կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-30 13:00
Տարածաշրջան

Երազի միջոցով հայտնաբերված Մարիամ Աստվածածնի սուրբ տունը

Երազի միջոցով հայտնաբերված Մարիամ Աստվածածնի սուրբ տունը

Իզմիրում (Զմյուռնիա-Ակունքի խմբ) գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածնի տունը, որը հայտնաբերվել է Գերմանիայում ապրող մի գյուղացի կնոջ տեսած երազի միջոցով,  սրբացվել է քրիստոնեության կենտրոնի՝ Վատիկանի կողմից։ Այն ներկայում համարվում է քրիստոնեական աշխարհի ուխտատեղի։

Սուրբ Մարիամ Աստվածածնի տունը, որը գտնվում է Իզմիրի շրջանի Սելչուք գավառի Բյուլբյուլ լեռան վրա, 123 տարի է՝ դարձել է քրիստոնեական աշխարհի սիրտը։ Սելչուքից 7 կմ հեռավորության վրա գտնվող տան հայտնաբերման պատմությունը ևս շատ հետաքրքիր է։  Մենք ուսումնասիրել ենք գյուղացի կնոջ երազի միջոցով հայտնաբերված Սուրբ Աստվածածնի տան պատմությունը։ Ահա այն․

Հիսուս Քրիստոսը Երուսաղեմում խաչվեց հռոմեացիների կողմից։ Այդ ժամանակ 33 տարեկան Հիսուս Քրիստոսը վերջին շունչը տալուց առաջ մորը՝ Մարիամին, հանձնել է մոտ ընկերոջը՝ Սուրբ Հովհաննեսին։ Վերջինս կարծում է, թե Հիսուս Քրիստոսի նման՝ Մարիամին էլ կարող են սպանել, վերցնում է Մարիամին և հեռանում Երուսաղեմից։ Նրանք գալիս են այդ ժամանակ հայտնի քաղաքներից մեկը՝ Եփեսոս, ակայն դա էլ հռոմեացիների իշխանության տակ եղած քաղաք էր։ Այդ պատճառով Սուրբ Հովհաննեսը Բյուլբյուլ լեռան հետևի լանջին ընկած անտառն է հասնում և Մարիամի համար մի տուն կառուցում։ Մարիամին էլ պահում է այդ տանը։ Ավանդազրույցի համաձայն՝ Սուրբ Հովհաննեսն Աստվածաշունչը գրել է այդտեղ։ Նրա գերեզմանն էլ Սելչուքում գտնվող Սուրբ Հովհաննես բազիլիկայի ներսում է։ Ասում են, որ այդ ապահով շրջանում Սուրբ Մարիամը ապրում է մինչև 101 տարեկան, իսկ գերեզմանը գտնվում է Փանայըր լեռան հյուսիս-արևելքում։

Երազներից կազմված գիրքը

Եփեսոսում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածնի տունը հայտնաբերվել է մի գյուղացի կնոջ երազով։ Գերմանիայում բնակվող այդ գյուղացի կինը՝ Աննա Կատարինա Էմերիքը (1774-1824), երբեք Եփեսոս չի գնացել։

Չնայած դրան՝ իր երազներում տեսել է, որ Սուրբ Մարիամ Աստվածածնի տունը գտնվում է Եփեսոս քաղաքի հետևում բարձրացող լեռան վրա և ասում է, որ տեսել է թե Եփեսոսը, թե ծովը, թե պաղ աղբյուրի ջուրը։ Անկողնային հիվանդ Էմերիքի երազները նույն ձևով շարունակվում են։ Էմերիքի այդ պատմությունը գերմանացի բանաստեղծ Քլեմենս Բրենտանոի ուշադրությունն է գրավում։ Բանաստեղծը Էմերիքի ապրած բնակավայրին մոտ մի շրջան է տեղափոխվում և գրառում Էմերիքի պատմածները։ Նրա մահից հետո երազները հավաքում է մի գրքում և ուղղություն տալիս պատմությանը։ Քլեմենտ Բրենտանոյի կողմից գրված «Սուրբ Մարիամի կյանքը» վերնագրով գիրքը տպագրվում է և մեծ ուշադրության արժանանում քրիստոնյա աշխարհի կողմից։  Գիրքն այնպիսի հնչեղություն է ստանում, որ քրիստոնեության կենտրոն Վատիկանն այդ գրքի հիման վրա 1881 թ․ քայլեր է ձեռնարկում Սուրբ Մարիամ Աստվածածնի տունը գտնելու համար։  1891 թ․ Իզմիրի ֆրանսիական քոլեջի տնօրեն՝ եբրայերենի մասնագետ, հրեական ավանդույթներից քաջատեղյակ հոգևորական Յուջին Փուլինը ցանկանում է շրջագայություն կազմակերպել Եփեսոսում, սակայն ինքը չի կարողանում գնալ, փոխարենը՝ երկու քահանայի և երկու կաթոլիկի է հանձնառում գործը։

Ջուր որոնելիս են գտել 

Փուլինի հրահանգով 1891 թ․ հուլիսի 27-ին նրանք ճամփա են ընկնում։ Եփեսոս եկած այդ մարդիկ օգնություն են խնդրում շրջանը լավ իմացող մի երիտասարդից, սակայն հայ կաթոլիկ մի հոգևորական պնդում է, որ Դեյիրմենդերեում ինչ-որ բաներ է տեսել և Սելչուքի փոխարեն շրջում են Չամլըքի տարածքում։ Ավելի ուշ Դեյիրմնեդերում էլ նրանք արդյունքի չեն հասնում։ Գիշերում են Քուշ կղզում, իսկ հաջորդ օրը կողմնացույցով շարունակում են ուսումնասիրությունը։

Գիրքը որպես ուղեցույց օգտագործած որոնողները հասնում են մի փոքր յայլայի, որտեղ ծխախոտ էր աճեցվում։ Դաշտում աշխատող կանանցից ջուր են ուզում, որին ի պատասխան կանայք ասում են․ «Ջուր չի մնացել, սակայն գնացեք վանք, այնտեղ ջուր կգտնեք» և բավականին ավերված մի տուն են ցույց տալիս։ Ահա ավերակի վերածված տունը, տան հետևի լեռը, դիմացն էլ ծովը։ Դա հենց Կատարինա Էմերիքի կողմից Մարիամի տան համար արված նկարագրությունն էր ․․․ Այսպիսով նրանք Իզմիր են վերադառնում և ուրախանում, որ գտել են Սուրբ Մարիամի տունը։

Վատիկանը Սուրբ Մարիամ Աստվածածնի տունը հռչակել է ուխտավայր, որտեղ առաջին պատարագն ու այցելությունը կատարվել է 1896 թ․ 600 մարդու մասնակցությամբ։ 1951 թ․՝ վերանորոգման աշխատանքերի սկսվելուց հետո, այդ այցելությունները պարբերաբար կրկնվում են։ Ամեն տարի առաջին այցելությունը տեղի է ունենում մայիսի վերջին կիրակի օրը, իսկ երկրորդը՝ օգոստոսի 15-ին, իսկ ժամը 10․30-ին պատարագ է մատուցվում։

Սուրբ Մարիամի տան ուղեցույցը
  Մարիամ Աստվածածնի տուն տանող արահետի երկու կողմերում գտնվող ձիթապտղի ծառերը տնկել են լազարիստ հոգևորականները 1898 թ․։
1891 թ․ ի վեր այն հատվածը, որը կոչվում է «Մարիամի սենյակ», համապատասխանում է Էմերիքի տեսիլքներում բազմիցս հանդիպած տան և սենյակի նկարագրությանը։
Սուրբ Մարիամ Աստվածածնի սենյակի մուտքից աջ գտնվող պատին կա Մարիամի դեմքը պատկերող նրբագեղ նկար, որը ռուսական ծագում ունեցող ֆրանսիացի նկարիչ Ղատիսլաս Լուկինի գործն է։ Նա դա նկարել է 1978 թ․, երբ այցելել է Սուրբ Աստվածածնի տուն։

Սուրբ Աստվածածնի տանը գտնվում է նաև Ղուրանի՝ Մարիամի մասին պատմող սուրահը և այաթները։ Դրանք 1985-86 թթ․ այնտեղ են դրվել Իզմիրի նահանգապետի ցանկությամբ՝ հիշեցնելու համար, որ մուսուլաններն էլ են փառաբանում ու հարգում Սուրբ Մարիամին։
Սուրբ Մարիամ Աստվածածնի տուն այցելությունն ավարտվում է երեք աղբյուրներով, որոնք կարելի է տեսնել եկեղեցու ելքի աջ կողմի աստիճաններով իջնելիս։ Աղբյուրներից եկեղեցու կողքի ջրհորներից հոսող ջուրը խմելու է։  Այցելուները հավատում են, որ այդ ջուրը բուժիչ է, և ոչ միայն խմում են ջրից, այլև՝ տանում իրենց հետ։
Սուրբ Մարիամ Աստվածածնի տուն մեկ տարվա մեջ մոտ 1 մլն 500 հազար մարդ է այցելում։

Մեհմեթ Քավաս

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net