կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-28 11:15
Առանց Կատեգորիա

Թագավոր լինելու արժանապատվությունը

Թագավոր լինելու արժանապատվությունը

Մարտական դիրքում զոհված Արմեն Հովհաննիսյանի սխրանքն անտարակույս արժանի է ավելի մեծ փառքի ու գնահատականի: Վստահ ենք` ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Բայց ժողովուրդն իր գնահատականն արդեն տալիս է. համացանցում կարելի է լսել ոչ միայն երգեր, այլև կարդալ Արմենին նվիրված ոտանավորներ, որոնց հեղինակները տարբեր տարիքի մարդիկ են, նաև` Սփյուռքից: Եվ ինչն է զարմանալին` որքան անարվեստ ու անզարդ, այնքան հուզիչ ու առինքնող են դրանք, հեղինակները` որքան անհայտ, նույնքան դրանք ընկալվում են իբրև ժողովրդական:

 

Ունե՞ր Արմենը հայրենիքի ու նրա սրբազանության գիտակցումը, գիտակցվա՞ծ մահ էր արդյոք նրա մահը: Անշուշտ, ուներ, անշուշտ, գիտակցված էր: Եվ դա փաստում են ոչ միայն այդ հերոսական օրվա դեպքերը, այլև դեպքերի նախօրեին սոցցանցում Արմենի ձեռքով արված վերջին գրառումը, որն ուղղակի ցնցում է իր միստիկ բովանդակությամբ` հետին թվով լուսավորելով նաև Արմենի ինքնազոհության պատրաստակամության ու դրա գիտակցված լինելու իրողությունը: Զոհվելուց ժամեր առաջ Արմենը մեծատառերով գրել էր. «ՊՈՍՏ ՊԱՀՈՂ ՍԱՂ ՏՂԵՔԸ ԹԱՔԱՎՈՐ ՏՂԵՔ ԵՆ»: Հենց այսպես` պարզ ու հասարակ, առանց սեթևեթանքների, առանց նույնիսկ ուղղագրության ու ուղղախոսության, բայց և` զարմանալի ուղղամտությամբ, արժանապատվության խորին գիտակցումով: Եվ այս ինքնաբնորոշումը` «թագավոր տղեք», ոչ միայն սեփական նվիրումի խորության ըմբռնումից է, այլև հողը հայրենիք դարձնող, տարածքը թագավորության վերածող պարզ, բայց անխաբ ընկալումից, որ տրված է միայն խիզախներին:

 

Արմենի վերջին գրառման մեջ, գուցե դա թվացողություն է կամ պատրանք, բայց նաև ընդվզումի շեշտեր կան, և այդ առումով այն ոչ միայն ինքնագնահատական է, այլև ուղերձ ու կոչ, մի յուրատեսակ «Կոչեմ ապրողաց»: «ՊՈՍՏ ՊԱՀՈՂ ԲՈԼՈՐ ՏՂԵՔԸ ԹԱՔԱՎՈՐ ՏՂԵՔ ԵՆ»-ը ուղերձ է բոլոր նրանց, ովքեր, թաքնվելով մեծահարուստ պապաների, մեծապաշտոն յուրայինների թիկունքում, կաշառքով ու հովանավորչությամբ իրենց զրկում են թագավոր զգալու բացառիկ հնարավորությունից, այն արժանապատիվ ինքնընկալումից, որն ակամա նաև սահման է քաշում նրանց ու «թագավորների» միջև: Դա ամոթալի սահման է: Ուստի Արմենի գրառումը նաև սթափության կոչ է բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ անում են` իրենց զավակների թագավոր զգալու նվիրումը` ներհատուկ ամեն մի իսկական հայորդու, սպանելու համար…

 

Շնորհավոր տոնդ, թագավո'ր տղա...

 

Հ.Գ. Ուրիշ հազարավորների նման` տողերս գրողի տունն էլ փոքրիկ մի «արքունիք» է, որ սպասում է իր թագավորի վերադարձին (ավագ որդիս «թագավորել է» 2003-05 թվականներին, դարձյալ Ղարաբաղում): Իսկ նույն օրը, երբ զոհվեց Արմենը, կրտսեր որդիս դիրքերում էր, Արմենին շատ մոտիկ: Նա ճանաչում էր Արմենին: Ուրեմն` նա արդեն ճանաչում է թագավոր լինելու արժանապատվությունը:

 

Լևոն Սարգսյան