կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-13 15:01
Առանց Կատեգորիա

Արձակուրդ է մեկնել նաև ՀՀԿ-ական պատվախնդրությունը

Արձակուրդ է մեկնել նաև ՀՀԿ-ական պատվախնդրությունը

Երկրորդ նախագահի կոշտ քննադատությանն ի պատասխան, ՀՀԿ-ական կուսական լռությունը ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել պատասխանելու դեպքում մոսկա (моська) կոչվելու մտավախությամբ. մոսկան այս պարագայում, կարծես, նաև բարոյական բովանդակություն ունի, իսկ դա ՀՀԿ-ականների համար փոքր-ինչ խորթ ըմբռնում է:

 

ՀՀԿ-ականների լռությունը իսկապես զարմանալի է, թեև նրանցից առավել ակտիվները փորձում են հրապարակային հախուռն պահվածքով ու հայհոյախառն բառապաշարով սքողել-մոռանալ տալ քննադատությանը պատասխանելու) իրենց պարտավորությունը, պարտավորություն, որ իրենց վրա դրել է երկրորդ նախագահը: Եվ թեկուզ վարչապետ Տիգրան Սարգսյանն առանձին հոդվածով անդրադառնում է իրեն ոչնչացնող քննադատությանը (խոստացել էր` ճար չկար), զուտ կուսակցական համերաշխությունն ու թիմակցին թիկունք կանգնելու բարոյական պարտքը պիտի որ ստիպեին ՀՀԿ-ական ոմանց հանդես գալ գոնե ինքնապաշտպանական ելույթներով: Բայց ՀՀԿ-ական ճամբարում, ինչպես ասացինք, կուսական լռություն է: Միայն երբեմն-երբեմն ինչ-որ շմայսների մռթմռթոցն է լսվում կամ մանվելների հոխորտանքը: Այնպիսի տպավորություն է, որ, իրենց առաջնորդին արձակուրդ ուղարկելով, ՀՀԿ-ական վերնախավն արձակուրդ է ուղարկել նաև ինքնապաշտպանական բնազդը, նույնիսկ` կուսակցականի պատվախնդրությունը:

 

Անշուշտ, չենք զարմանա, եթե ՀՀԿ-ական պատվախնդրությունը արձակուրդից վերադառնա առաջնորդի հետ միասին, որովհետև այս կուսակցությունում դրվածքն այնպիսին է, որ առաջնորդը տեղ գնալիս ճամպրուկի մեջ սովորաբար իր հետ տանում է կուսակցության եղած-չեղածը` որոշումներ կայացնելու կամքն ու նույնիսկ սովորական պատվախնդրությունն էլ հետը:

 

ՀՀԿ-ական կուսական լռությունը դժվար է պայմանավորել նաև երկրորդ նախագահի քննադատությունը բանի տեղ չդնելու դիրքորոշմամբ: Նախկինում նույնիսկ տասներորդական նշանակության գործիչների՝ ՀՀԿ-ի, նրա առաջնորդի կամ վարչապետի բոստանը նետած քարերն էին հարուցում արժանապատիվ ՀՀԿ-ականների բուռն հակազդեցությունն ու նույնիսկ հոխորտանքը (ականջները կանչի Գ. Սահակյանի ու մանավանդ` Էդ. Շարմազանովի), այնպես որ` այս քար լռության պատճառը նախագահի քննադատության հանդեպ ներողամիտ քամահրանքն էլ չէ: Հիմնավոր չէ, կարծում ենք, նաև այն բացատրությունը, թե ՀՀԿ-ականների պապանձման պատճառը Քոչարյանի հնարավոր վերադարձն է: Հիմնավոր չէ այն առումով, որ Ս. Սարգսյանի օրոք բարգավաճող սուբյեկտները ժամանակին ծաղկում էին նաև Քոչարյանի օրոք:

 

Լ. Տեր-Պետրոսյանի չստացված վերադարձով խաբված մի քանի պաշտոնյայից ու օլիգարխից բացի, այդ ո՞վ է, որ հիմա դարձյալ թամբին չէ: Թամբին են, այնպես որ` «սովոր» են Քոչարյանին, հետևաբար` առանձնապես վախ չունեն նրանից: Քոչարյանն էլ, իր հերթին, նրանց հենց այդպես` ծառայամիտ գիտի և միայն այդկերպ է ընդունում:

 

Միակ բացատրությունը, թե ինչո՞ւ է, այնուամենայնիվ, «ապշած» ՀՀԿ-ական «լճակը», ինչո՞ւ գոնե Սահակյանի ու Շարմազանովի «այլակք չեն խայտար», թերևս այն է, որ առաջնորդի հետ արձակուրդ է մեկնել նաև ՀՀԿ-ական պատվախնդրությունը, որը կվերադառնա այն ժամանակ, երբ արձակուրդից կվերադառնա ՀՀԿ-ի «միտքը, պատիվն ու խիղճը»: Ինչ վերաբերում է վարչապետի պատասխանին, ապա դա պատասխան չէ, ոչ էլ, առավել ևս, գիտական մեկնություն. դա մի սովորական` սոփեստական ելույթ է, որ վարչապետն ունենում է կառավարության ցանկացած նիստի ժամանակ, ասել է թե` նույնքան անբովանդակ ու սին, նույնչափ մտացածին ու անիմաստ: Այնպես որ` Քոչարյանի նետած գնդակը դեռ ՀՀԿ-ի դաշտում է, իսկ վարչապետը փուստ է տվել հարվածելիս: Զարմանալի բան չկա՝ վարչապետի հետ դա հաճախ է պատահում:

 

Լ. Սարգսյան