Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քեսաբի խնդիրը, որը, բնականորեն, ցնցումների մեջ է գցել աշխարհասփյուռ հայությանը, իրականում նոր չէ: Դա սկսվեց այն պահից, երբ սիրիական քաղաքական ճգնաժամը մտավ պատերազմական փուլ, և երբ Թուրքիան անմիջականորեն ներգրավվեց դրանում` Ասադի վարչակարգի տապալումից հետո այդ երկիրն իր խամաճիկը դարձնելու անթաքույց նկրտումներով: Դեռ քաղաքացիական պատերազմի նախնական փուլում, երբ զինյալ գրոհայինները սկսեցին Հալեպի հայկական համայնքի հետ ուլտիմատումների ու հաշվեհարդարի սպառնալիքների լեզվով խոսել, պարզ դարձավ, որ Թուրքիայի երկրորդային, ստվերային խնդիրը ապստամբների ձեռքով Սիրիայում հայկական գործոնի վերջնական չեզոքացում է:
Եվ չնայած դրան ուղղված կոնկրետ գործողություններին, բաց տեքստով արվող ակնարկներին, ըստ էության, Հայաստանը մնաց դրանց անհաղորդ` ցուցադրելով համայնքի գոյությանը սպառնացող վտանգին բացարձակ անադեկվատություն: Իսկ այս դեպքում խնդիրը Հայաստանին, այլ ոչ թե Սփյուռքին էր վերաբերում, որովհետև Սփյուռքը միջազգային իրավունքի սուբյենտ չէ և հարցի միջազգայնացման, քաղաքական ու դիվանագիտական հետապնդման որևէ լծակ, ի տարբերություն Հայաստանի, չունի: Քեսաբը պարզապես վերջին դաժան ակորդն էր, այն վիճակը, երբ բանը բանից անցելուց հետո արդեն գրեթե մնում է ուշացած և քաոսային կերպով ահազանգելը, հետևանքների մեղմացման մասին մտածելը:
Քեսաբը բացահայտեց, մի կողմից, Սիրիայում հայկական գործոնը վերացնելու հարցում թուրքական իշխանությունների գործողությունների պլանավորվածությունն ու հետևողականությունը, իսկ մյուս կողմից` Հայաստանի անպատրաստ և անուղեգիծ լինելը, այդ քաղաքականությանը հակազդելու կամքի բացակայությունը: Այս ամենի դրամատիզմը, նույնիսկ ողբերգականությունն այն է, որ տեղի է ունենում Ցեղասպանության 100-րդ տարելիցի գրեթե նախօրեին: Քանի դեռ հայության ամենատարբեր շրջանակներ ինքնագոհ ու վերամբարձ պնդումներ են անում 2015թ. Ցեղասպանության միջազգային ճանաչման շրջանակում Թուրքիայի գլխին «Արմագեդոն» սարքելու և տոտալ գրոհի ենթարկելու մասին, Անկարան նրանց քթի տակ էթնիկ զտումների, ազգային փոքրամասնությունների հավաքականությունը ոչնչացնելուն ուղղված հաջող ձեռնարկումներ է իրականացնում գրեթե նույն մեթոդներով, ինչ 20-րդ դարասկզբին` փաստացի ծիծաղելով թե' հայության և թե', առհասարակ, քաղաքակիրթ մարդկության երեսին: Քեսաբի իրադարձությունների ֆոնին նմանատիպ արմագեդոնները գրոշի արժեք անգամ չեն ստանում:
Առաջին արձագանքը, որ եղավ Հայաստանի պաշտոնական շրջանակներից, պառլամենտի մի քանի պատգամավորների համատեղ, կարճ հայտարարության ընդունումն էր, որով Քեսաբում կատարվածը որակվում էր իբրև «նոր մարտահրավեր` ուղղված Ցեղասպանության հետեւանքով Մերձավոր Արեւելքում ձեւավորված հայկական սփյուռքի դեմ» և կոչ էր ուղղվում միջազգային հանրությանը` ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկել Քեսաբի հայաբնակ տարածքներ՝ «փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը»: Իր շեշտադրումներով, պահանջներով հայտարարությունը բավականաչափ թիրախային ու կոշտ էր: Բայց փաստը, որ այն ընդունվեց