Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրից:
Համատեղությամբ Ալեքսանդր Արզումանյանը կատարելու է Դանիայի և Նորվեգիայի Թագավորություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ալեքսանդր Արզումանյանին նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)՝ համատեղության կարգով նրա վրա թողնելով Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարումը»,- ասված է նախագահի հրամանագրում:
Ստորև ներկայացնում ենք Ալեքսանդր Արզումանյանի կենսագրական տվյալները:
1984թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1984-1990 թվականներին աշխատել է Երևան քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական-նախագծային ինստիտուտում, միաժամանակ, 1989-1990 թվականներին՝ ՀՀՇ լրատվական կենտրոնի տնօրեն, 1990-1991 թվականներին՝ ՀՀ ԳԽ նախագահի օգնական, 1991-1992 թվականներին՝ ՀՀ լիազոր ներկայացուցիչ Հյուսիսային Ամերիկայում, 1992-1993 թվականներին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՄՆ-ում, 1992-1996 թվականներին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։
1996-1998 թվականներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար։ 1998 թվականի փետրվարի 4-ին հրաժարական է տվել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ։
Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր-անդամ (2001)։ Արզումանյանը ՄԱԿ-ում ներկայացրել է ԼՂ հիմնահարցի կարգավորման, արցախահայության ինքնորոշման և նրա անվտանգության ապահովման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։ 1996-1998 թվականներին ղեկավարել և համակարգել է ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ պատվիրակությունների աշխատանքները, ԼՂ հիմնահարցի շուրջ տարվող բանակցությունները, ձգտել է գրանցում ապահովել ԼՂ-ի մասնակցությունը, որպես իրավահավասար կողմ։
2014 թվականի դեկտեմբերի 4-ին Արզումանյանը այն յոթ պատգամավորներից մեկն էր, ովքեր դեմ քվեարկեցին Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության պայմանագրին:
Ունի Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան (26 մայիսի, 1992 թ.)։
Հիշեցնենք, որ դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալացման շրջանակում Դանիայում և Շվեդիայում ՀՀ դեսպանատները միավորվել են: