կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-11 17:52
Առանց Կատեգորիա

Հանուն լվացքը լվացքի մեքենայից հանելու ու փռելու

Հանուն լվացքը լվացքի մեքենայից հանելու ու փռելու

Այն, ինչ մշտական չէ, միայնակ է' մի օր Բարերշտրասեով տուն վերադառնալիս եզրահանգել է երիտասարդ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը: Բաբաջանյանը 2012-ից Գերմանիայում է, կատարելագործվում է Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում: Սա նրա կյանքում ամենաերկար ժամանակահատվածն է, որ բացակայել է հայրենիքից, ու, ըստ նրա, հիմա արդեն ներսում անհանգստության ծիլեր է զգում: Երիտասարդ կոմպոզիտորը մշտապես շարժման մեջ է' ստեղծագործում է, պայքարում' երևակայականի ու իրականի միաձուլման համար, հնարավորություն տալիս բոլոր նրանց, ովքեր չեն դիմանում իր կողքին, ինքնակամ հեռանալու: 

 

Yerkir.am-ի զրուցակիցն է Արսեն Բաբաջանյանը /նրա կենսագրության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ/:

 

իշտ ժամանակին եկար: Փաստորեն, չե՞ս ուշանում:

-Նայած ժամանակ: Ուշանալը, եթե քրոնիկ բնույթ չի կրում, սարսափելի բան չեմ համարում:  Սպասելուց շատ ուժեղ զայրանում են միայն նրանք, ովքեր իրենք իրենց հետ միայնակ մնալուց ձանձրանում են:

 

-Գիտեմ' աջ ձեռքդ ցավում է, բարձրացրու, խնդրում եմ, ձախդ: Խոստանո՞ւմ ես պատասխանել ճիշտը, միայն ճիշտը և ոչինչ' բացի ճշմարտությունից:

-Խոստանում եմ:

 

րբ վստահ ես լինում, միայն այդ ժամանա՞կ ես խոստանում, թե՞ խոստանում ես նաև` ինքդ քեզ «զարմացնելու» համար:

-Ինքս ինձ զարմացնելու համար չեմ խոստանում: Առհասարակ, կյանքիս ընթացքում երեք անգամ եմ խոսք տվել: Սա չորրորդն էր: Կարծում եմ' հինգերորդը շատ ուշ կլինի:

 

պասիր, զարմացնել' նկատի ունեի' խոստանում ես, այդ պահին միգուցե թերահավատ ես, բայց խոստանում ես, խոստանում ես դա անել` թերահավատությունդ ցրելու համար, ինքդ քեզ հետ հաշիվներդ պարզելու համար:

-Ոչ, խոստում տալն ինձ համար թերահավատությունը ցրելու միջոց չէ: Հարկ եղած դեպքում թերահավատորեն էլ կարող եմ խոստումս կատարել: Ինքս ինձ հետ հաշիվներ պարզելու հարցում էլ չի օգնում: Առհասարակ, ներքին հարցերը ճշտելու գործողությունների ընթացքում արտաքին գործոնները շատ քիչ նշանակություն են ունենում, ու թե այդ պրոցեսի ժամանակ երկրորդ անձին ընդգրկեմ, միևնույն է, գրեթե բան չի փոխվի: Մեկ այլ բան է «խոստովանանքը», այս դեպքում դիմացինիդ գործոնը կարևոր է դառնում հենց սեփական «ես»-իդ համար: Թեպետ խոստովանանքի էլ շատ հաճախ չեմ դիմել:

 

սում են' ստեղծագործող մարդկանց երևակայության հետևից երբեմն գիտակցությունը չի հասցնում հասնել: Շա՞տ է լինում, որ երևակայությունդ տանի ինչ-որ տեղ ու ինչ-որ ժամանակով քեզ թողնի այնտեղ:

-Եթե երևակայությունը նույնացնեմ մտահղացման հետ, ապա կարող եմ ասել, որ մշտապես այնտեղ եմ: Ցավոք, կատարյալ պայմաններ չկան` այդ ամենը երևակայական դաշտից առարկայական տեղափոխելու: Սակայն հասկանում եմ, որ, «երևակայություն» ասելով` չես հասկանում միայն ստեղծագործական նախագծեր. «կենցաղային» տեսանկյունից նույնպես շատ եմ երևակայում: Կարող եմ ասել, որ ամբողջ կյանքս պայքար է` երևակայականս ու իրականը իրար միաձուլելու: Թեպետ այն, ինչ երևակայում եմ, չեմ համարում անիրական, որովհետև այն, ինչ մարդու գլխում ծնվում է, նույնպես գոյություն ունի աշխարհում, թեկուզև' ոչ առարկայական:

 

ռարկան, շոշափելին կարո՞ղ է քեզ համար լինել ոչ առարկայական:

-Առարկան կարող է ինձ համար լինել ոչ կիրառական: Իսկ քե՞զ համար առարկան, շոշափելին կարո՞ղ է լինել ոչ առարկայական:

 

է, ինձ անգամ ոչ շոշափելին է դժվար թանձրացականի տիրույթում դասավորել:

-Ախ այդպե՜ս:

 

թե` ընդմիջում, ապա` հանուն ինչի՞:

-Հանուն լվացքը լվացքի մեքենայից հանելու ու փռելու:

 

մմ, անցար լվացքին: Լսիր, հետաքրքիր է' որոնման համակարգում գրում ես Արսեն Բաբաջանյան, բերում է' «Արսեն Բաբաջանյան մթերային խանութ», ինչո՞ւ հենց մթերային:

