կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-15 17:29
Հասարակություն

9-ամյա երեխային համադասարանցիները ծաղրում են` ձեռքին խալ ունի

9-ամյա երեխային համադասարանցիները ծաղրում են` ձեռքին խալ ունի

«Հատուկ ձեռ առնելու համար երեխայի ձեռքը դրել են երկաթի դռան տակ ու սեղմել»,- 9-ամյա Անրիի մայրը` Քրիստինա Աբրահամյանը, Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, սակայն մինչ այդ էլ կոնֆլիկտներ եղել են:

 

Անրին սովորում է Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 3գ դասարանում: Դասընկերները ծաղրում են նրան ձեռքի վրա եղած բավական արտահայտիչ հետքի պատճառով: Երեխան դպրոց գնալ չի ուզում: 

 

Խնդիրն այն է, որ ձախ ձեռքի մատներից սկսվող ու մինչև թիկունքը տարածվող հետքը պարզապես խալ չէ, այլ հեմանգիոմա, որը, բժշկական բացատրությամբ, բարորակ ուռուցք է և խոշոր չափերի դեպքում հնարավոր են տրոմբագոյացումներ: Թեթև հարվածը, անգամ` փոքր քերծվածքը կարող է բարդությունների պատճառ դառնալ: 

 

«Սեպտեմբերին խնդիր եղավ, մոտեցա դասղեկին, խնդրեցի, զգուշացրեցի, որ վերցնի իր հսկողության տակ, որ կանխի, որովհետև երեխան ճնշված էր գալիս,  դասարանցիները ծաղրում էին` «յախք, մի կպի իմ գրիչին»,  «դու խալ ունես, մենք քո հետ չենք խաղա», «դու յախք ես»… Դասղեկը  չի կանխել, երևի չի կարողանում մանկավարժորեն ազդել երեխաների վրա: Առ այսօր այդ խնդիրը լուծված չէ»,- պատմեց երեխայի մայրը:

 

Ըստ նրա` ընդամենը օրեր առաջ` պատահած միջադեպից հետո, երբ երեխան մոտեցել է դասղեկ Արփինե Գևորգյանին և պատմել կատարվածի մասին, վերջինս պատասխանել է` ոչինչ, մի օր դու կխփես, մի օր քեզ կխփեն, կկոփվես:

 

Թե արդյո՞ք նորմալ է, որ մանկավարժը նման բան է պատասխանում, դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը  Yerkir.am-ի հետ զրույցում ասաց.  «Եթե այդպիսի բան է ասել, ապա նորմալ չէ, բայց Դուք զրուցեք դասվարի հետ: Ես կասեմ, որ նա շատ մեղմ ու լավ դասվար է»:

 

Զրուցեցինք նաև դասվար Արփինե Գևորգյանի հետ: Նա նշեց, որ տեղյակ է երեխայի առողջական խնդիրների մասին, զգոն են, ուշադիր Անրիի հանդեպ: Ինչ վերաբերում է միջադեպին, ապա Yerkir.am-ին պատմեց հետևյալը. «Դա ծնողի ներկայացնելով է էդպես: Ֆիզկուլտուրայի ժամին դահլիճում է եղել միջադեպը: Ուսուցիչը ներկա է եղել: Գնացել է` սենյակից գնդակը վերցնելու, ձեռքը երկաթե բռնակին է կպել, մատը մի փոքր քերծվել է: Ոչ մի վնաս չի եղել: …Ասել եմ`  ֆիզկուլտուրայի ժամին բոլորի հետ կարող է պատահել, մի օր քեզ կկպչի, մյուս անգամ դու կգցես, մեկին կկպչի: Կոփվել` ես այդ իմաստով եմ ասել»:

 

Դասվարը չժխտեց, որ երբ երեխան տեղափոխվել է իրենց դասարան, խնդիրներ եղել են, սակայն աշակերտների հետ բազմիցս զրուցել է, բացատրել, որ չի կարելի ծաղրել, նեղացնել դասընկերոջը, և այժմ խնդիրը հարթվել է. «Դասարանը շատ լավ ընդունում է նրան, առողջ մթնոլորտում է: Եթե խնդիր եղել է, կանխվել է»:

 

Ա. Գևորգյանը նշեց, որ վերջին շրջանում է Անրին սկսել երեխաների հետ շփվել, խաղալ և այդ պատճառով էլ փոքրիկ կոնֆլիկտներ լինում են: Երբեմն նույնիսկ ագրեսիվ է լինում, ամուր բռնում, սեղմում է երեխաների ձեռքը, նրանք էլ նրան հեռու են հրում, ինչն էլ այլ կերպ է մեկնաբանվում: «Բազմիցս խոսել ենք երեխաների հետ: Իրենից զզվելու ոչ մի պատճառ չկա` մաքուր, կոկիկ հագնված` երեխան գալիս է դպրոց: Եվ բազմիցս զրույց եղել է, որ նման ռեակցիա չլինի»:

 

Մայրը նույնպես տեղյակ է, որ երեխան առանձնապես չի շփվում երեխաների հետ: Նույնիսկ դասամիջոցներին զբաղվում է` իրեն հետաքրքրող նյութեր կարդալով: Չորս տարեկանից սկսել է Մենդելեևի աղյուսակի տարրերի, մարդու ֆիզիոլոգիային, տիեզերքի ու մոլորակների մասին կարդալ, հետաքրքրվել դրանցով: Թերևս տարբեր հետաքրքրություններ ունենալը նույնպես կարող է դասարանցիների հետ կոնֆլիկտների պատճառ դառնալ, բայց Անրին համոզված է, որ պատճառը միայն իր ձեռքի վրայի հետքն է: Երեխան պատմեց նաև, որ իրեն նեղացնելուց հետո գալիս, իրենից թուղթ-գրիչ են ուզում, խնդրում, որ տետրը տա` արտագրեն իր գրածը:

 

Վերջին մի քանի օրը Անրին դպրոց չի գնում, պատճառը ոչ թե վատառողջ լինելն է, այլ համադասարանցիների հետ լեզու չգտնելը, ինչի մասին մայրը տեղեկացրել է դպրոցին: Քրիստինան մեզ ասաց նաև, որ եթե այսպես շարունակվի, երեխան ընդհանրապես դպրոց չի գնա և միայն կիսամյակի ավարտին քննություններ կհանձնի` հաջորդ դասարան տեղափոխվելու համար: Մայրը նշեց, որ երեխան բավականին խելացի է` առանց դպրոց հաճախելու քննություններ հանձնելու և բավարար գնահատականներ ստանալու համար:

 

Ի դեպ, դպրոցի տնօրենն ու դասվարն էլ նշեցին, որ Անրին բացառիկ ունակությունների ու խելքի տեր երեխա է, և խոստացան, որ  առավել ուշադիր կլինեն երեխայի հանդեպ:

 

Ա.Կ.