Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ նախագահի նստավայրում ավարտվել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները: Երկու երկրների նախագահների առանձնազրույցից հետո, կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:
Մասնավորապես` ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագիրը,
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը,
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը,
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը,
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015թթ. խորհրդատվությունների ծրագիրը,
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը,
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը,
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության միջև 2014-2015 թվականների համար միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման հետագա միջոցների մասին հուշագիրը,
Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը,
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջության դաշնային գործակալության միջև 2014-2016 թվականների համար համատեղ գործողությունների ծրագիրը,
2014-2018թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներմուծելու «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Գազպրոմ էքսպորտ» բաց բաժնետիրական ընկերության միջև գործարքը,
«Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության և «Ռոսնեֆտ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիր և բաժնետիրական համաձայնագիր:
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ և պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ
Հարգարժա´ն Վլադիմիր Վլադիմիրի,
Հարգելի´ տիկայք և պարոնայք,
Քիչ առաջ մենք ավարտեցինք շատ արգասաբեր բանակցություններ, որոնք կայացան Ռուսաստանի Նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում: Բարեկամական և վստահության մթնոլորտում մենք հանգամանորեն քննարկեցինք հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության զարգացման ընթացքը, ապագայի համար նախանշեցինք գլխավոր ուղենիշերը: Բանակցությունների արդյունքներով ստորագրվեց 12 կարևորագույն փաստաթուղթ՝ քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցության, միջուկային անվտանգության, էներգետիկայի, կրթության և զբոսաշրջության հարցերին վերաբերյալ:
Այս համաձայնագրերը կլրացնեն ավելի քան երկու հարյուր միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող մեր հարաբերությունների իրավապայմանագրային բազան: Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ամռանը ստորագրված Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը, որը լայն հնարավորություններ է բացում Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններում ներքին գներով սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Դրանից հետո երկկողմ կամ ՀԱՊԿ ձևաչափով այլևս ոչ մի փաստաթուղթ չի մնա, որը վավերացված չլինի հայկական կողմից:
Մենք ընդգծեցինք միջազգային ասպարեզում գործողությունների հետագա համակարգման և սերտ համագործակցության կարևորությունը միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, ռազմական ոլորտները և հաստատեցինք «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ու «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրի անսասանությունը:
Ես տեղեկացրեցի Ռուսաստանի Նախագահին Հայաստանի` Մաքսային միություն և Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածք շուտ մտնելուն նպատակաուղղված քայլերի մասին: Ռուսաստանի Նախագահը հաստատել է այդ գործընթացին ամենայն աջակցություն ցուցաբերելու ռուսական կողմի պատրաստակամությունը` համապատասխան սույն թվականի սեպտեմբերի 3-ի մեր Համատեղ հայտարարության և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 24-ի որոշման: Հենց այդ թեմային էր նվիրված միջտարածաշրջանային 3-րդ համաժողովը, որի բացմանը մենք մասնակցեցինք Գյումրի քաղաքում:
Ընդգծվել է իր պատասխանատվության գոտում անվտանգության և խաղաղության գլխավոր երաշխավորը հանդիսացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտների ու մեխանիզմների զարգացման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը: Մենք մտադրություն ենք հայտնել ամրապնդել Արագ արձագանքման հավաքական ուժերի ներուժը և գործնական քայլեր ձեռնարկել դրանց մոբիլիզացման, տեղափոխման և արդյունավետ օգտագործման մեխանիզմների մշակման համար: Ես տեղեկացրել եմ Ռուսաստանի Նախագահին նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած` Ադրբեջանի Նախագահի հետ հանդիպման արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մինսկի խմբում համանախագահության ձևաչափում գործադրած ջանքերի համար:
Մենք երկուստեք հաստատել ենք միայն խաղաղ միջոցներով այն կարգավորելու հակվածությունը` մեկ ամբողջականություն կազմող ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Մենք պայմանավորվել ենք շարունակել առևտրի և Հայաստանում ռուսաստանյան ներդրումների կայուն ավելացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գիտատեխնիկական համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերը: Առաջնահերթ ուշադրություն ենք դարձնելու ատոմային էներգետիկային, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հարցերին:
Քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: Այս համատեքստում մենք ողջունում ենք Ժնևում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը, ինչն, անկասկած, կարևոր քայլ է, որը նպաստում է տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում կայունության և անվտանգության ամրապնդմանը: Հարգելի ընկերներ, Ռուսաստանի Դաշնության Նախագահի Պետական այցը կարևոր նշաձող դարձավ հայ-ռուսական հարաբերությունների նորագույն պատմության մեջ: Մենք պայմանավորվեցինք շարունակել ինտենսիվ շփումները հարցերի ամենալայն շրջանակով: Կշարունակվի միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը: Համոզված եմ, որ այս օրերին ընթացող միջտարածաշրջանային համաժողովի արդյունքում ընդլայնվի շփումների աշխարհագրությունը մեր մարզերի և նահանգների, տեղական ինքնակառավարման մարմինների միջև:
Մենք պայմանավորվեցինք խրախուսել և աջակցել հումանիտար, գիտական, մշակութային և երիտասարդական փոխանակումներն ու հանդիպումները: Վլադիմիր Վլադիմիրի, մենք պայմանավորվեցինք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական նախագահական խորհրդի ստեղծման մասին և մեր աշխատակազմերին հանձնարարեցինք մշակել Խորհրդի աշխատանքները կարգավորող անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը և ներկայացնել դրանք ստորագրման մեր հաջորդ հանդիպման ընթացքում:
Շնորհակալություն ուշադրության համար: