կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-21 13:10
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է չորս ուժերի ղեկավարների հանդիպմանը

Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է չորս ուժերի ղեկավարների հանդիպմանը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ թեև խորհրդարանի ներսում կառուցողական համագործակցություն է ընդդիմադիր ուժերի միջև, բայց առայժմ չորսի ֆորմատով համագործակցությունը միմիայն խորհրդարանում է:

 

Նա նշեց, որ ինքը և «Ժառանգություն» կուսակցությունը համարում են, որ, վարչապետ փոխելով, երկրի վիճակը չի փոխվելու, պետք է ամբողջականն իշխանափոխություն, սակայն դեմ չեն լինի խորհրդարանական չորս ուժերի համագործակցությանը, թեև համարում են, որ դա կիսամոտեցում է, այն էլ՝ ուշացած:

 

«Դա չի նշանակում, որ մենք դուրս ենք գալիս խորհրդարանական համագործակցության ձևաչափից, բայց ասում ենք, որ դա երկիրը փոխելու արմատական միջոցը չէ: «Ժառանգությունը» դեմ չի լինի և, հանուն այդ համագործակցության, կմիանա կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին: Բայց դա կիսամիջոց է, և արատը վերևից է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ինքը կշարունակի իր փնտրտուքները նաև խորհրդարանից դուրս արտախորհրդարանական ուժերի՝ քաղաքական ուժերի ու քաղաքացիական նախաձեռնությունների հետ:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքն ակնկալում է այդ չորս ոչ իշխանական ուժերի ղեկավարների միջև հավաք, որտեղ ինքը կներկայացնի իր ծրագիրը և ժամանակացույցը` իրականացնելու համար ամբողջական իշխանափոխություն, և այդտեղ, ըստ նրա, անհրաժեշտ է չորս ուժերի ղեկավար անձանց բանավոր ու գրավոր համաձայնությունը՝ համատեղ ծրագրի իրականացման և որոշումներ ընդունելու գործընթացի հետ կապված:

 

«Քանի դեռ այդ հանդիպումը չկա, կգործի խորհրդարանական աննախադեպ համագործակցության ձևաչափը, որը նվազագույն շեմն է համագործակցության, դրանից դուրս գալու խնդիր չկա, իսկ մյուս համագործակցությունը դեռ չի կայացել, որ խոսենք դրանից դուրս գալու մասին: Ես պատրաստ եմ այդ հանդիպմանը՝ շտկելու որոշ անհարթություններ ու տարաձայնություններ»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հույս ունի` չորս ղեկավարների միջև հանդիպումը շատ շուտով կկայանա, որովհետև ժամանակ այլևս չկա սպասելու, և պետք է գործել անհապաղ՝ իրականություն դարձնելու Սահմանադրության երկրորդ հոդվածը: