Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:
Այս օրը տարբեր երկրներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ:
Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումներն այս տարի Հայաստանում կանցկացվեն «Հայոց ցեղասպանություն. մշակութային ցեղասպանություն» խորագրով:
ՀՀ մշակույթի նախարարությունը, համագործակցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ՀՀ պաշտպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության, ինչպես նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, Հայաստանի մարզերում, Երևանում և ԼՂՀ-ում կանցկացնի բազմաբնութ միջոցառումներ: Միջոցառումների նպատակն է հնարավորություն ստեղծել վերհիշելու անցյալի իրադարձությունները, հանրու¬թյանը մեկ անգամ ևս հաղորդակից դարձնելու Հայոց պատմությանն ու մշակույթի հուշարձաններին, տարբեր վայրերի հետ կապված հիշողություններին:
Բանակ-կրթություն-մշակույթ եռամիասնությունը, 2012 թվականից սկսած, զինծառայողների, մանուկների ու պատանիների շրջանում պատմամշակութային արժեքների նկատմամբ հարգալից վերաբերմունք արմատավորելու, դրանց պահպանման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ավանդույթ է ձևավորել. ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանները կցագրված են ՀՀ ԶՈՒ զորամասերին և ուսումնական հաստատություններին:
Իրազեկված հայ զինվորն ու դպրոցականը, պարզապես բարի կամքի տեր քաղաքացին կայցելի պատմամշակութային վայրեր` մասնակցելու հուշարձանների տարածքների բարեկարգմանը և թեմատիկ դասախոսություններին: Տարբեր տարիքային խմբերի մասնակիցները ծրագրում կգտնեն իրենց հետաքրքրող միջոցառումը:
Միաժամանակ, հուշարձանների միջազգային օրվա առթիվ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչպես նաև պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում կանցկացվեն օրվա խորհրդին առնչվող թեմատիկ միջոցառումներ` ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, մանկական խաղ-վիկտորինաներ և այլն:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ` միջոցառումների շարք կնվիրվի նաև Արևմտյան Հայաստանի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը, մշակութային ցեղասպանության հետևանքով ոչնչացված արժեքներին, արևմտահայության կյանքի ու դերի մասին թեմաներին, հրապարակումներին: