կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-17 12:04
Քաղաքական

Սեւ PR անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդների նկատմամբ

Սեւ PR անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդների նկատմամբ

Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու պաշտոնական ազդանշանը տրվել է։ Դիվանագիտական ներկայացուցիչների ընդհանուր հավաքի առիթով թե' նախագահ Գյուլի եւ թե' վարչապետ Էրդողանի ցուցմունք-ուղերձները շատ համահունչ են իրար եւ համարյա միեւնույն բովանդակությունն ունեն:

 

Այսպես` նշելով, որ շուտով լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, և հավանականություն կա, որ Թուրքիան միջազգային օրակարգ կգա բացասական լույսի ներքո, Գյուլը կարևորել է համապատասխան աշխատանքների կատարումը: Նա, մասնավորապես, հանձնարարել է անել ամեն հնարավորը, որպեսզի թուրքական պետությունը կրկին աշխարհի աչքին փայլի և երևա դրական լույսի ներքո:

 

Վարչապետը իրեն հատուկ ոճով եւ տոնայնությամբ միեւնույն ուղերձն է փոխանցել։ Նա  խոսել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Հայկական սփյուռքի նախաձեռնությունների մասին: Թուրքական «Դունյա բուլթենի» լրատվականի կայքի փոխանցմամբ' էրդողանը նշել է, թե Հայկական սփյուռքը պատրաստվում է1915 թվականը միակողմանի ներկայացնել և վերածել քաղաքական արշավի: «Այդ սև քարոզչության առաջ մենքամուր կանգնելու ենք»,- ասել է Էրդողանը:

 

Ըստ նրա' Թուրքիայում փորձեր եղել են սրբագրել պատմությունը, այլ կերպ ներկայացնել, սակայն թուրք ժողովուրդը սուտ պատմության մոլորության մեջ չի ընկել։

 

Եթե նախագահն ու վարչապետը, ուղղակի հարյուրամյակն ակնարկելով,հանձնարարություններ են փոխանցում Թուրքիայի արտաքին գերատեսչության պաշտոնյաներին, ապա այդ ոլորտը ղեկավարող արտգործնախարարը տարբեր ոճ եւ մարտավարություն է որդեգրել։ Երեւանի Սեւծովյան համաժողովից ի վեր նա շարունակում է  կենտրոնանալ հայ-թուրքական հարաբերությունների վերաձեռնարկման  հնարավոր ուղիների վրա, չմոռանալով, իհարկե, Բաքվի բաժինը։ Դավութօղլուն իր աճպարարական ասելաձեւերում չի մոռանում նաեւ Սփյուռքը' թուրքական Սփյուռքի նշանավոր տեսությունը տարբեր առիթներով կրկնելով։

 

Թուրքական ներիշխանական դերերի բաշխման պատկերը մոտաւորապես հետեւյալն է պարզում` մինչ Գյուլ-Էրդողանը Հայոց ցեղասպանության հարյուրամյակը  վերածում են  Թուրքիայի դիմագիծը միջազգային հարթության վրա պայծառացնելու առիթի, թուրք արտգործնախարարը «թուրքական Սփյուռքի» տեսության գործնականացման բեմագրություններ է սեւագրում։ Պարզ է տրամաբանությունը։ Այսօրվա Հայկական սփյուռքը շառավիղն է Օսմանյան կայսրության նախկին քաղաքացի հայերի, ուրեմն նրանք «անմարդկայնորեն տեղահանվածներ»  ժառանգորդներն են, որոնց իրաւունք է տրվում վերդառանալու իրենց երկիրը։ Աւելին. ոչ միայն վերադառնալու, այլ վերատիրանալու իրենց ունեցվածքներին, կալվածքներին կամ հատուցում ստանալու այդ բոլորի դիմաց։ Բնականաբար, անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդները առաջին հերթին պետք է վերականգնեն իրենց քաղաքացիությունը եւ վերջին հերթին իրաւականորեն հաստատեն, թե իրենց իրաւունքները լրիւ ստացել են, այս դեպքում իրենց անմարդկայնորեն տեղահանածների ժառանգորդներից։

 

Էրդողանի համոզմամբ` Թուրքիայի դեմ սեւ PR իրականացնողները Դավութօղլուի բանաձեւումով անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդներն են, որոնք հրավիրում է իր պաշտոնյան։

 

Երկու այս մոտեցումների արանքներում, թվում է թե Անկարան պիտի շարունակի իրականացնել սեւ PR անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդների նկատմամբ։ Իսկ սա ,Գյուլ-Էրդողան-Դավութօղլու եռյակի համոզմամբ ,պիտի պայծառացնի Թուրքիայի դիմագիծը միջազգային հարթության վրա։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր