Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանն այսօր դուրս է մղվել իշխանության քաղաքական օրակարգից: Ոչինչ տեղի չի ունենում ըստ Հայաստանի: Այն, որ ձուն չի թանկանա, լավ է, բայց որ Վանաձորը ցրտի ու խավարի մեջ է, լավ չէ: Երկուսն էլ, ամեն դեպքում, Հայաստանի Հանրապետություն կոչվող օրգանիզմի մեջ չեն: Самотек (ինքնահոսի) իրադարձություններ են: Կարող էին տեղի ունենալ, ասենք, Ալյասկայի կղզիներից մեկում: Մեր իշխանությունը չի թաքցնում, որ Հայաստանի Հանրապետությունը կառավարման ենթակա չէ: Կառավարել` նշանակում է ունենալ մշակված քաղաքականություն: Նշանակում է՝ խելք խելքի տալ: Իսկ խելք խելքի տալ` նշանակում է Հովիկ Աբրահամյանին ուղղակի վռնդել ԱԺ նախագահի աթոռից, որովհետեւ չի կարելի այդ ամբիոնից հոխորտալ ընդդիմության վրա, թե «դուք փոքրամասնություն եք ու փորձում եք ուժի դիրքերից խոսել. չի հաջողվի»:
Խելք խելքի տվող հասարակությունում չկա այնպիսի փոքրամասնություն, որն ընդհանրապես չկա: Խելք խելքի տվող հասարակությունում Հովիկ Աբրահամյանը պատմական անոմալիաների թեմա է, ոչ թե մոտ 5 տարի ԱԺ նախագահ ու դեռ՝ գործող: Խելք խելքի տվող հասարակությունում քաղաքական փոքրամասնությունը չի դառնում վիրավոր վագր, որը փորձում է «որասագողերից» պաշտպանել իր վերջին «փշրանքները»: ԱԺ կամ Սենատ երեւույթը հին հռոմեացիները մտածել են հենց խելք խելքի տվող հասարակության համար, որպեսզի տարբեր քաղաքական համակրանք ունեցող մարդիկ այսօր քննարկեն, ասենք, «Որոտան» կասկադի վաճառքը: Խելք խելքի տվող հասարակությունում Հայաստանը Ռուսաստանի կամ Արեւմուտքի ծրագրերի ծանոթագրությունը չէ, Հայաստանը Հայաստան է, որտեղ Ռուսաստանը եւ Արեւմուտքը միջանցիկ քամիներ են: Հայաստանակենտրոն իշխանությունը միֆ է: Տիգրան Սարգսյանը նույն հաջողությամբ կարող էր լինել Ադրբեջանի վարչապետ ու դրանից ադրբեջանցիների վիճակը մերինից լավ չէր լինելու: Կամ, նույնիսկ, Անգոլայի: Կապ չունի: Այդ մարդը չի սիրում դիմացինի աչքերի մեջ նայել, այդ մարդը չգիտի, թե էս երկրում ով է խեղճ, ով է անհույս, ով է հիվանդ: Գլխավորը, որ դա ինքն ու իր ընտանիքը չեն: Այդ մարդը, գրազ կգամ, նախագահ էլ չունի, կառավարություն էլ չունի, որովհետեւ նախագահը եւ կառավարությունը գործառույթներ են, իսկ Տիգրան Սարգսյանը, ոսկու վաճառքից սկսած, բյուջե է կողոպտում:
Նորմալ է, երբ եսասեր է պետություն չունեցող մարդը: Նա միշտ լուծում է գոյության պայքարի խնդիրներ: Բայց պետության շարքային քաղաքացին գոնե ինչ-որ չափով մասնակցում է իր երկրի անվտանգության խնդիրներին: Ասենք` թեկուզ խոշոր գումարով հրաժարվում է ծառայել օտար կամ թշնամի պետության ծրագրերին: Որովհետեւ դավաճանությունը միշտ տարածվում է մարդկանց վրա, որոնց դու գնահատել ես, որոնց հետ ունես ընդհանուր անցյալ, երբեմն նույնիսկ «ընդհանուր» գերեզման, եթե քույր կամ եղբայր ունես, իսկ հայր ու մայր` արդեն ոչ: Մեր իշխանություններին հետեւելով` դժվարանում ես կողմնորոշվել, թե նրանցից հատկապես ո՞ր մեկն է ծառայում Հայաստանի Հանրապետությանը: Սերժ Սարգսյանն ասում է՝ սերունդները մեզ շնորհակալություն են ասելու պարտադիր կուտակայինի ներդրման համար: Ոչ մի սերունդ չի կարող 45 տարի անընդմեջ մտածել, որ հետ է բերելու ամենեւին ոչ սեփական երկրում ներդրած գումարները: Եթե կա այդպիսի սերունդ, ինքը գոյության արժանի չէ, այդ սերունդը հուսալի չէ: Մինիմում պետք է հումորի զգացում ունենա այդպիսի սերունդը, որը միայն կողքից կարող է նայել, թե ինչպես է մեկ այլ սերունդ գումար ներդրում` ուղիղ 45 տարի հետո թոշակ ստանալու համար: Ոչ ոք այդպիսի սերնդի հետ գործ չի բռնի: Այսինքն` ոչ ոք գործ չի բռնի ինքնակողոպտիչի հետ: Ինքնակողոպտիչը նույնիսկ պետություն չունեցող արարած չէ, նա մի պարզ հիմար է, որը կամավոր թույլ է տալիս, որ իրեն կողոպտեն: Նշանակում է` այդպիսի սերունդը չի ձգելու հաջորդ 45 տարվա գոնե կեսը: Որովհետեւ այդպես էլ գլխի չի ընկել, որ պարտադիր կուտակայինը, որը տեւելու է 45 տարի, գողություն է, որում պետությունը քեզ թալանում է` աչքերիդ մեջ նայելով: Ահա, թե երբ է Տիգրան Սարգսյանը նայում իր քաղաքացիների աչքերի մեջ:
Սեյրան Հանոյան