կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-08 11:31
Իրավական

Խարդախության զոհ դարձած 40-ամյա կինն ինքնասպան է եղել. նամակը կապել է ձեռքին ու ցած նետվել

Խարդախության զոհ դարձած 40-ամյա կինն ինքնասպան է եղել. նամակը կապել է ձեռքին ու ցած նետվել

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Yerkir.am-ի տեղեկություններով` 40-ամյա Վարդուհի Սարոյանն Արաբկիրում գտնվող շենքերից մեկի 4-րդ հարկից իրեն ցած է նետել և մահացել: Նախնական տեղեկություններով՝ կատարվածն ինքնասպանություն է:

Կնոջ ձեռքին կպչուն ժապավենով նամակ է փակցված եղել, որում նա հայտնել է ինքնասպանության դիմելու պատճառների մասին: Նա գրել է, թե ինչպես են իրեն հասցրել ունեզրկման, նշել է մեղավորների անունները:

Նշենք, որ Վարդուհի Սարոյանը մոտ մեկ ամիս առաջ դիմել էր Yerkir.am-ին և պատմել իր անելանելի վիճակի մասին: Նա մեզ հայտնել էր, որ իր ունեզրկման հետ ուղղակի առնչություն ունի քրոջ ամուսինը՝ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել Էրեբունիում, և նրա ընկերը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը:

Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին Վարդուհի Սարոյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել այն մասին, որ քրոջ ամուսինը՝ Տիգրան Տեր-Մարգարյանը, և նրա ընկերը՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը, ընդհանուր բիզնես գործունեություն ծավալելու և հասույթ ստանալու պատրվակով, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, առանց իր համաձայնության և գիտության, 2012թ. մարտի 18-ին «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրել են սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ շենքի թիվ 80 հասցեում գտնվող տարածքը, ինչի հետևանքով իրեն պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռ. Ղարիբյանը, ուսումնասիրելով հիշյալ գործի նյութերը, որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը մերժել: Սակայն Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ուսումնասիրելով նախապատրաստված նյութերը և քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ` Վարդուհի Սարոյանի ներկայացրած բողոքը, որոշում էր կայացրել քրգործի հարուցումը մերժելու վերաբերյալ քննիչի որոշումը վերացնել և հարուցել քրեական գործ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը):

Դրանից հետո Սարոյանը ստիպված էր եղել բանկում գրավադնել նաև իրեն պատկանող` Երևանի Հ. Քոչար թիվ 25 շենքի 25 բնակարանը և կորցրել էր իր վերջին կացարանը: Հիշյալ գործի մանրամասները կարող եք կարդալ այստեղ: