կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-22 17:50
Տարածաշրջան

Սերժ Թանկյանը նամակ է հղել թուրք ժողովրդին

Սերժ Թանկյանը նամակ է հղել թուրք ժողովրդին

Պոլսում տպագրվող հայկական «Ակօս»-ը իր էջերում տեղ է տրամադրել Սփյուռքի 16 գործիչների, ովքեր նամակներ են հղել Թուրքիայի ժողովրդին՝ պատմելով Հայոց ցեղասպանությունից փրկված կամ դրա զոհը դարձած իրենց նախնիների մասին:

 

«Ակօս»-ում հրապարակված նամակներից մեկը հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանինն է:

 

«Թուրքիայի սիրելի՛ ժողովուրդ

 

Անունս Սերժ Թանկյան է։ Ես ծնվել եմ Լիբանանում։ Պապիկներս ու տատիկներս եկել են այնտեղից, որն այժմ Թուրքիա է կոչվում։ Պապիկս՝ Ստեփանը, եկել է Կեսարիայից, իսկ Վարսենիկ տատիկս՝ Թոքաթից։ Մյուս պապիկս ու տատիկս՝ Դորթյոլից և Ուրֆայից։ Նրանցից ոչ մեկն իր ծննդավայրը հոժարակամ չի լքել: Նրանք բոլորն էլ քստմնելի ցեղասպանությունից փրկվածներ են, որն իրագործվել է Օսմանյան կայսրության վերջին օրերին՝ կառավարության գլուխ անցած իթթիհաթականների կողմից։

 

Այդ ժամանակ բոլորն էլ երեխաներ են եղել։ Ստեփան պապիկս փրկվել էր և որոշ ժամանակ բնակվել ամերիկյան, ապա հունական որբանոցներում` մինչև, որպես գաղթական,Լիբանան հասնելը: Վարսենիկ տատիկս և նրա մեծ մայրը փրկվել էին մի թուրք քաղաքապետի շնորհիվ, որն իր կյանքը վտանգել էր հանուն ճիշտ արարքի:

 

Այս պատմությունները Թուրքիայի կամ այլ պետությունների արխիվային պատմություններ չեն։ Այս դեպքերն իմ ընտանիքի պատմությունն են։

 

Ավելի քան 600 տարի առաջ այն երկիրը, որտեղից պապիկս է եկել, ճանաչված էր որպես պատմական Հայաստան։ Երբ մարդաբաններն ուսումնասիրություն են կատարում Թուրքիայում, նրանք հելլենական մշակույթի կողքին գտնում են մեր մշակույթի մնացորդները։

 

Թուրքիան շատ կարևոր է ինձ համար, ոչ թե նրա համար, որ պապիկս այնտեղից է եկել, այլ քանի որ իմ ամբողջ ազգն այդ հողերից է գալիս, որոնք բռնի ուժով զավթվել են նրանցից ոչ թե պատերազմի կամ երկրի սահմանների փոփոխության հետևանքով, այլ իթթիհաթականների կառավարության վայրագ հրահանգների պատճառով։

 

Ի՞նչ նշանակություն ունի այդ ամենը մեզ համար։ Շատ պարզ է` հայերս չենք ուզում ճնշում գործադրել Թուրքիայի վրա կամ ցեղային խռովություն ստեղծել, մենք միայն արդարություն ենք ուզում, որպեսզի բոլորս կարողանանք առաջ անցնել այս պատմական ցավից, որը կաշկանդում է մեր հարաբերությունները։

 

Սա միայն Հայոց ցեղասպանությանը չի վերաբերում, այլ նաև Թուրքիայի պատմության հարցն է։ Արդյո՞ք Էրդողանի կառավարությունը ճիշտ քայլ կկատարի` այս հարցի հետ կապված։ Չեմ կարծում։ Ոչ էլ ռազմական ատյանը կանի նման բան, որը ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ իշխել է երկրի վրա:

 

Տեղյա՞կ եք, որ ձեր կառավարությունը տարեկան միլիոնավոր դոլարներ է ծախսում՝ ժխտելու համար այս իրականությունը՝ օտար մայրաքաղաքներում տարբեր լոբբինգային ընկերություններ գործի դնելով, տարբեր համալսարաններում նախագահների պաշտոններ առաջադրելով, որպեսզի իրենց ցանկությամբ գրեն ցանկացած իրականությունը: Գիտե՞ք, թե դա մեզ՝ հայերիս համար ինչ նշանակություն ունի: Գիտե՞ք, թե դա որքան տանջալի է մեզ համար։ Բավարար չէ՞ իմ՝ Եղեռնից փրկվածի թոռ լինելը։ Ստիպված եմ մեկ էլ միջազգային հարթակում քարոզչության և փտածության դեմ պայքարել, որպեսզի տիրանամ արդարությանս։

 

Մեր պատմությունները, աշխարհագրությունն ու արյունն իրար այնքան մոտ են, որ չենք կարող այս հարցերի լուծումները չգտնել։

 

Թե՛ հայերը, թե՛ թուրքերն արժանի են ունենալ ղեկավարներ և կառավարություններ, որոնք հավասարապաշտ են, ժողովրդավար և ոչ փտած։

 

Ավարտելով նամակս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հիանալի մարդկանց, որոնց հանդիպել եմ Թուրքիայում և որոնք ինձ հետ կիսել են իրենց պատմությունները երաժշտական շրջագայության ժամանակ և առցանց, որոնք ինձ ճշմարտության և արդարության վրա հիմնված մերձեցման հույս են ներշնչել։

 

Թուրքիայի սիրելի՛ ժողովուրդ, մաղթում եմ, որ իսկապես կարողանաք գտնել ինքներդ ձեզ»։