կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-01-10 13:14
Առանց Կատեգորիա

"Պիկսելները"

"Պիկսելները"

Կան միայն երկրապահներ եւ մտավորականներ: Սրանց ակունքը, որքան էլ տարօրինակ հնչի, հասնում է մինչեւ Քրիստոս: Այսինքն` մարդիկ, որոնք արդեն ծանրութեթեւ են արել, թե ինչ ունեն կորցնելու, եթե մինչեւ վերջ տրվեն: Ընդհանրապես ի՞նչ կարող է կորցնել մարդը: Առաջինը՝ ծնողներին, երկրորդը՝ երեխային, երրորդը՝ աշխատանքը: Ստալինը հրեշ էր, որովհետեւ նա չէր բավարարվում այն բանով, որ մարդիկ չարած մեղքը վերցնում էին իրենց վրա, նրանք պետք է նաեւ սուտ վկայություն տային հարազատների եւ նույնիսկ անծանոթ մարդկանց դեմ: Յուրաքանչյուրս ձեռնպահ է մնում կտրուկ գործողություններից հենց այն պատճառով, որ կորցնելու բան ունի:

 

Մտավորականի առաջին ձեւակերպումներն արել է եկեղեցին, երբ սահմանել է կուսակրոնության ինստիտուտը; Մեր առաջին ֆիդայիններն այդ ինստիտուտից վերցրեցին հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերելու կամքը: Ինքնազոհաբերությունը, որպես «ինստիտուտ», տեսադաշտ չունի: Այստեղ տրվում ես կամովին, այստեղից է ծագում «թող ոչ մի զոհ չպահանջվի, ինձնից բացի» միտքը: Ամեն ինչ կորցնողի ամենասուր հոտառությունն ունի քաղքենին: Նա պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, բայց ոչ՝ իրեն: Քաղքենին երբեք երկրապահ չի դառնա, թեպետ կարող է զենք բռնել եւ նույնիսկ գնալ առաջին գիծ: Քաղքենին երբեք մտավորական չի դառնա, թեպետ կարող է գրքեր եւ ouverture-ներ գրել, եւ հաճախ դրանք կարող են լինել շատ հաջող: Այն, թե ինչ դարձան երկրապահները, ցույց է տալիս, թե մինչեւ որտեղ պետք է ծավալվեր զոհաբերության` նրանց կամքը: Որովհետեւ երկրապահն Արցախյան ազատամարտի մասնակիցը չէ, թեպետ տրամաբանության մեկնակետը ճիշտ էր: Երկրապահն այն մարդն էր, որը «երկիր» ասելիս «պիկսելներ» չէր ճանաչում, ինչպես «պիկսելներ» չունեն Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի եւ Հակոբ Հակոբյանի կտավները:

 

Այսօր Հայաստանը «պիկսելներ» է, բայց ոչ դրանց ամբողջությունը: Իսկ ի՞նչ է նշանակում «պիկսել»-ը: Դա այն է, երբ շունը տիրոջը չի ճանաչում, երբ օրդ լուսացնում ես ապոկալիպտիկ զգացումներով, երբ թվում է, թե նույնիսկ ապոկալիպսիսն է ուշացել: Պատկերացրեք, որ մարդը երկրորդ անգամ, ասենք, այս տարի գնում է արցախյան ճակատ (ենթադրենք): Ի՞նչ կամ ո՞ւմ ունի նա կորցնելու՝ ծնողներին եւ երեխաներին: Եթե ոչ մեկն էլ չունի, չի նշանակում, թե կորցնելու ոչինչ չկա: Եթե մեռնում է, հարազատները մնում են բախտի քմահաճույքին, այսինքն` էդ միտքը գլխում կա: Եթե հարազատներ չկան, ծառայությունը պարտքից ավելին չէ, քանի որ մահվան իրավացիության հենման կետը չկա, հենման կետը էն բջիջն է, որն ամբողջանում է հազարավոր այլ արժեքներով ու դառնում է երկիր: Հետեւաբար, երկրապահ լինելու եւ կյանքդ ոչ շոշափելի ինչ-որ բանի տալու համար գոնե մեկ հարազատ անհրաժեշտ է: Իսկական երկրապահությունն սկսվում է այն պահից, երբ Հայաստանին ոչ մի ինքնազոհաբերություն չի փրկի:

 

Երկրապահությունն սկսվում է այն պահից, երբ երկիրը ղեկավարում է բազում խախտումներով ընտրված մարդը, վարչապետը Տիգրան Սարգսյանն է, օրենսդիրը՝ Մանվել Գրիգորյանն ու Առաքել Մովսիսյանը, իսկ դու՝ մեկ, երկու կամ երեք երեխայի հայրդ, պատերազմի դաշտում: Իսկական երկրապահն այնտեղ հետ չի նայում դեպի նրանց կողմը, ովքեր վայելելու են քո ինքնազոհաբերության պտուղներն իրենց պալատներում եւ բիզնես կայսրություններում: Իսկական երկրապահի թիկունքում հիշողությունն է, թե ովքեր են Հայաստանի իրական ապրողները, որտեղ է ազատամարտիկ Վալոդյա Ավետիսյանը, ինչո՞ւ մահացավ Լեւոն Խեչոյանը, եւ ո՞ւմ երեխան էր տենդային ցնցումների մեջ «վայելում» Հիպոկրատի ներկայացուցչի՝ բժշկի խոսքը՝ սա իմ հիվանդը չէ: Իսկական երկրապահը նա չէ, ով կորցրել է ինչ հնարավոր է, ոչ էլ նա, ով «կորցրել է ամեն ինչ, փոխարենը ձեռք է բերել արժանապատվություն»:

 

Իսկական երկրապահին Արցախյան ազատամարտից հետո չպիտի տարբերեինք երկրի նախագահից, պաշտպանության նախարարից, ատամնաբույժից, գրողից, մանուկից, աղբահավաքից, ազատամարտիկից, մանկատան տնօրենից: Իսկական երկրապահը պետք է տարրալուծվեր: Իսկ այսօր նա ընդամենը «պիկսել» է: Ինչպես, ի դեպ, մտավորականը:

 

Սեյրան Հանոյան