|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Սեպտեմբերի 4-5-ը Ուելսում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման վերաբերյալ դիրքորոշման մեջ առաջին անգամ տեղ գտան ձևակերպումներ, որոնք էականորեն տարբերվում էին Դաշինքի` նախորդ նման փաստաթղթերում արձանագրվածներից:
Եթե նախորդ եզրափակիչ հայտարարություններում Հուսիսատլանտյան դաշինքն ընդգծում էր միայն հարավկովկասյան երեք պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու կեցվածքը` կատարելապես անտեսելով ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի մյուս առանցքային` ազգերի ինքնորոշման սկզբունքը, ապա Ուելսում ստորագրված փաստաթղթում այս կապակցությամբ արվել է կարևոր կոնկրետացում:
Վերոնշյալ մտքի ձևակերպումից հետո, մասնավորապես, նշվում է. «Այս համատեքստում մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հիմնվելով հիշյալ սկզբունքների, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա»: Այս լրացումն էական է հատկապես ԼՂ հիմնահարցի կարգավորման համատեքստում, ոչ միայն այն առումով, որ խոսում է Դաշինքի կողմից հակամարտության նկատմամբ ավելի հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու մասին, այլ նաև այն պատճառով, որ փաստացի արձանագրում է հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից չհանելու անհրաժեշտությունը, ինչն ինքնին հարված է խնդիրն այդ ձևաչափից հանելու, միջազգային այլ հարթակներ տեղափոխելու` թուրք-ադրբեջանական անթաքույց պլաններին:
Այս իմաստով Ուելսում որոշ իմաստով բեկում է տեղի ունեցել: Այն արժևորվում է հատկապես ուկրաինական ճգնաժամի խորապատկերին, երբ թվում էր, թե Ղրիմի ինքնորոշման հանրաքվեն չճանաչելու, Արևելյան Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի հասցրած անջատողականության պատճառով Դաշինքը պետք է ավելի կոշտ դիրքորոշում արտահայտեր տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանելու հարցում:
Թե ո՞րն էր ՆԱՏՕ-ի դիրքորոշման փոփոխության պատճառը, թողնենք մի կողմ: Էականն այն է, որ, չնայած Ուելսում արձանագրված այս նկատելի տակտիկական հաջողությանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ քննադատեց ՆԱՏՕ-ի եզրափակիչ հայտարարության այդ հատվածը` որակելով այն «ընդհանրացված և ընտրովի մոտեցում», որը վնաս է հասցնում ԼՂ հարցով բանակցային գործընթացին, տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը:
«Դա նպաստում է նրան, որ Ադրբեջանը ավելի և ավելի է կտրվում իրականությունից և իր ռազմատենչ հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ հակառակ է գնում հիմնախնդրի կարգավորման` միջազգային հանրության մոտեցմանը»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:
Նալբանդյանի այս հայտարարությունը հայաստանյան փորձագիտական որոշ շրջանակների մոտ շոկ է առաջացրել` հիմք տալով պնդելու, թե կա'մ արտգործնախարարն է կատարյալ անադեկվատ, կա'մ էլ այն ավելի շատ ուղղված է հայտարարության հիմնական թիրախի կարգավիճակում հայտնված Ռուսաստանի շահերի սպասարկմանը, քանի որ փաստաթղթում խոսվում է առաջին հերթին հենց Ռուսաստանի կողմից մյուս երկրների նկատմամբ հնարավոր ագրեսիան կանխելու անհրաժեշտության մասին:
