Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը հակասահմանադրական ճանաչելու` ՍԴ որոշումից հետո օրենսդիր և գործադիր իշխանությունը, ինչպես և սպասվում էր, տոտալ ձևով սկսել են այն մեկնաբանել յուրովի և պնդել, որ համապատասխան օրենքն այն տեսքով, որով ընդունվել էր, և այն ձևակերպումներով, որոնք ՍԴ-ն ճանաչել էր հակասահմանադրական, շարունակում է մնալ ուժի մեջ մինչև սեպտեմբերի 30-ը:
Իսկ դա նշանակում է, որ գործադիրը ոչ միայն մտադրություն չունի հետ վերադարձնել անցած երեք ամիսներին աշխատողների անունից իրենց գործատուների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարումները, այլև շարունակելու է նույն համակարգի շրջանակում հավաքագրումները կատարել մինչև սեպտեմբերի 30-ը: Ավելին` նման մեկնաբանության պարագայում գործադիրը, փաստորեն, իրավունք է ստանում պատասխանատվության ենթարկել այն քաղաքացիներին և գործատուներին, որոնք կհրաժարվեն կատարել այդ փոխանցումները, ինչն արգելված էր ՍԴ նախկին աշխատակարգային որոշմամբ: Որ կառավարությունը փորձելու էր ՍԴ որոշումը յուրովի մեկնաբանել, որևէ մեկը չէր էլ կասկածում: Սակայն ողջ հարցն այն է, որ ՍԴ-ն փաստացի ինքը գործադիրին տվեց դրա բոլոր իրավունքները և դա արեց` հայաստանյան սահմանադրաիրավական պրակտիկայում ստեղծելով նոր, չափազանց վտանգավոր երկու նախադեպ:
Նախ` վիճարկվող օրենքի` պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը Սահմանադրությանը հակասող ճանաչելով հանդերձ` ՍԴ-ն իր որոշմամբ դրանք ուժի մեջ թողեց մինչև սեպտեմբերի 30-ը: Այսինքն` այդ ողջ ընթացքում առնվազն կենսաթոշակային համակարգում տիրելու է հակասահամանադրական ռեժիմ, իսկ կառավարությանը փաստացի իրավունք է տրվում կատարել հակասահմանադրական գործողություններ` քաղաքացիների սեփականությունը առանց նրա կամքի և թույլտվության տնօրինելու կամ, ավելի ճիշտ, բռնագրավելու եղանակով:
Ստացվում է, որ իր որոշմամբ ՍԴ-ն լեգիտիմացրել, օրինականացրել է ապօրինությունը` առնվազն առաջիկա 6 ամիսների կտրվածքով: Եթե անգամ ընդունենք, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքը տալիս է առանձնահատուկ իրավիճակներում նման բան արտոնելու հնարավորություն, ապա դրա համար նախ անհրաժեշտ էր, որպեսզի նույն ՍԴ-ն իր նույն որոշման մեջ հիմնավորեր, որ ստեղծված իրավիճակը բնույթով առաձնահատուկ է և իսկապես ստեղծում է իրավական անվտանգությանն սպառնացող վտանգ, ինչպես ձևակերպված է օրենքում:
ՍԴ-ն, սակայն, այդ հիմնավորումները իր 64 էջանոց որոշման մեջ չի տալիս ընդհանրապես: Իսկ սա նշանակում է, որ թեկուզ տեսականորեն, ստեղծվում է նախադեպ` լեգիտիմացնելու իշխանության կամ որևէ այլ սուբյեկտի կողմից շատ ավելի ծանր հանցագործությունների կատարումը: Օրինակ` եթե որևէ մեկն ապօրինի բռնազավթի իշխանությունը, ՍԴ-ն կարող է նույն տրամաբանությամբ որոշում կայացնել, որ ճիշտ է, այդ որևէ մեկը հանցագործություն է կատարել, բայց դեռ կարող է այն շարունակել մի մի քանի ամիս, մի քանի տարի և, եթե շատ ցանկանա, նույնիսկ հավերժ: Սա այլ կերպ, քան հանցակցություն, ուղղակի հնարավոր չէ անվանել:
Երկրորդ` կառավարությունը ՍԴ որոշումը սկսեց յուրովի մեկնաբանել և հետագա որոշումները դրանով հիմնավորել միայն այն պատճառով, որ ՍԴ այդ որոշումն առաջինը յուրովի սկսեցին մեկնաբանել ՍԴ անդամները, մասնավորապես` Ֆելիքս Թոխյանը: Նա, փաստորեն, առաջինը հայտարարեց, որ հակասահմանադրական դրույթները ուժի մեջ են մինչև սեպտեմբերի 30-ը, և որ ՍԴ-ն ոչ թե պարտադիր կուտակային բաղադրիչն է հակաահմանադրական ճանաչել, այլ օրենքի վիճարկվող մի քանի դրույթները, կարծես, այդ դրույթները վերաբերում էին մեքենաշինական գործարանում հաց թխելու իրավունքին:
Ըստ էության` Ֆելքիս Թոխյանի մեկնաբանությունները իրավական ավելի մեծ ուժ ունեցան, քան ՍԴ-ի որոշումը: Եթե ՍԴ-ն հետայսու ևս առաջնորդվի այս պրակտիկայով, ապա չի բացառվում, որ առաջիկայում կարող ենք բախվել մի իրականության, երբ սրտատրոփ պետք է սպասենք ոչ թե ՍԴ-ի որոշումներին, այն դրանց վերաբերյալ ՍԴ այս կամ այն դատավորի մեկնաբանություններին` հասկանալու համար, թե ինչ հետևություններ պետք է անել: Այսպիսով` ՍԴ-ն ստեղծում է իր իսկ որոշումների համար ուղիղ պատասխանատվությունից խուսափելու լրացուցիչ մեխանիզմ, որը «զարգանալու» և օրինաչափ պրակտիկայի վերածվելու բավական մեծ պոտենցիալ ունի:
Փաստորեն, հրաշք տեղի չունեցավ, ՍԴ-ի կիսաքանդ, խղճուկ խրճիթը ոչ միայն հիասքանչ ապարանք չդարձավ, այլ գրեթե լիակատար փլատակների վերածվեց: ՍԴ-ն հիմա հաստատում է, որ հասարակությանն ալեկոծած խնդիրը ոչ թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մեջ է, այլ ընդամենը օրենքում իրավական մի քանի ձևակերպումների, որոնք կարելի է ու պետք է շտկել մինչև հոկտեմբեր` հասարակական կրքերը հանդարտեցնելու, մանիպուլյացիայի ենթարկելու համար: Իսկ դրա գլխավոր նրբությունն այն է, որ երբ սեպտեմբերին արդեն օրենքի այդ դրույթները փոփոխված կլինեն, ոչ ոք օրենքի սահմանադրականության հարց չի առաջադրի, քանի որ այդ կապակցությամբ արդեն մեկ անգամ վճիռ կայացվել է: Արդյունքում` կառավարությունը լեգիտիմացրեց իր ընտրած ճանապարհը, ՍԴ-ն մի քանի ծափահարություններ շահեց` քիչ թե շատ ինքնուրույն դիմագիծ ցույց տալու նախնական տպավորություն ստեղծելով: Իսկ դա բոլորովին էլ կառավարությանը նոկդաունի ենթարկել չէ, ինչպես թվում էր առաջին հայացքից: Սա նման է բռնցքամարտի, որին մասնակցող բռնցքամարտիկները նախապես պայմանավորված մարտ են անցկացնում, որի կուլմինացիոն կետում նրանցից մեկը պետք է պարզապես նոկդաունի ենթարկված լինելու իմիտացիա ստեղծի` ապահովելով մյուսի լիակատար հաղթանակը: Եվ նրանց թվում է, թե հանդիսատեսը պետք է շարունակի ծափահարել:
Գևորգ Աղաբաբյան