Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շաբաթ օրը կայացած ՀՀԿ 15-րդ համագումարով, ըստ էության, ազդարարվեց 2018թ. համապետական ընտրություններին պատրաստվելու մեկնարկը, որն իր ելույթով հնչեցրեց հանրապետության նախագահ և ՀՀԿ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը: Նա բնական համարեց, ընտրություններին նախապատրաստվելով պայմանավորված, քաղաքական ուժերի ներկայիս վերադիրքավորումները, մյուս կողմից` հստակեցրեց ՀՀԿ-ի նախընտրական մարտավարությունը, որը հիմնված է լինելու, այսպես կոչված, «պայքարի փոխարեն գործ» սկզբունքի վրա:
Նախընտրական շրջանն իրականում վաղաժամկետ մեկնարկել էր դեռ նախորդ ամիս, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց հաջորդ նախագահական ընտրություններին չառաջադրվելու պատրաստակամության մասին: Համագումարի միջոցով ՀՀԿ առաջնորդը պարզապես արդեն կիսապաշտոնական մակարդակով հաստատեց այդ փաստը` թերևս նպատակ ունենալով քաղաքական դաշտում խաղացող հիմնական ուժերին ներքաշել ապագա իշխանության ձևավորման շուրջ կուլիսային կամ հեռակա հրապարակային բանակցությունների մեջ: Բայց այն փաստը, որ այս անուղղակի առաջարկը հնչեցվում է ապագա ընտրություններից 3-4 տարի շուտ, մատնում է վերարտադրման խնդիրը լուծելու վերաբերյալ ՀՀԿ-ում տիրող որոշակի անվստահությունը, ինչը կարող է պայմանավորված լինել միայն սոցիալ-տնտեսական վատթարացող վիճակի պատճառով հասարակական պրոցեսները վերահսկողությունից դուրս թողնելու հետ կապված մտավախությամբ:
ՀՀԿ-ն, սակայն, ըստ էության, նոր նախընտրական շրջափուլ է մտնում` ավելի ու ավելի տեղավորվելով կոմունիստական կամ ավելի ճիշտ նեոկոմունիստական ուժի կերպարի և արժեքային համակարգի մեջ: Թերևս միայն այդ արժեքներով առաջնորդվող ուժի ղեկավարը կարող է հայտարարել, որ «կուսակցությունը դառնում է այն կարևոր խողովակներից մեկը, որի միջոցով ակտիվ քաղաքացիները կարողանում են իրենց ունակություններն ու գաղափարները հասցնել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներ, հասնել ինքնադրսևորման ավելի բարձր աստիճանի»: Սա այլ բան, քան հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ քաղաքացիների և հատկապես երիտասարդների ինքնաիրացման հեռանկարը միայն հանրապետականացման հետ կապելու երևույթի լեգիտիմացում, դժվար է որակել: Փաստորեն, ՀՀԿ-ի համար նպատակն ու ելակետը ոչ թե ազատ մարդն է, նրա համար ազատ ընտրության և զարգացման հնարավորությունների ստեղծումը, այլ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ լինելու հանգամանքը, որի կուսակցական պատկանելիությունը նրան տալիս է մեկնարկային հսկայական առավելություն:
Իրողություններն այս լույսի ներքո դիտարկելու պարագայում միանգամայն հասկանալի է դառնում ՀՀԿ նախագահի ուրախությունը կուսակցության շարունակական մեծացման կապակցությամբ, որտեղ շեշտը դրվում է ոչ թե կամ ոչ այնքան որակական, որքան քանակական առավելություն ստանալու վրա: Եթե առաջնահերթությունը որակին տրվեր, ապա նախագահը, թերևս, իր խոսքում կանդրադառնար նաև կուսակցության դիմագծին, այն հասարակական կերպարին, որն իրենց անդուլ աշխատանքով կերտում են էթիկական ու բարոյական բոլոր սահմաններն անցնող ու իրենց բառերի, վարքագծի համար ոչ մի հաշիվ չտվող կուսակցականները:
