կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-11 16:36
Քաղաքական

Դեկտեմբերի 17-ին 4 խորհրդարանական ուժեր դիմելու են ՍԴ

Դեկտեմբերի 17-ին 4 խորհրդարանական ուժեր դիմելու են ՍԴ

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, խոսելով կուտակային կենսաթոշակների մասին ռեֆորմի մասին, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը մերժեց քաղաքական երկխոսության առաջարկը, ուստի` հետագայում թող չասեն, որ իրենք պատրաստ էին երկխոսության, որովհետև խորհրդարանական ընդդիմությունն ամեն կերպ փորձեց ապացուցել կուտակային բաղադրիչի վտանգավորությունը: Նրա խոսքով` եթե կառավարության անդամները խոսեն դժգոհող երիտասարդների հետ, կտեսնեն, որ նրանք հավատում են պետականությանը, բայց չեն հավատում կառավարության ներկայացրած համակարգին, երբ մարդկանց մասնահանումները հանձնվում են մասնավորի ձեռքը: Հայաստանում չկա արժեթղթերի զարգացած շուկա, հետևաբար, այդ ֆոնդերին վստահելը չի նպաստելու ՀՀ տնտեսության զարգացմանը:

 

Պատգամավորի խոսքով` այս ռեֆորմը պատասխանատվության է ենթարկում գործատուին: «Գործատուին նեթարկում եք պատասխանատվության, հայտնի խոսքով ասած, որ ի՞նչ անեք»,- հարց ուղղեց Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա` համակարգը պատրաստ չէ, և չի կարող պարտադրանքի միջոցով գործել հունվարի 1-ից:

 

Մինասյանը նշեց, որ չորս խորհրդարանական ընդդիմադիր ուժերը դեկտեմբերի 17-ին դիմում են ներկայացնելու ՍԴ կուտակային կենսաթոշակային ռեֆորմի դեմ: Պատգամավորի խոսքով` ի վերջո, գոնե մեկ անգամ քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանա, որ այս երկրում գործում է Սահմանադրություն և այն չի կարելի ոտնահարել ու արհամարհել: «Եթե այդքան լավ կառավարություն է, ուրեմն ինչո՞ւ չեն իրենք կառավարում այդ միջոցները: Եթե չեք կարողանում կառավարել, ապա ինչպե՞ս քաղաքացիները վստահեն ձեզ իրենց միջոցները: Եթե դուք ստիպում եք քաղաքացիներին իրենց գումարները վստահել ոչ թե կառավարությանը, այլ մասնավորին, ուրեմն դուք այլևս անելիք չունեք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Պատգամավորի համոզմամբ` նոր ռեֆորմով, չհարկվող աշխատավարձից 5-10 տոկոս գումար խլելով, քաղաքացիներին հասցվում է կրկնակի հարված: Նա նշեց, որ դա իշխանություն-ընդդիմություն պայքար չէ, դա հասարակության բողոքի ձայնն է, որին կառավարությունը ուշադրություն չի դարձնում: «Սա այն հասարակության բողոքի ձայնն է, ով ձեզ է ընտրել, բայց եթե նրանց էլ չեք ցանկանում լսել, ուրեմն ձեզ մնում է հավաքել ճամպրուկներն ու հեռանալ իշխանությունից»,- ասաց պատգանավորը:

 

Ի պատասխան, ԱԺ նախագահն ակնարկեց. «Լավ խորհուրդներ չեք տալիս, պարո'ն Մինասյան»: