կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-24 13:40
Առանց Կատեգորիա

Գյուղ, որտեղ կարելի է մոռանալ վարկերի մասին

Գյուղ, որտեղ կարելի է մոռանալ վարկերի մասին

Գյուղի ուսուցչանոցն  ամենաառաջինն է ծաղկում: Ավերակների վերածված դպրոցի դիրքը շատ արևկող է: Վաղուց հեռացած աշակերտների  փոխարեն  ներսում  փարթամ կանաչ է:  Սյունիքի մարզի Թանահատ գյուղը հյուրեր էլ է ունենում:  Գյուղապետ Արսեն Օհանյանը  նրանց դեմքով գիտի` «մի արջ մշտական է գալիս տանձի ու խնձորի ետևից, գայլ կա, կաքավ շատ կա, լորը` ընտիր»: Թանահատը   կենդանիների համար իսկական դրախտ է, ոչ ոք նրանց փախչելու առիթ չի տալիս`  Թանահատում ոչ ոք չի ապրում: Արսեն Օհանյանը մտքերի մեջ է ընկնում. «Բոլորն ստեղ են, մենակ մարդն ա փախնում… Ո՞ւր եք փախնում,  էդ ասֆալտի վրա ի՞նչ կա»:

 

Թանահատը կանաչի ու ծաղկի մեջ կորած  է: «Ամեն ծաղկի վրա մի մեղու է նստած»,-   գյուղապետը փաստն է արձանագրում` գոնե մեղրով  իր գյուղ կանչելու մարդկանց:  Այստեղ  կիսաքանդ  տներ են, Օհանյանն  ուղղություն է վերցնում դեպի համեմատաբար  լավ վիճակում գտնվող  տունը և անշարժ գույքի  արհեստավարժ գործակալի  պես  համոզում. «Հիանալի տուն ա, երեք սպալնյայով, իր ամեն ինչով … Պոպոքի ծառը՝ խնդրեմ, տարեկան 200 կգ պոպոք է տալիս»: Տունն ընդամենը  պատեր ու տանիք ունի, ընկուզենին իսկապես շքեղ է:

 

Սիսիանից ընդամենը  20 կիլոմետրի վրա է գյուղը:

 

 

(Դիտե'ք քարտեզի վրա).

 

 

Շաբաթներ առաջ քամին ավերեց հերթական օջախը: Սահմանամերձ Թանահատի տանիքները հերթով տապալվում են, շեն ու աշխույժ Ջոմարդլուից ոչինչ չի մնում:

 

Նախկին Ջոմարդլուն  ադրբեջանական գյուղ էր: Ութնամյա դպրոց  ընդարձակ  խանութ,  ակումբ,  որտեղ գյուղապետ Արսեն Օհանյանն էլ է հասցրել կինո նայել:   Գյուղապետի տեղեկությամբ` այս գյուղը  Հեյդար Ալիևի ծննդավայրն է, հայրական տունը, ավելի ճիշտ` պատերը դեռ կան: Տեղի ադրբեջանցիներից են լսել` Հեյդարը  ծնվել է  Ջոմարդլուում, երկու տարեկանում ընտանիքը տեղափոխվել է Նախիջևան:

 

Ջոմարդլուի նախկին բնակիչները  հայերի հետ մեծ շփումներ չունեին: Գյուղապետը համեմատում է հարևան Արևիսի հետ. «Էս գյուղի թուրքերը չէին մերվում, իսկ Արևիսի հետ քավորություն էլ էինք անում»: 

 

Ջոմարդլուի դպրոցի տնօրենի  տունն  այժմ գյուղապետի և' տունն է, և' գյուղապետարանն է, և', եթե պետք է, ընտրական տեղամաս….Բանալին  էլ թաքուն տեղ չէ` ամենամոտիկ քարի տակ: 

 

Գյուղապետ Օհանյանը նախկին տանտիրոջը ` ընկեր Օրուջևին, հիշում է  հարգանքով.  «Կուլտուրական մարդ էր, «Վոլգա» Գազ 21-ով»: Ասում   է ` հեռացավ նկուղում  թողնելով երկու տոննա քարածուխ: Օհանյանը մի ձմեռ ջերմացավ:

