Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանի հետ 2014-2017 թվականների գործընկերության ռազմավարությունն ու որոշել Հայաստանին 833 միլիոն դոլարի վարկ տրամադրել: Իսկ ՀԲ խմբի կողմից ամբողջությամբ կտրամադրվի 873 միլիոն դոլար:
Այսօր ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին լրագրողներին տեղեկացրեց, որ միայն 2014 թվականի համար արդեն իսկ որոշվել է 72 միլիոն դոլարի վարկ տրամադրել Հայաստանին` բյուջետային աջակցության նպատակով:
Համագործակցության այս ծրագիրը, ինչպես ներկայացրեց ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին, իրենից ներկայացնում է հաջորդ չորս տարիների ընթացքում երկրի հետ համագործակցության շրջանակը: Փաստաթուղթն այսօր ներկայացվել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
«Ծրագրի շրջանակներում տրամադրվել է 833 միլիոն դոլարի աջակցությունը, որը ոչ միայն ՀԲ, այլեւ միջազգային ֆինանսական կորպորացիայի աջակցությունն է: Այս աջակցության ծրագրի հիմնական նպատակը երկրի տնտեսական աճին նպաստելն է` մասնավոր սեկտորի աջակցության ու երկրում աշխատատեղերի ստեղծման ճանապարհով: Այն նաեւ ներառում է աղքատության կրճատման կոմպոնենտներ, որը ենթադրում է սոցիալական աջակցության ծրագրերի օժանդակություն: Ծրագրում ներառված են նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի ու կառավարության ընդհանուր աշխատանքների բարելավման հարցերը»,- նշեց Քերալին:
Այս ծրագրի հաստատմանը նպաստել է այն, որ ՀՀ-ն, վերջիվերջո, կարողացել է հաղթահարել համաշխարհային ճգնաժամի ծանր հետեւանքները եւ, ՀԲ տնօրենների խորհրդի համոզմամբ, նպատակադրված է մինչեւ 2015 թվականը հասնել «Հազարամյակի մարտահրավերների» մակարդակին: Աջակցության այս ծրագիրը կենտրոնանալու է որոշակի ոլորտների վրա, որոնք ՀԲ-ի գնահատմամբ, կարող են ամենամեծ արդյունքը ստեղծել երկրի տնտեսական զարգացման եւ աղքատության կրճատման առումով:
«Մենք ունենք նաեւ աշխատանքներ այլ ոլորտներում. աջակցելու ենք գյուղատնտեսության ոլորտին' ոռոգման ծրագրերի, էլեկտրամատակարարման ու էլեկտրաբաշխման աշխատանքների ոլորտներում, առեւտրի արտահանման զարգացման ուղղությամբ ենք աշխատելու, նաեւ արտահանվող ապրանքների որակի բարձրացման, կենսական նշանակություն ունեցող ճանապարհների, հատկապես` գյուղական ճանապարհների բարելավման աշխատանքներով ենք զբաղվելու, զբոսաշրջության զարգացման ծրագրեր ունենք: Ինչպես նաեւ աշխատելու ենք կրթության, սոցիալական աջակցության ու առողջապահության ոլորտներում»,- թվարկեց ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը:
ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին մասնավորեցրեց, որ ՀԲ-ն որոշել է կառավարության ծրագրային աջակցություն ցուցաբերել թե' քաղաքականությունների մշակման հարցերում, թե' տնտեսական վիճակի բարելավման:
ՀԲ ներկայացուցիչները պարզաբանեցին, որ այս վարկային միջոցներով ֆինանսավորումները կոնկրետ ծրագրերի համար են հաստատվում' Հայաստանը ներկայացնում է ծրագիր, ՀԲ-ն հաստատում է այդ ծրագրի ֆինանսավորումը: Բայց, օրինակ, մասնավոր սեկտորի ֆինանսավորումը կատարվելու է միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից: Այսինքն` կորպորացիան ուղղակիորեն կամ առեւտրային բանկերի միջոցով 160-190 միլիոն դոլարի շրջանակներում վարկեր է տրամադրելու մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին:
Վարկային միջոցները երկու տեսակի են: Կան միջազգային զարգացման ասոցիացիայի կողմից տրամադրվող վարկեր, որոնք երկարաժամկետ' 30 տարով տրամադրվող վարկեր են' 5 տարի արտոնյալ ժամկետով, համարվում են «փափուկ» վարկեր: Դրանց համար կիրառվելու են լիբոր գումարած 0.5 տոկոսային կետ տոկոսադրույքները: Երկրորդ տեսակը ավելի կոշտ պայմաններով է տրամադրվում` ավելի կարճ ժամկետներով եւ ավելի բարձր` լիբոր գումարած 1 տոկոսային կետ տոկոսադրույքներով: