Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի գործատուների միությունը մտադիր է վարույթ սկսել «Հայռուսգազարդ»-ի դեմ, որովհետև պարզել է, որ «Հայռուսգազարդ»-ի լաբորատորիաները արդեն երկու տարի է` աշխատում են առանց լիցենզիայի: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը, ով այսօր Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հրավերով մասնակցում էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փակ նիստին:
Հիշեցնենք, որ ՆԱՇ նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը բազմիցս բարձրացնում է գազի կալորիականության հարցը` բազմաթիվ փորձարկումների միջոցով ապացուցելով, որ սպառողին տրամադրվող գազի կալորիականությունը ցածր է նորմայից, հետեւաբար` «Հայռուսգազարդ»-ի խարդախությունների արդյունքում ֆինանսապես տուժում է սպառողը:
«Հայռուսգազարդ»-ի լաբորատորիաների լիցենզիայի բացակայությունը ներկայացվել է ՏՄՊՊՀ ուշադրությանը` որպես «Հայռուսգազարդ»-ի կողմից մենաշնորհային դիրքի չարաշահման խնդիր: Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ՏՄՊՊՀ նիստը վարել է ՏՄՊՊՀ նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը, ով 10 մետր հեռավորությունից մի թուղթ է ցույց տվել` ասելով, թե դա երեկ ՏՄՊՊՀ-ին է ներկայացրել «Հայռուսգազարդ»-ը` լաբորատորիաների լիցենզիայի խնդրով: Եվ երբ նիստից հետո շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները փորձել են ուսումնասիրել, թե այդ ինչ թուղթ է, ՏՄՊՊՀ ներկայացուցիչն ասել է, որ այսօր չեն կարող այն ցույց տալ, թող մոտենան վաղը կամ մյուս օրը:
Ըստ Վահան Մարտիրոսյանի` լիցենզիան պետք է տրամադրի «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը, որի տնօրեն Նունե Մկրտչյանն իրեն ասել է, որ ինքը վերջին երկու տարում նման լիցենզիա չի տվել «Հայռուսգազարդ»-ին: Իսկ գազի կալորիականությունը ստուգող միակ լիցենզավորված լաբորիատորիան գտնվում է Արարատի ցեմենտի գործարանում:
«Եվ եթե «Հայռուսգաղարդ»-ն իմ կատարած փորձն անվանում է սիրողական, ապա նրանց լաբորատորիայի հայտարարած` գազի կալորիականության ցուցմունքն էլ ավելի սիրողական է, այսինքն` եթե հայտարարում են, որ գազի կալորիականությունը 8200 կկալ է, ուրեմն իրենց հավաստագիրը կարող է լինել, ասենք, «հորս արև»-ը»,- ասաց Վահան Մարտիրոսյանը` հավելելով, որ ՏՄՊՊՀ-ն և կառավարության կողմից ձևավորված` գազի խնդիրների հարցով հանձնաժողովները ընդամենը «ջուր են ծեծում» ու գործընթացը ձգձգում, ինչը շատ ձեռնտու է հենց «Հայռուսգազարդ»-ին: