կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-06 14:41
Առանց Կատեգորիա

Քելեխը կերված պաշտոն

Քելեխը կերված պաշտոն

Կառավարությունում այս օրերին բավական ակտիվ գարնանային սեզոն է. նոր նշանակումներն ու պաշտոնյաների փոխատեղումները հաջորդում են իրար՝ հավանաբար ցույց տալու համար, որ Տ. Սարգսյանի կաբինետը բացառիկ զգայուն կառույց է՝ միշտ միտված փոփոխությունների և զարգացումների:

 

Այս առումով ոչինչ չենք կարող ասել այդ փոփոխություններից, օրինակ, էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալի նշանակման մասին, բայց ահա մշակույթի նախարարի տեղակալի նշանակումը ոչ միայն նշանակալից, այլև զարմանալի իրադարձություն է:Նշանակալից ոչ նրանով, որ մշակույթի նախարարությունում առավել բարձր պաշտոն է ստանձնում մեկը, ում անունը տարիներ առաջ առնչվել էր այստեղ բացահայտված խոշոր չափերի յուրացման մի գործի հետ, որից չոր դուրս գալուց հետո այդ պաշտոնյան հայտնվել էր մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնում:

 

Անշուշտ, որևէ մեկը չի ժխտում, որ քրեական այդ գործում մշակույթի նախարարի նորանշանակ տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի անունը լրիվ պատահականորեն է հայտնվել, հակառակ դեպքում՝ ինչու պիտի նույն նախարարությունում տարիներ շարունակ նա պաշտոնավարեր արդեն նախարարի խորհրդականի կարգավիճակով: Սակայն «տիգրանակերտ» այս նշանակման ամբողջ հմայքն այն է, որ մշակույթի նախարարի նոր տեղակալ նշանակելով՝ ՀՀ կառավարությունը վերակենդանացման մասին պաշտոնական իրազեկում է կատարում մի մեռած աթոռի վերաբերմամբ, որպիսին մշակույթի նախարարի այս տեղակալի աթոռն է: Խնդիրն այն է, որ այդ աթոռը թափուր է մնացել ավելի քան 4 տարի՝ 2010 թվականի հունվարից սկսած, ժամանակ ու տարիք են անցել այդ աթոռի վրայով, և վերջինս մաշվել է ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես, որովհետև նրա կարիքը մշակույթի նախարարությունում փաստորեն չեն էլ զգացել: Եվ եթե անցած այդ տարիների ընթացքում մշակույթի նախարարը հեշտ ու հանգիստ յոլա է գնացել առանց այդ աթոռի ու աթոռակալի, եթե 4 տարի շարունակ տարեվերջյան հաշվետվություններում իր գերատեսչության աշխատանքները գնահատել է լավ ու գերազանց՝ լի տարատեսակ նվաճումներով, ուրեմն հարց է ծագում՝ ինչու է հոգեդարձ արվում մի պաշտոն, որի քելեխը վաղուց են կերել:

 

Հ.Գ.: Ներսես Տեր-Վարդանյանը համակարգելու է թատերարվեստի, երաժշտարվեստի, կինոարվեստի և գրականության բնագավառները: Խեղճ «բնագավառներ», 4 տարի փաստորեն անտեր են եղել:

 

Լ. Սարգսյան