Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը նույնպես մասնակցելու է Հանրապետության հրապարակում վաղը կայանալիք «24/04» նվագախմբի համերգին: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ, ընդհանրապես, արվեստն ամենահրաշալի, ամենահամոզիչ բանն է, որ կարող է մարդկանց վրա ազդել, հուզել նրանց:
«Ես, օրինակ, շատ տեղերում եմ նվագել և տեսել, թե Ստամբուլում թուրքերն ինչպես էին ընդունում իմ արվեստը: Երբ համերգներից հետո վերադարձա Հայաստան, ինձ ասացին, թե` գիտե՞ս` ինչքան թուրք է եկել Հայաստան ու ծաղիկ դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Արվեստը մեծ նշանակություն ունի, այն ազդեցիկ է շատ: Հիշո՞ւմ եք` հեքիաթներում շվիով նվագում են, օձը դուրս էր գալիս բնից: Սա պատահական չէ»,- ասաց Գասպարյանը:
Նա նշեց նաև, որ դեռ չի որոշել` ինչ է կատարելու, այսօր կորոշի. «Միգուցե «Քելե լաո»-ն նվագեմ, չգիտեմ: Հարցն այն է, որ ամեն գործ չես կարող նվագել, պիտի այնպիսի բան նվագես, որ սազի այս օրվան: Չեմ ասում` լաց լինենք, բայց գործը պետք է հիշողություն, պատմություն արթնացնի մարդու մեջ: Մենք լացկան ազգ չենք, չնայած լաց լինել էլ գիտենք, բայց ոչ` ստից ու ձևական»:
Հիշեցնենք, որ վաղը կայանալիք համերգին մասնակցում են աշխարհի 43 երկրի 123 երաժիշտներ: