կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-01-03 18:43
Առանց Կատեգորիա

Սեղանի ճոխությունն է, որ հայկականացնում է Ամանորը . Արա Զոհրաբյան

Սեղանի ճոխությունն է, որ հայկականացնում է Ամանորը . Արա Զոհրաբյան

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այս տարին դիմավորել է Հայաստանում` ընտանիքի` կնոջ և երկու տղաների հետ:

Yerkir.am-ի հետ զրույցում Զոհրաբյանն ամփոփում է նախորդ տարին, պատմում իրականացած ծրագրերի, ձեռքբերումների և Ամանորի մասին:

 

 Ինչպիսի՞ն էր 2013թ-ը Փաստաբանների պալատի և Ձեզ համար:

-        2013թ. փաստաբանների պալատի համար փորձությունների տարի էր։ Ինչպես ականատես եղաք, փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների քարորզարշավը շատ սուր ընթացավ, նույնիսկ բացասական երանգներով, բայց վերջում թեկնածուներն ապացուցեցին, որ մեկ փաստաբանական համայնքի անդամներ ենք։ Փորձություն կարելի էր  համարել նաև փաստաբանների նկատմամբ պետական տուրք և անկախությունը սահմանափակող նախագծերի շրջանառությունը։ Փաստաբաններն ապացուցեցին, որ միասնական են և միահամուռ ոտքի կանգնեցին, ինչի արդյունքում` այդ նախագծերը չներկայացվեցին կառավարություն։ Անձամբ ինձ համար 2013 թվականը շատ ծանրաբեռնված էր` մարտին խորհրդի ընտրություններ, հունիսին ատենախոսության պաշտպանություն, օգոստոսին ՓՊ նախագահի ընտրություններ։

 


Արդյոք հաջողվեց իրականացնել այն ծրագրերը, որոնք նախատեսել էիք նախորդ  տարի:

-  Այն ինչ որ ծրագրել էի այս տարվա համար, իրականացվեցին։



Ո՞րն է պալատի 2013թ-ի ամենամեծ ձեռքբերումը:

-        Փաստաբանների պալատի ընտրության այս նոր մոդելը, որն ուղղակիորեն պալատին հանեց հասարակական տեսադաշտ։

 


Ի՞նչ չհասցրեցիք անել նախորդ տարվա ընթացքում:

-Չեմ կարողացել պարբերաբար լողավազան այցելել։ Մյուս տարի այդ սխալը կուղղեմ։

 


Մանկության տարիներին հավատացե՞լ եք արդյոք Ձմեռ պապին, ո՞րն է եղել ամենահետաքրքիր և հիշարժան նվերը, որ ստացել եք Ձմեռ պապից:

-        Ձմեռ պապիկին հավատացել եմ շատ փոքր տարիքում։ Դպրոցական տարիքում հավատում էի Աստված պապիկին, չափահաս տարիքում` Աստծուն։ Չեմ կարողանում առանձնացնել ամենահետաքրքիր և հիշարժան նվերը։

 


Ո՞ր երկրի Ամանորն է Ձեզ համար յուրահատուկ:

-        Մեր երկրի։ Տրամադրվածությունն այնպիսին է, որ իրոք մի բան վերջանում է և մի նոր բան է սկսում։ Սա լուրջ վերալիցքավորում է տալիս մարդկանց։

 


Ինչպե՞ս եք վերաբերվում հայկական ամանորյա սեղանների ճոխությանը, ի՞նչ ամանորյա ուտեստ եք նախընտրում:

-        Սեղանի ճոխությունն է, որ հայկականացնում է Ամանորը։ Բայց դե ճոխության բացասական կողմն էլ կա, քանի որ դրա հիմքում դրված է մարդկանց տանջանքը, իսկ որպես հետևանք՝ որկրամոլությունը։ Բայց դե ամանորյա սեղանը մնում է ամանորյա սեղան։ Որպես ամանորյա ուտեստ նախընտրում եմ խաղողի տերևով պատրաստված տոլման։

 


Ի՞նչ կմաղթեք քաղաքացիներին:

-        Սեր, համբերություն և լավ տրամադրություն։ Տրտնջացող մարդը հաճելի չէ նույնիսկ ինքն իր համար։ Ցանկացած խնդրի ժամանակ, եթե տրամադրությունդ բարձր պահես, այդ խնդիրը շատ հեշտ կլուծվի։ Չպետք է մոռանանք, որ մարդուն իր ուժերից վեր փորձություն չի տրվում։ Եթե փորձության մեջ ես, ապա դու կարող ես հաղթահարել այն։

 

Զրուցեց` Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