 

Ադրբեջանցիները  Ջոմարդլուն լքել են 90-ականներին, հարևան հայկական գյուղերի բնակիչները ճանապարհել են  մինչև Նախիջևանի սահմանը: «Առանց որևէ թշնամանքի օգնել ենք,  անգամ աթարն ու մեղուներն են տարել»,- հիշում է Արսեն Օհանյանը:

 

1991-ից դատարկ տները բնակեցրին 18 հայ ընտանիքներ: Ջոմարդլուն վերանվանվեց   հնագույն Թանահատի  վանքի անունով:  Երեխաներ կային, բայց դպրոց այդպես էլ չգործեց: Գյուղապետը թախծում է. «Կործանումն այդտեղից էլ սկսվեց»:

 

Անկախացումից հետո Թանահատ  ոչ մի տրանսպորտ չի մտել: Արսեն Օհանյանը չի մոռանում` նախկինում  Բաքու-Ջոմարդլու ավտոբուս էր գործում: Ենթադրում է ` Ալիևը  իր ծննդավայրի հետ կապը այդպես է փորձել պահպանել:

 

Տրանսպորտի ու դպրոցի բացակայության պայմաններում էլ  Թանահատի աշխուժությունը մի տասը տարի պահպանվեց` անասնապահությունն ու հողագործությունն այստեղ շատ եկամտաբեր էին: «Մարդ եթե եկամուտ  է ստանում, դառնում է աշխույժ»,- ենթադրում է գյուղապետը: Միայն թե այդ  ամենը կարճ տևեց. դպրոց չկա, տրանսպորտ չկա, ձմռանն էլ ճանապարհը փակ` Թանահատից բոլորը հեռացան: Այժմ երբեմն-երբեմն մի քանի հովիվներ են վերադառնում` մի քանի  ամսով: Օհանյանի համայնք, սակայն, նրանք եռուզեռ չեն բերում: Ընտրական օրացույցը  եռուզեռ չի հարցնում, և  հունիսի 8-ին բնակիչ չունեցող գյուղում նշանակված են համայնքապետի ընտրություններ: Ընկեր Օրուջևի տունը վերածվել է տեղամասի: Ընտրացուցակում 35 հոգու անուն է, բոլորն էլ Սիսիանի տարածաշրջանի այլ համայնքներում են ապրում: Օհանյանը հույս ունի նրանցից գոնե քսանհինգին ընտրական օրը գտնել. «Մեքենայով կբերենք, կքվեարկեն,  հետո կտանենք հետ իրենց տները»:

 

Արսեն Օհանյանի ծրագիրը մեկ դրույթ ունի`  «վերադարձնել Թանահատի բնակիչներին`արթնացնելով  անցյալի հիշողությունները գյուղի աննախադեպ բերքատվության, կովերի կրկնակի կաթնատվության վերաբերյալ»: Օհանյանին էլ է անհեթեթ թվում ամայի գյուղում ծրագրային  կոչեր հնչեցնելը: Չգիտի, որ ուղղությամբ, բայց դժգոհություն հղում է. «Տուպիկի առաջ ենք,  թե` մարդ տուր, ապրենք»:        

 

Բնակիչ չունեցող Թանահատը  բյուջե էլ ունի, գյուղապետարանն էլ` չորս աշխատող, բոլորը հարևան Աշոտավանում են ապրում: Օհանյանը հույս ունի՝ կվերընտրվի, կմնա գյուղի համար  մշտական բնակիչներ գտնելու հարցը: Բարդ է: Գիտի: Համայնքների խոշորացման ծրագրի հետ ոչ մի հույս չի կապում, դպրոց չի լինելու, տրանսպորտ` նույնպես: 

 

Փուլ եկած գյուղի հավանաբար վերջին գյուղապետը գորովանքով սխտորուկներ է հավաքում` երազելով գոնե իր համար պահպանել գյուղը: Ասում  է. «Միայն այստեղ եմ մոռանում երեք վարկերիս մասին»:

 

Հարություն Հարությունյան, Կ.Մելքոնյան