ընդամենը մի քանի պատգամավորների անունից, ոչ միայն անլուրջ էր, այլև չափազանց մտահոգիչ: Միակ «արդյունքը», որը գրանցեց այդ քայլը հայտարարությունը և ԱԺ-ի դերակատարությունն արժեզրկելու, ընդհանրապես ջայլամի կեցվածք ընդունելու ակնհայտ միտման քողազերծումն էր, որն ամբողջական դարձրեց անձամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` հայտարարելով, թե Քեսաբում տեղի ուենցողը Սիրիայի ներքին հարցն է, որին միջամտելու իրավունք Հայաստանը չունի: Ասել, թե սա անմեղսունակ հայտարարություն է, նշանակում է չասել ոչինչ, որովհետև խոսքը ոչ միայն միջազգային կոնվենցիաներով պաշտպանված մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտմանն է վերաբերում, այլ, ըստ էության, օտար երկրի տարածքում իրականացվող էթնիկ զտումներին, տեղահանության պարտադրմանը, որոնք Ցեղասպանության իրականացման մեթոդներ են:
Աբրահամյանի հայտարարությունից պետք է եզրակացնել, որ եթե Քեսաբի հայերը չհասցնեին իրենց ֆիզիկական գոյությունը փրկել` բնակավայրերը լքելով, զանգվածաբար գնդակահարվեին ահաբեկչական խմբավորումների կողմից, Հովիկ Աբրահամյանը դեմքի լայն ժպիտով պիտի հայտարարեր, որ այդտեղ ոչ ոք անելիք չունի, քանի որ Սիրիայի գործերին միջամտելու իրավունք չունի: Բայց Հովիկ Աբրահամյանն այդպես չի վարվի, որովհետև երբ Հաագայից հնչեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Քեսաբի վերաբերյալ, բարեբախտաբար, պարզ դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի և նրա ղեկավարած պառլամենտի, մեղմ ասած, ահաբեկվածությունը, այնուամենայնիվ, Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չի արտացոլում, և որ Երևանը, գուցե ուշացած, ինչ-որ քայլեր ձեռնարկի ՄԱԿ-ում, ըստ նախագահի` «Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման եւ նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրների» շրջանակում: Արդեն պետք է սպասել, որ ինչպես սովորաբար լինում է, ԱԺ նախագահը, դեմքի նույն լրջությամբ, Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու սկզբունքով, սկսելու է «հաթաթա» տալ Թուրքիային, խոսել Հայաստանի անելիքների մասին և հանկարծ պարզել, որ որոշ իրավիճակներ կան, երբ կարելի է նաև միջամտել, օրինակ` Սիրիայի ներքին հարցերին:
Բայց ինքնին այն փաստը, որ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի պահվածքը այդ աստիճան հակադրվում էր նախագահի հայտարարության հիմնական ուղղվածությանը, բաց տեքստով խոսում է երկու իրողության մասին: Առաջին` որ ոչ միայն պետական քաղաքականության հիմքում համահայկական օրակարգ` իր բոլոր մարտահրավերներով ու ստրատեգիական կողմնորոշիչներով, գոյություն չունի, այլև` որ այդպիսին չի էլ մշակվում: Երկրորդ` որ սկսած կենցաղային ամենատարրական հարցերից, վերջացրած ազգային անվտանգությանն առնչվող խնդիրներով, որոշումները կայացվում են միանձնյա` նախագահի կողմից` մի խումբ մարդկանց խորհրդատվության արդյունքում: Այդ պատճառով էլ պետական իշխանության մի թևը չգիտի` ինչ է անում ու մտածում մյուսը, և մի ողջ պետական ինստիտուտ ընկնում է նման անլուրջ ու ծիծաղելի վիճակի մեջ:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