Կոմունիզմի լավագույն ավանդույթները վերադարձնելու` ՀՀԿ-ի ուղեգծի մասին էր խոսում նաև նախագահի այն պնդումը, թե «Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի ում և ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի հանրապետականին՝ վստահ լինելով, որ նրա օգնությամբ իր մեծ ու փոքր խնդիրները կմտնեն մշակվող և իրականացվող քաղաքականության օրակարգ»: Փաստորեն, Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանների` սողանքից տուժած բնակարանի հարցի լուծումը ոչ թե պետության խնդիրն է, այլ կուսակցության, տվյալ դեպքում` ՀՀԿ-ի, որի համար դա ոչ թե խնդիր է, այլ, փաստորեն, գյուղացիներին լավություն անելու և նրանց դրա համար կուսակցությանը պարտական դարձնելու միջոց: Հետևաբար, քաղաքացու համար գլխավոր արժեքը պետք է լինի ոչ թե անկարող, թույլ և իրենից օտարված պետությունը, այլ ամենակարող «պարտիան», ավելի ճիշտ` դրա ներկայացուցիչ կամ սպասարկու տեղական իշխանիկներն ու «բդեշխները» իրենց անսահմանափակ հնարավորություններով:
Հասարակության ու շարքային արծրունհովսեփյանների համար սա, իհարկե, նորություն չէ: Սակայն երբ նախագահի ելույթում նմանատիպ հարաբերությունների ձևավորման մասին հնչում է փաստացի որպես հրահանգ, ակնհայտ է դառնում, որ տեղի ունենում պետության արժեզրկման հաշվին կուսակցության արժևորումը լեգիտիմացնելու պրոցես: ՀՀԿ-ի համագումարը հիշեցնում էր ավելի շատ ժողով, որտեղ ամեն ինչ առավել քան կանխատեսելի էր և իր կանխատեսելիության մեջ գորշ ու անհետաքրքիր: Դա լճացած, ինքն իրենից գոհ քաղաքական կազմակերպության մի հավաք էր, որտեղ ոչ թե երկրի, պետության համար ռազմավարական նախանշումներ արվեցին, հավակնոտ և համարձակ նախաձեռնություններ ներկայացվեցին, տրվեցին օբյեկտիվ գնահատականներ երկրում և կուսակցությունում տիրող առողջ կամ անառողջ մթնոլորտի մասին, այլ պարզապես պլան կատարվեց այնքանով, որքանով համագումար անցկացնելը կուսակցական կանոնադրության պահանջ է:
Սպասելի էր, թերևս, որ գոնե փորձ կարվի ամփոփել այն արդյունքները, որոնք, իբրև նպատակներ, սահմանվել կամ ուրվագծվել էին նախորդ համագումարում: Իսկ 2 տարի առաջ կայացած համագումարում որոշակի տեսլական էր առաջարկվում: Եվ հետաքրքրական էր իմանալ, թե քանի տոկոսով են կենսագործվել նախագահի այն հավաստիացումները, թե «հայաստանցիների նոր սերունդն անպատժելիության այլևս հանդիպելու է միայն ծնողների հուշերում», կամ որքանով է երկրում մարդու կյանքը դարձել ավելի բարեկեցիկ, ավելի ապահով, որքանով է հասարակությունն ավելի արդար, իսկ պետությունն ավելի անվտանգ դարձել, որքանով է սովորական հայաստանցու համար անիմաստ դարձել օտար ափերում վաստակելու ցանկությունը, ինչի մասին մեծ պաթոսով 2012-ին խոսում էր ՀՀԿ նախագահը: Դրանց մասին ոչինչ չխոսվեց համագումարում: Եվ դա առավել քան բնական է, որովհետև պարզապես ոչինչ չկա ավելացնելու: 2014թ.-ին նույն տեղում դոփում ենք այն նույն ջանասիրությամբ, ինչպես 2012թ.-ին: Միակ տարբերությունն այն է, որ այն ժամանակ բացթողումների մեղքը Սահմանադրության անկատարության վրա չէր բարդվում, ըստ այդմ` սահմանադրական բարեփոխումների խնդիր չէր առաջադրվում: Հիմա կարելի է կառչել դրանից ու շարժվել առաջ` դեպի «ապահով» Հայաստան:
Գևորգ Աղաբաբյան