Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեեւ վաղ անցյալում մինչեւ «Զվարթնոց» օդանավակայան հասնող երկաթուղային գիծ կար, սակայն երկար տարիներ այդ գիծը չի շահագործվել եւ այլեւս անպիտան է կիրառման համար: Նաեւ այդ գծի տարածքներն են վաղուց բաժանվել տարբեր մարդկանց: Ուստի ներկայիս պայմաններում մինչեւ օդանավակայան երկաթուղային գիծ կառուցելու ծրագրին Հարավկովկասյան երկաթուղիների միանալը կախված է տեխնիկական իրացման խնդիրներից. լրագրողներին այսօր ասաց ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
Նա տեղեկացրեց, որ դեռեւս չկա այդ ծրագրի տնտեսական արդյունավետության հաշվարկը, չկան հաշվարկներ ակնկալվող բեռնային բազայի վերաբերյալ, որոնք կարող են ստեղծվել «Զվարթնոց» օդանավակայանի տերմինալներում եւ այլն:
«Այդ հաշվարկներն իրականացվում են գիտական կազմակերպություններից մեկի կողմից, դրանք կավարտվեն, ու արդեն կխոսենք, թե ինչպես կամ ինչ ֆորմատով ենք մտնում այդ նախագծի մեջ»,- նշեց Վիկտոր Ռեբեցը:
Անդրադառնալով Արցախի ածուխը Հայաստան տեղափոխելու ծրագրին` նա նշեց, թե աշխատանքների` իրենց վերաբերող մասն ընկերությունն իրականացրել է շատ վաղուց եւ պատրաստ է բեռնափոխադրումների: Նույնիսկ անցյալ տարի Արցախից մի խմբաքանակ ածուխ` մոտ 1000 տոննա, փորձնական բերել ու հասցրել է ՋԷԿ: Վիկտոր Ռեբեցը տեղեկացրեց, որ ածուխի կիրառման համար պահանջվում են բոլորովին այլ սարքավորումներ, որոնք այժմ արդեն ներկրվել ու տեղադրվել են Հայաստանում ու գտնվում են փորձարկման փուլում: Եվ երբ արդեն այդ փուլն էլ ավարտվի, ծրագիրը կսկսի աշխատել ամբողջությամբ: Վիկտոր Ռեբեցը նշեց, սակայն, որ 2014 թվականին չեն սպասվում լուրջ ու առաջանցիկ ծավալների փոխադրումներ այդ ծրագրի շրջանակներում:
Աբխազական երկաթուղու շահագործման մասին էլ ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ նոյեմբերի սկզբին Երեւանում կայացած միջխորհրդարանական ասամբլեայի ժամանակ ՌԴ-ի եւ ՀՀ-ի խորհրդարանականները քննարկել են համագործակցության բոլոր ասպեկտները, եւ դրանց մեջ նաեւ մեծ ժամանակ եւ ուշադրություն է հատկացված եղել Ռուսաստանի հետ Հայաստանի ուղիղ կապին ու երկաթուղային հաղորդակցությանը: Այդ առումով, օրինակ, երբ Գյումրիում ստեղծվում ու շահագործման են հանձնվում շարժակազմերի նորոգման եւ սպասարկամն ենթակառուցվածքները, այդ ամենը արվում է հենց այլ երկրների երկաթուղային դաշտերի հետ կապվելու համար:
Իսկ ինչ վերաբերում է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ծրագրին, ապա ՀԿԵ գլխավոր տնօրենը նշեց, թե դա եւս շատ կարեւոր ու լուրջ ծրագիր է, որը դեռեւս երկար ճանապարհ ունի անցնելու: Այդ ծրագրի արժեքի, տեւողության, ծախսածածկման ակնկալիքների ու կարեւորության առումով Վիկտոր Ռեբեցը լավատես է: Նախ` մտահոգվելու կարիք չկա, որ այդ ծրագիրը նախնական գնահատված է մոտ 3.5 միլիարդ դոլար, եւ այդ թիվը կարող է աճել մինչեւ 4-1.5 միլիարդ դոլար: Երկրորդ' ենթակառուցվածքների կառուցումն ու առկայությունը մշտապես եղել է պետությունների պարտականությունը: Որովհետեւ այլ բիզնեսներում ներդրողներն իրենց ծախսերը վերադարձնում են շատ տարիներ հետո: Իսկ տրանսպորտային ոլորտը, հատկապես` երկաթուղիներն իրենց վրա կատարված ծախսերը ծածկում են նվազագույնը 20 տարուց հետո:
«Ոչ մի բիզնես իրեն նման ժամկետ թույլատրել չի կարող: Դրա համար պետությունը հանդես է գալիս որպես ծրագրի մասնակից, նախաձեռնող եւ ֆինանսավորող, ամեն դեպքում` նշում է այն ֆինանսավորման աղբյուրները, որոնք թույլ են տալիս համաֆինանսավորողներին տեսնել ծրագրի իրագործման հեռանկարները»,- նշեց ՀԿԵ գլխավոր տնօրենը:
Իրան-Հայաստան երկաթուղու շինարարական աշխատանքները, ըստ Ռեբեցի, կարող են սկսվել 2015 թվականից: