Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն այնքան հագեցած ու հոգնեցուցիչ այց է ունեցել, այնքան լարված է եղել այցի ընթացքում և հետո, որ մոռացել է` երկրում կա ՀՀ գործող Սահմանադրություն, և իր քաղաքական ցանկությունները պետք է ինստիտուցիոնալիզացնել բացառապես Սահմանադրության շրջանակներում: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Փաշինյանի` «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցի այն հայտարարությանը, թե չի բացառում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն նաև այս տարի:
Իսկ թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չի ցանկանում սահմանադրական փոփոխություններ, Աշոտյանն ասաց. «Եթե մի գեղեցիկ խելացի աղջկա ասում են` դու պետք է պսակվես, ինքը ի՞նչ պետք է ասի` այո՞, եթե չգիտի, թե ում հետ, ինչ պայմաններում, ինչ ընտանիքի մարդ է: Օրինակը շատ կենցաղային էր, բայց` տիպիկ, որովհետև սահմանադրական փոփոխություններ կոչվածը, եթե բացառապես նպաստելու է գործող իշխանությունների վերարտադրությանը, ապա կրկնում են այն արատավոր պրակտիկան, որի մեջ նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր մեզ: Եթե սահմանադրական փոփոխությունները տալու են պետության զարգացման հնարավորություն, ապա խորհրդարանական հանրապետության մոդելից որևէ մեկը, անգամ` գործող կառավարությունը իր հանրային ելույթներում չի հրաժարվել: Սահմանադրությունը փոխել վերարտադրվելու համար, կարծում եմ, բնորոշ է Ադրբեջանին, Թուրքմենստանին, այն երկրներին, որտեղ սահմանադրությունները փոխվում են վերարտադրության համար»:
Աշոտյանը հիշեցրեց, որ իրենց ժամանակին մեղադրում էին այդ նույն տրամաբանությամբ սահմանադրություն փոխելու մեջ: «Այդ փորձերը` օրակարգը շեղելու Նիկոլ Փաշինյանից, որը խրված է բազմաթիվ պրոբլեմների մեջ և փորձում է իր հաջողություններն ամրագրել` բացառապես պայքարելով նախկինների ուրվականի դեմ, այդ մարտավարությունը տապալված համարենք, որովհետև 100 օր անց, կարծում եմ, «Սերժի ժամանակ ինչու այդպես չէր» հեշթեգն այլևս ակտուալ չէ»,- ասաց նա:
Աշոտյանը շեշտեց, որ սահմանադրությունները չեն կարող փոխվել` ելնելով այս կամ այն անձի քաղաքական նկրտումներից ու ցանկություններից: ««Մարդիկ սիրում են ինձ» կարգախոսով փորձել քանդել պետության հիմքերը, սեփական քաղաքական շահերով թելադրել պետության ապագան, առնվազն անպատասխանատու է, եթե չասեմ` նաև վտանգավոր»,- եզրափակեց նա: