կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-03 17:13
Իրավական

Կառավարության` բուլկի ուտող «աշխատակցին» Դավիթ Սարգսյա՞նն էր «քցել»

Կառավարության` բուլկի ուտող «աշխատակցին» Դավիթ Սարգսյա՞նն էր «քցել»

Արցախյան ազատամարտի մասնակից` «Ճուտ» մականունով, Իտալիայում 2000 աշխատակից ունեցող ընկերության սեփականատեր ներկայացած Արտյոմ Առուստամյանը նույն ինքը` Արթուր Սարգսյանն է, ով ներկայումս ամբաստանյալի աթոռին է` խարդախությամբ առանձնապես խոշոր գումարներ հափշտակելու մեղադրանքով:

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տված ցուցմունքում տուժող Արթուր Մանուչարյանը պատմեց, որ ամբաստանյալն իրեն ասել է, թե Իտալիայի գործարանները վաճառել է 30 միլիոն եվրոյով, որից 10 միլիոն եվրոն Դավիթ Սարգսյանի միջոցով ներդրել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության մեջ:

 

«Ես իրեն հարցրեցի, որ` եթե 30 միլիոն եվրո ունես, ինչի՞ ես բուլկի ուտում:  Ասաց, որ բուժման նպատակով եկել է, հետո իրեն համոզել են, պահել էստեղ…»,- պատմեց տուժողը:

 

Իսկ հարցին, թե ամբաստանյալն ու Արտյոմ Առուստամյանն արտաքին ի՞նչ հատկանիշներով են տարաբերվում, Ա. Մանուչարյանը պատասխանեց. «Մորուքը չկա, խուճուճիկները չկան, գլխարկը չի դրել»: Նա հավելեց նաև, որ, իր ենթադրությամբ, ամբաստանյալն իր «իմիջը» փոխել էր, որպեսզի ավելի վաղ իր գործողություններից տուժողներն իրեն չճանաչեն:

 

Տուժող Արթուր Մանուչարյանից ամբաստանյալը 12.5 միլիոն դրամ է վերցրել ու չի վերադարձրել: Մոտ երեք տարի առաջ տուժողը եղել է «…» շինանյութերի խանութի տնօրեն: Արթուր Սարգսյանն ու Գայանե Մաթևոսյանը (փաստացի ամուսիններ են եղել) գնացել են այդ խանութ, ներկայացել որպես «Մետալլես» ՍՊԸ-ի հիմնադիրներ,  առաջարկել են համագործակցություն: Ընդհանուր առմամբ, մոտ 100 միլիոն դրամի ապրանք ենք առել` պայմանագրային հիմունքներով: Իսկ վերջին անգամ էլ 8.5 միլիոն դրամի 20 տոննա ամրան են վերցրել, հայտնել, թե կանխիկ կվճարեն, և պայմանագիր կազմելու կարիք չկա: Սակայն ապրանքը վերցնելուց հետո չեն վճարել գումարը:

 

Սակայն, այնուամենայնիվ, Արթուր Սարգսյանը դեռևս վստահելի է եղել տուժողի համար, քանի որ մինչ այդ 50 միլիոն դրամի պարտք էլ են ունեցած եղել խանութին, որի դիմաց էլ 50 միլիոն արժողությամբ ամրաններ են տվել: Հետագայում պարզվել է, որ այդ ամրանները «Մետալլես»-ը վերցրած է եղել «Վալենսիա» ընկերությունից և մինչ այժմ պարտքեր ունի նրան:

 

Իսկ մի օր էլ Արթուրը տուժողին առաջարկել է միասին Իտալիա գնալ` «փող բերելու»: Նա համաձայնել է: Իսկ ամբաստանյալը այս առիթն էլ է օգտագործել գումարներ վերցնելու համար, մոտ 4 միլիոն դրամ էլ պոկել է` շենգենյան վիզայի և մյուս փաստաթղթերը կարգավորելու համար:

 

Այս ընթացքում եղել են նաև դեպքեր, որ միասին խանութներ են մտել, տուժողն ամբաստանյալի խնդրանքով որոշակի ապրանքներ է գնել, տվել նրան: Եվ, իհարկե, այդ գումարները նույնպես անվերադարձ են մնացել: Ներկայումս պարտքը 12.5 միլիոն դրամ է:

 

Հարցին, թե ինչո՞ւ էր շարունակել գումարներ վճարել Արթուրին, Արթուր Մանուչարյանը պատասխանեց. «Ասում էր` եթե ներդրումները հասցնես 15 միլիոնի, քեզ ընկերության բաժնետեր կդարձնեմ` 25 տոկոսի բաժնետեր… Փաստորեն, 2.5 միլիոն շահել եմ»: Վերջին արտահայտությունից հետո  նիստին ներկաները ծիծաղեցին:

 

Իսկ հետագայում արդեն երբ տուժողը պահանջել է վերադարձնել պարտքը, Արթուր Սարգսյանն ասել է, թե Դավիթ Սարգսյանն էլ իրեն է «քցել», նա է սնանկացրել «Մետալլես» ընկերությունը, և թե ինքն էլ պիտի պարտքերը վճարի: Ամբաստանյալը նույնիսկ ասել է, թե պարտատերերի ցուցակում Ա. Մանուչարյանի անունն առաջինն է գրված, ու թե այդ ցուցակը Դավիթի առաջ դրված է:

 

Հարցին, թե այդ ցուցակում մոտավորապես քանի՞ հոգու անուն կա, տուժողը պատասխանեց. «Էս 9 հոգին հո չեն: Շատ մեծ ցուցակ է, երևի մի երեսուն անուն կար»:

 

Իսկ հետո արդեն Արթուրը սկսել է պարբերաբար անհետանալ: «Հետո անհետանում էր, գնում էր Ամերիկա, գնում էր հոր թաղմանը, հետո պարզվեց, որ հերը կախել է իրեն»,- պատմեց Մանուչարյանը, եւ մի օր էլ Մանուչարյանը իրական Արթուր Սարգսյանին տեսնում է «Արմենիա» հեռուստատեսությամբ` ոստիկանության հաղորդման ժամանակ:

 

Արթուր Մանուչարյանը խանութում աշխատանքը կորցրել է` պարտքերի պատճառով: Իսկ Արթուրի պարտքերը ստիպված է եղել վճարել սեփական գումարից` խանութը «պակասորդով չհանձնելու համար»: Տունը գրավ է դրել և դրա դիմաց ստացած վարկի մի մասը փոխանցել խանութի հաշվին:

 

Այս տուժողը նույնպես նշեց, որ բազմիցս ամբաստանյալին ուղեկցել է կառավարության շենքի մոտ, տեսել է, թե նա ինչպես է ներս մտնում, նույնիսկ շենքից իրեն ձեռքով է արել:

 

Հ.Գ. Հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի: ՀՀ Սահմանադրություն, հոդված 21