կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-16 13:59
Հասարակություն

Դատախազությունն ու արդարադատության նախարարությունը` «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված կենտրոնական մարմին

Դատախազությունն ու արդարադատության նախարարությունը` «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված կենտրոնական մարմին

Կառավարությունը վաղը կընդունի որոշում, որով «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված կենտրոնական մարմին կնշանակվեն ՀՀ գլխավոր դատախազությունը՝ մինչդատական վարույթում գտնվող գործերով, և արդարադատության նախարարությանը՝ դատական վարույթի ընթացքում և օրինական ուժի մեջ մտած դատավճիռների կատարմանն առնչվող գործերով:

 

Միջազգային փորձի ուսումնասիրությունը, նշվում է որոշման նախագծում, ցույց է տալիս, որ իրավական օգնության շրջանակներում Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետություններից շատերում նույնպես կենտրոնական մարմին են հանդիսանում այդ պետությունների արդարադատության նախարարությունները։ Նախագծի ընդունմամբ կառավարությունն ակնկալում է կատարել Կոնվենցիայով նախատեսված կենտրոնական մարմնի նշանակումը, որը հնարավորություն կտա պատշաճ կերպով իրականացնել միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

 

Հայաստանը «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացրել է 2006թ. հոկտեմբերի 23-ին, որը գործողության մեջ է դրվել 2006թ. նոյեմբերի 25-ից։ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր պայմանավորվող պետություն նշանակում է կենտրոնական մարմին, որը ստանձնում է մյուս պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից ուղարկված իրավական օգնության հարցումները ստանալու և դրանք կատարելու իրավասություն ունեցող մարմնին փոխանցելու պարտականությունը։ Իսկ Հայաստանում, համապատասխան օրենքով սահմանված կարգով, այդպիսի մարմիններ հենց այս գերատեսչություններն են: