կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 12:49
Իրավական

Կարեն Անդրեասյանը Գորիսի դեպքերի առումով չի կարող ոչինչ անել

Կարեն Անդրեասյանը Գորիսի դեպքերի առումով չի կարող ոչինչ անել

Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին` ի՞նչ անելիքներ կան Սյունիքի մարզում, եթե այն պարբերաբար հայտնվում է աղմկոտ հանցագործությունների կենտրոնում, իսկ գորիսեցիները վախեցած են, և ականատեսները հետ են կանգնում իրենց տված տեղեկություններից, Կարեն Անդրեասյանը նախ կարծիք հայտնեց, որ լատենտային հանցագործությունները հայ հասարակության չարիքն են, որովհետև մնում են թաքնված վիճակում: ՄԻՊ-ի խոսքով` նույն իրավիճակը կարելի է տեսնել կալանավայրերում:

 

«Այդ ամենի դեմ պայքարելու այլ եղանակ ես չգիտեմ այս պահին: Ոչ մի լիազորություն և հնարավորություն չունեմ այս պահին գնալու ու ստուգելու, թե արդյո՞ք մարդը վախից է հրաժարվում իր տված տեղեկությունից կամ ցուցմունքից, թե՞ իսկապես դա կեղծ տեղեկատվություն է, որ տարածվել է»,- ասաց Կարեն Անդրեասյանը`հավելելով, որ օմբուդսմենը չի կարող մարդկային եզրակացություն հայտնել` կա դեպք, կա մարդ, ուրեմն` կա միջամտություն:

 

Եթե մարդը հրաժարվում է բողոքից, ուրեմն ՄԻՊ-ը ստիպված է համակերպվել իրավական փաստերի հետ, հակառակ դեպքում, Կարեն Անդրեասյանի խոսքով, ինքը կմիանա շահարկումներին ու սպեկուլյացիաներին, ինչն անթույլատրելի է: Բայց թե' ընտրությունների ժամանակ, թե' այլ խնդիրներում կարող է տեղի ունենալ մի բան, որի ապացույցները այդպես էլ չբացահայտվեն:

 

«Իսկ իրավապահ մարմինները, ձեռքերը շփելով, կարող են ասել` տեսա՞ք, չկարողացաք ապացուցել: Ուրեմն պետք է այնպես աշխատել, որ մարդիկ վստահեն ու չվախենան: Եվ ամեն անգամ, երբ իրավապահ մարմինները հպարտ հայտարարում են, որ չկան փաստեր, ուրեմն պետք է մի հատ էլ մտածել, թե այդ ինչպե՞ս են նրանք աշխատել, որ այդ փաստերը մնացել են ծածկված` լատենտային վիճակում»,- ասաց ՄԻՊ-ը` շեշտելով, որ այստեղ շատ կարևոր է դատախազության աշխատանքը, որ կարողանա այնպիսի վստահություն առաջացնել, որ վախի ու անվստահության մթնոլորտ չառաջանա հանրապետությունում: