կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-01-22 12:03
Առանց Կատեգորիա

Համաշխարհային գիտուններին էլ են ''մզցնում''

Համաշխարհային գիտուններին էլ են ''մզցնում''

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Լոնդոնում մասնակցել է կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Կրթական գործի տարածաշրջանային մեր գերուղեղը, անշուշտ, համաժողովում նաև ելույթ է ունեցել, ինչը չեն վարանել հանրությանը օպերատիվ կերպով տեղեկացնել ԿԳ նախարարությունից: Չնայած բավական համեստ ձևակերպումներով տեղեկատվությանը՝ Աշոտյանն ակնհայտորեն գլոբալ ելույթ է ունեցել, մասնավորապես դա է հուշում այն փաստը, որ ելույթում նա նաև «շեշտումներ» ու «ընդգծումներ» է արել, իմա՝ խելք է սովորեցրել համաշխարհային կրթական գործի մասնագետներին: Բա Աշոտյանն է՝ կսովորեցնի:

 

Նրա «շեշտումներն» ու «ընդգծումները»՝ ահավասիկ. «Աշոտյանը իր խոսքում շեշտել է այն հանգամանքը, որ կարողությունների և հմտությունների զարգացմանը միտված ժամանակակից կրթահամակարգը, որտեղ գիտելիքների և ունակությունների զարգացման համար տեղեկատվական տեխնոլոգիաները դառնում են որոշիչ, միաժամանակ կարիք ունի հստակեցնել երիտասարդ սերնդի արժեքների ձևավորման և զարգացման հարցը»: Սա՝ «շեշտը», հիմա՝ «ընդգծումը». «Անդրադառնալով կրթության տնտեսական նշանակությանը` նա միաժամանակ ընդգծել է, որ խիստ անհրաժեշտ է չանտեսել կրթության հասարակական և սոցիալական նշանակությունը, որպեսզի կրթության շնորհիվ ձևավորվի ոչ միայն հմուտ աշխատակազմ, այլև ազգային դիմագիծը պահպանած և ժողովրդավար հասարակության լիարժեք քաղաքացի»: Այս ամբողջ «գերիմաստությունները», որոնք հնչեցնելու համար ԿԳ նախարարը պետական փողերով հեռավոր Լոնդոն է հասել, և որոնցով այնպես հիացած է նրա գերատեսչության մամուլի ծառայությունը, Անգլիո մայրաքաղաքում, իհարկե, պետք է նաև սենսացիա առաջացնեին: Իսկապես, հաղորդագրության համաձայն՝ «այս թեզը (վերջին մեջբերման մասին է խոսքը՝ Լ.Ս.) հետաքրքրությամբ է քննարկվել համաժողովի մասնակիցների կողմից»: Պատկերացրիք, չէ՞՝ «հետաքրքրությամբ», այսինքն՝ չգիտեին, նոր իմացան:

 

ՀՀԿ-ի ջահելները, փաստորեն, համաշխարհային գիտուններին էլ են «մզցնում»:

 

Լ. Ս.