-Ընկերներիցս մեկն այստեղ բժիշկի էր գնացել, գանգատները ներկայացնելուց հետո բժիշկն ասել էր. «Սպասիր, «Google»-ում տեսնեմ' ի՞նչ կա դրա մասին»: Չգիտեմ, թե հետո որքանով ճիշտ ախտորոշում տվեց: Որոնման համակարգում, ցավոք, շատ պատասխաններ կան, ու դա շփոթեցնում է: Մթերքի ոլորտում ավանդ չունեմ, այնպես որ' չեմ կարծում, թե իմ պատվին են անվանակոչել, իսկ թե ձեռնարկատերն է Արսենը, ապա կարող եմ խոստովանել, որ դա ես չեմ: Դեռևս ձեռնարկատիրությամբ չեմ զբաղվում ու, թե զբաղվեմ, չեմ կարծում, որ դա մթերքի ոլորտը կլինի:

 

պասիր, խիզախությունդ ստուգեմ' Հայաստանում շաքարի ներմուծմամբ կզբաղվեի՞ր:

-Ներկայիս դրությամբ, իհարկե, ոչ: Դա խիզախություն չէր լինի իմ կողմից, այլ հիմարություն:

 

-Կողմ եմ: Ժամանակ-տարածություն, որի՞ մեջ քեզ հարմար չես զգում և հակառակը:

-Հարմար չեմ զգում ժամանակի ու ժամանակաշրջանի մեջ, թեև դա այն բանից չէ, որ անգործ եմ, միշտ էլ շարժման մեջ եմ: Իսկ տարածությունն ինձ համար գրեթե նշանակություն չունի: Տարածքն էլ նույնպես, մասնավորապես' անձնական ձգտումների հարցում: Ես իմ տարածքները փոփոխում եմ` միայն իմ մասնագիտական պահանջներից դրդված: Ես ինձ հարմարեցնում եմ իմ արվեստին, որտեղ այն ավելի շատ հնարավորություն ունի, այնտեղ էլ փորձում եմ լինել: Անձնական ցանկություններին ու նախապատվություններին փորձում եմ տեղ չտալ, չնայած հիմա ամենաերկար ժամանակահատվածն է, ինչ բացակայել եմ հայրենիքից ու ներսումս անհանգստության ծիլեր եմ զգում:

 

սում ես' միշտ էլ շարժման մեջ ես: Այդ մշտական շարժումն իր մեջ մի՞շտ է շարժ պարունակում:

-Ֆիզիկապես՝ ոչ: Աներևակայական՝ այո: Սակայն հաճախ ինքս փորձում եմ արհեստականորեն այդ շարժը մի քիչ կասեցնել: Ֆ. Շալյապինը իր գրքում գրում է. «Ինձ հարցնում են, թե ի՞նչն է լավ երգչի համար, ի՞նչն է վատ և այլն...»: Եվ այս հարցին ի պատասխան' մեծ արվեստագետը չի տալիս մասնագիտական խորհուրդներ, այլ առաջարկում է երբեմն-երբեմն դադար տալ և վայելել կյանքի պարզագույն հրաշքները՝ ծովի ափին արևի տակ տաքանալ, դաշտում ծաղիկներ հավաքել, զբոսնել... Ես փորձում եմ այս խորհրդին հետևել: Միշտ չէ, որ ստացվում է:

 

նչո՞ւ,  որովհետեւ դրա համար միգուցե պետք է մի քիչ անտարբեր դառնալ: Ու, առհասարակ, անտարբերությունը, որպես ինքնապաշտպանության ձեւ, ծանո՞թ է էս հոգեվիճակը:

-Չէ, չէի ասի, որ նախորդ պարբերությունս անտարբերության մասին էր, սակայն անտարբերությունը, որպես ինքնապաշտպանության ձև, ինձ համար ոչ միայն ծանոթ է, այլ նաև հոգեհարազատ:

 

-Ո՞ր շրջանում ես' ծանոթանո՞ւմ ես, թե՞ ծանոթներիդ ցուցակը մաքրում:

-Գրողը տանի, շատ ակտուալ հարց է, հենց այսօր, հենց այս շրջանում: Ասեմ այսպես' ես միշտ եմ ծանոթանում, ինձ հետաքրքրում են, հետաքրքրվում եմ, բայց, որպես կանոն, ցուցակը չեմ մաքրում, այլ նրանք, ովքեր չեն դիմանում, ինքնակամ դուրս են գալիս:

 

ե՞շտ ես ասում` ցտեսություն:

-Հեշտ եմ ասում, հեշտ չեմ ասում: Կարող է' դրսից հեշտ թվա, բայց ներսից հակառակը լինի: Կարող է և ընդհակառակը ստացվի: Դժվար են շատ «հերթական» ցտեսությունները: Քուինի հանճարեղ՝ «The Show Must Go On» երգում նման տողեր կան.

« Whatever happens, I'll leave it all to chance
Another heartache, another failed romance
On and on, does anybody know what we are living for?»:

 

Այստեղ ամենասեղմող բառը երկրորդ «another»-ն է: Նախանցած ձմռանը Բարերշտրասեով տուն վերադառնալիս մի աֆորիզմ եկավ միտքս՝ «Այն, ինչ մշտական չէ, միայնակ է»:

 

-Դե, ցտեսություն:

-Ցտեսություն:


Հ. Գ. Ի դեպ, Բաբաջանյանը վերջերս Շվեյցարիայում անցկացվող «Pre-Art» 8-րդ միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի: Որպես պարգևատրում' Բաբաջանյանի «Traerp» ստեղծագործությունն արժանացել է 3000 շվեյցարական ֆրանկի: Բաբաջանյանի «Traerp» ստեղծագործությունը այս տարվա դեկտեմբերին կկատարվի Շվեյցարիայի տարբեր քաղաքներում: 


 

 

Կարինե Հարությունյան