Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բավական էր` մի վարչապետ հրաժարական տար ու նրան փոխարիներ մեկ ուրիշը, որ հասարակության համար պարզվեր՝ 170 հազարանոց կուսակցությունը գոնե մեկ նորմալ կադր չունի՝ նստեցնելու Ազգային ժողովի նախագահի թափուր աթոռին: Հարմար կադր չի ճարվում նույնիսկ այն պարագայում, երբ հանրությունը գիտի, թե մեր իրականության մեջ որքան «երկրորդական» պաշտոն է ԱԺ նախագահությունը: Թե չէ ինչո՞ւ «երկրորդ դեմք»-ը պիտի ձգտեր «երրորդության»՝ վարչապետության: Ու հիմա հարմար ԱԺ նախագահ չի ճարվում:
Բնականաբար, փոքր-ինչ չափազանցված կարող է թվալ այս «չի ճարվում»-ը, բայց եթե իշխանական գլուխը մտմտում է մինչև իսկ Գալուստ Սահակյանի թեկնածության շուրջ, ապա միանգամայն ակնհայտ է՝ ՀՀԿ-ում կադրերի դեֆիցիտ է: Ավելին՝ ՀՀԿ-ում սկսել են խառնել «ժանրերը»:
Գ. Սահակյանի թեկնածության մասին մամուլն արդեն հասցրել է գրել բոլոր հնարավոր գրական ժանրերով՝ ընդհուպ երգիծական-սատիրային: Սակայն, կարծում ենք, աչքաթող է արվել մի ժանր, որն ավելի կսազեր եթե ոչ այս կերպարին, ապա նրանով ԱԺ նախագահի աթոռը զարդարելուն: Դա ողբերգությունն է: Մեր իրականության մեծագույն ողբերգությունն է, որ քաղաքական գործընթացները զարգացել են այնպես, որ ԱԺ նախագահի թիվ մեկ թեկնածու է դարձել Գալուստ Սահակյանը: Նրա նախագահության օրոք ԱԺ աշխատանքների արդյունավետությունը դժվար է ասել՝ որքան կբարձրանա,, բայց հայրենի դարձվածաբանությունն ու անեկդոտի ժանրը հաստատ կհասնեն ծաղկման ամենափթթուն շրջանին:
Հայտնի խոսքը՝ ժողովրդին պետք են հաց և տեսարաններ, մեր իշխանությունները, սովորության համաձայն, ընկալել են թերի` ժողովրդին հաց վարանում ու դժվարանում են տալ, բայց տեսարան՝ ինչքան ուզեք: Եվ որպեսզի ժողովուրդը շարունակի չհիշել հացի մասին, ուրեմն պետք է տեսարանների էֆեկտիվությունը մեծացնել: Իսկ Գալուստից առավել «տեսարժան» կերպար դժվար թե ուրիշը ճարվի:
Բ. Գասպարյան