կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-19 15:00
Քաղաքական

Դաշնակցության առաջարկն ավելի տրամաբանական էր ու ամբողջական

Դաշնակցության առաջարկն ավելի տրամաբանական էր ու ամբողջական

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Դաշնակցության դիրքորոշմանը, նշեց, որ ներկայիս համակարգը մեր երկրին որևէ լավ տեղ չի հասցրել, որ ներկայիս համակարգում գործող հարաբերությունները մի կուսակցության կառավարում են նշանակում, անձակենտրոն իշխանություն, և երբ մեկ կուսակցությունը տիրապետում է բոլոր լծակներին, սկսում է նույնանալ պետության հետ, այդժամ նման համակարգից սպասելիքներ հնարավոր չէ ունենալ:

 

Պատգամավորի համոզմամբ` անհրաժեշտ է համակարգը քանդել և այնպիսի համակարգ ստեղծել, որտեղ կլինեն հավասարակշռման և զսպման մեխանիզմներ, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունը կդառնան մեկ միասնական համակարգի մաս, և կբացառվի իշխանության անընդհատ վերարտադրման մեխանիզմը: 23 տարվա փորձը ցույց է տալիս, որ ընտրություններով հնարավոր չէ իշխանափոխություն, ուստի պահել այդ համակարգը, ըստ Վարդանյանի, նշանակում է նպաստել իշխանության վերարտադրմանը:

 

Խոսելով քառյակի մյուս գործընկերների փաստարկների մասին, մասնավորապես, որ իշխանությունները մի քանի ամիս առաջ դեմ էին խորհրդարանական փոփոխություններին, իսկ հիմա փոխել են դիրքորոշումը, Աղվան Վարդանյանը նշեց. «Նախ` ես այսօր էլ վստահ չեմ, որ իշխանությունները իսկապես կողմ են խորհրդարանական համակարգին, դա միայն առաջիկայում կերևա, և հետո քաղաքական գործի մեջ պետք է տրամաբանություն լինի: 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» իրենց ծրագրային դրույթներում գրում էին, որ անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ: «Ժառանգությունը» ընդգծում էր խորհրդարանական համակարգի անհրաժեշտությունը, իսկ ԲՀԿ-ն 2012թ. աշնանը հայտարարեց, որ կողմ է սահմանադրական փոփոխություններին և խորհրդարանական կառավարման համակարգին: Ի՞նչ եք կարծում` մենք այդ ժամանակ պետք է ասեինք` վայ, ինչպե՞ս է, որ դուք հանգեցիք մեր կարծիքին, ուրեմն` մի վատ բան եք մտածում... Հակառակը` շատ լավ է, երբ մեկ այլ քաղաքական ուժ իր դիրքորոշումներով մոտենում է մեր դիրքորոշմանը: Կրկնում եմ` ես վստահ չեմ, որ իշխանություններն իսկապես գնալու են խորհրդարանական համակարգին: Այնուամենայնիվ, եթե իշխանությունները հայտարարում են, որ քննարկելի է խնդիրը, մենք պետք է ասենք` վայ, ղալաթ եք անում, դուք իրավունք չունեք նման բան ասելո՞ւ»:

 

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Դաշնակցության առաջարկությունը շատ ավելի տրամաբանական էր և ամբողջական: Ըստ այդմ` Դաշնակցությունն առաջարկել էր այն ուժերին, որոնք կողմնակից են համակարգային փոփոխությանը` ԲՀԿ-ին ու «Ժառանգությանը», իսկ ՀԱԿ-ը կտրուկ դեմ է, անել հետևյալ քայլը` համատեղ մշակել առաջարկությունների այն փաթեթը, որը կստիպեր ապակենտրոնացնել իշխանությունը, փոխել ընտրական համակարգը, սահմանափակել իշխանությունների` վերարտադրվելու ցանկությունը: «Ասել իշխանություններին` մենք կհամաձայնենք սահմանադրական բարեփոխումներին, եթե այս, այս դրույթները ներառվեն ու ընդունվեն: Այդ պարագայում շատ ուժեղ կլիներ մեր բոլորի դիրքորոշումը, և շատ ավելի դժվար կլիներ իշխանությանը հրաժարվելը այդ կետերը իրագործելուց: Ցավոք, այդ համաձայնությունը մենք չկարողացանք ունենալ»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ քառյակը շարունակելու է գործել այն հարցերում, որտեղ համաձայնություն կլինի: