն` այն ժամանակ, երբ արդեն իսկ որոշ խնդիրներ էին առաջ եկել, քրեական գործ կար: Եվ ցեսիայի պայմանագրով Արսեն Բաղրամյանի վարկային պարտավորությունների ողջ փաթեթի հանդեպ իրավունքը զիջվում է «Սար Կապիտալին»` բանկի հեղինակությանը չվնասելու համար»,- ասում է փաստաբանը եւ նշում նաև, որ, այսպիսով, նաև «ՍարԿապիտալի» համար բարեխիղճ ձեռքբերողի իմիտացիա են անում, որպեսզի իրականում չկորցնեն քաղաքացիների գրավադրած գույքերը:

 

«Այս դեպքում «ՍարԿապիտալը» կարող է ասել, թե` ես չգիտեմ` Ա. Բաղրամյանն ու «BTA Ինվեստբանկը» ինչ պայմանագրեր են ստորագրել, ես ունեմ այն, որ գույքը ցեսիայի պայմանագրով անցել է ինձ: Բայց իրականում «ՍարԿապիտալը» ֆիկտիվ ընկերություն է, և տնօրենը «BTA Ինվեստբանկի» տնօրեններից մեկն է: Եվ դա իրենց ցուցմունքներում չի հերքել «BTA Ինվեստբանկ»-ի տնօրինությունը»,- ասաց Լուսինե Վիրաբյանը:

 

Այնուհետև «ՍարԿապիտալը» դիմում է դատարան` Արսեն Բաղրամյանից վարկային պարտավորությունների չափով գումար բռնագանձելու պահանջով: Սակայն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի`19.04.2011 թվականի վճռով «Ա. Բաղրամյան» ՍՊԸ-ն ճանաչվում է  սնանկ, և սնանկության  գործով կառավարիչ է նշանակվում Հրանտ Ղամբարյանը:

 

Այնուհետև` երկու ամիս անց, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանըդատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, ընդունում է «ՍարԿապիտալի» միջնորդությունը բավարարող որոշում, որով թույլատրվում է սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանին «Ա. Բաղրամյան» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց «ՍարԿապիտալին» հանձնել արդեն երրորդ անձանց 7 անուն գույքերը (6 բնակարան և մեկ արտադրական տարածք):

 

Եվ այս 7 գույքերը հանձնվում են մոտ 19 միլիոն դրամի պահանջի դիմաց, այնինչ, փաստաբանի խոսքով, դրանցից յուրաքանչյուրը 15-20 միլիոն դրամի արժեք ունի: Եվ ամենակարևորը` գույքի սեփականատերերը չեն մասնակցում դատավարությանը, որի ժամանակ որոշվում էր իրենց գույքի ճակատագիրը:  

 

Փաստաբանը պատմում է, որ այսքանից հետո` 2012-ի նոյեմբերին, «հերթական գլուխգործոց դատական ակտն» է ընդունում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ: Բանն այն է, որ «ՍարԿապիտալը», դիմելով դատարան,  խնդրել էր «Ա. Բաղրամյան» ՍՊԸ-ի խարդախությունից տուժած անձանցից բռնագանձել գումար ՝ նշված պարտավորությունների դիմաց:

 

«Քաղաքացիները, բնականաբար, դիմել են հակընդդեմ հայցով՝ պահանջելով անվավեր ճանաչել բանկի և իրենց միջև կնքված պայմանագրերը, քանի որ արդեն իսկ հաստատվել էր, որ գործարքը խարդախության արդյունքում է կնքվել: Հասկանալով, որ պետք է կիրառվի անվավերության հետևանք, և սեփականատերերը կվերականգնեն իրենց իրավունքները, «ՍարԿապիտալ»-ը դատաքննության փուլում հրաժարվում է հայցից: Իսկ դատավոր Ռ. Ներսիսյանը վճռում է, թե` քանի որ սկզբնական հայցը կարճվում է, պետք է կարճվի նաև հակընդդեմ հայցը: Բնականաբար, ինչպես այս, այնպես էլ սույն գործով այլ վճիռներ և որոշումներ, մեղմ ասած, անօրինական և անհիմն են»,- ասաց Լ. Վիրաբյանը:

 

Նա հայտնեց, որ նախորդ տարվա օգոստոսին այս գործով իր երեք վստահորդների` Զվարթ Մնացյանի, Արշավիր Սամուելյանի և Համբարձում Դավթյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, որը, սակայն, կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառով: Փաստաբանը նշում է, որ քրեական գործը հարուցված է եղել խարդախություն կատարելու մասով, այնինչ` պետք է լիներ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու կամ իրացնելու մասով:

 

Գործը կարճելու այս որոշումը բողոքարկվել է դատախազությանը, և դեռևս դատախազությունն իր գնահատականը չի տվել:

 

Ա.Կ.