Իրականում, սակայն, Նալբանդյանի հայտարարությունը` հիմնական շեշտադրումների առումով, ոչ միայն տեղին էր, որքան էլ տարօրինակ թվա, առհասարակ, ՀՀ արտգործնախարարության վերջին շրջանի գործողությունների կամ ավելի ճիշտ անգործության ֆոնին, այլև հիմնավորված: Եվ դա ունի առավել քան պարզ` հենց հայտարարության տեքստից բխող բացատրություն:
Խնդիրն այն է, որ, ըստ էության, ՆԱՏՕ-ն այս հայտարարությամբ ոչ թե խոսում է Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հայտնի սկզբունքների համահավասարության և համարժեքության մասին, այլ ակնհայտորեն ազգերի ինքնորոշման իրավունքը դիտարկում է տարածքային ամբողջականության սկզբունքի համատեքստում կամ ներքո:
Ուշադրություն դարձնենք` հարավկովկասյան երեք երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու մասին սկզբունքային ձևակերպումից հետո հայտարարության մեջ նշվում են «այդ համատեքստում», ապա նաև « հիմնվելով հիշյալ սկզբունքների» բառակապակցությունները, որից հետո միայն խոսվում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա հակամարտությունները կարգավորելու անհրաժեշտության մասին: Եթե ավելի պարզ ձևակերպելու լինենք, ապա ՆԱՏՕ-ն ասում է, որ հակամարտությունների կարգավորումը, հաշվի առնելով ազգերի ինքնորոշման սկզբունքը, դիտարկում է երեք երկրների, այդ թվում` նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում:
Այս իմաստով` երկու ձևակերպումների միջև առկա ակնհայտ տրամաբանական, պատճառահետևանքային կապն անտեսելը, մտքերը միմյանցից կտրելը և համոզելը, թե տարածքային ամբողջականության շեշտադրման մասին միտքը չի արտահայտվում հակամարտությունների կարգավորման շրջանակում, պարզ մանիպուլյատիվ աճպարարություն է: Որ Դաշինքն իսկապես հակամարտությունների կարգավորման հարցում, գոնե այս պահին, նախապատվությունը տալիս է պետությունների տարածքային ամբողջականությանը, հաստատվում է Շոտլանդիայի` առաջիկա անկախության հանրաքվեի կապակցությամբ ունեցած` Դաշինքի վերաբերմունքից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն օրերս նշել է, թե ՆԱՏՕ-ի անդամ որոշ առաջնորդներ գագաթաժողովի ընթացքում իրենց անհանգստությունն են արտահայտել Շոտլանդիայի անկախանալու հեռանկարի կապակցությամբ:
Ինչևէ, Նալբանդյանի հայտարարության տողատակում «ռուսական հետք» գտնելը` գոնե արտաքուստ, կարծես թե հիմնավորված չի թվում, որովհետև Նալբանդյանն իր դժգոհությունն արտահայտել է փաստացի ոչ թե ընդհանուր հայտարարությունից, այլ միայն դրա այն հատվածից, որը վերաբերում է ԼՂ հակամարտությանը, թեև, հաշվի առնելով այս կառույցի վերջին տարիների աշխատաոճը, ոչինչ բացառել չի կարելի: Այլ խնդիր է, որ շեշտադրումներն անելով ընտրողական վերաբերմունքի վրա` արտգործնախարարը չի ուզում նկատել կամ ավելի ճիշտ բարձրաձայնել նաև ՆԱՏՕ-ի դիրքորոշման մեջ տեղի ունեցած թեև թույլ, բայց կարևոր փոփոխությունը, որը դիվանագիտական դաշտում աշխատելու և Դաշինքն ավելի կառուցողական հարթություն տեղափոխելու շանս է տալիս:
Նալբանդյանին կարելի է քննադատել սրա համար, այն բանի համար, որ չեն կարողացել հասնել փաստաթղթի նախագծում ազգերի ինքնորոշումը տարածքային ամբողջականության հետ որպես լիարժեք համահավասար սկզբունքներ ճանաչելուն, բայց ոչ այն բանի համար, որ այդ գնահատականներով նա փաստացի ՆԱՏՕ-ից ավելի հավասարակշռված մոտեցում է ակնկալում: Մնում է հավատալ, որ Նալբանդյանի դժգոհությունը բխում է Ուելսում արձանագրված փոքրիկ դիրքային հաջողությունը զարգացնելու ցանկությունից:
Գևորգ Դարբինյան