կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-30 18:02
Առանց Կատեգորիա

Լեգենդն այսպես երկար չի ձգի

Լեգենդն այսպես երկար չի ձգի

Որքան էլ տարօրինակ է, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր անձամբ էր ներկայացել ԱԺ` 2014թ. բյուջեի քննարկումներին: Տարօրինակություններն իրենց սպասեցնել չտվեցին հենց սկզբից:

 

Յուրի Վարդանյանի առաջին «փոստն» այն էր, որ «վրա տված» լրագրողներին նախարարն այս կերպ վանեց. «Ես զուգարան եմ գնում, իսկ չե՞ք ասի զուգարանի տեղը, ես այստեղ առաջին անգամ եմ»:

 

Զուգարան գնալը հրապարակայնացնելը եւ այդ պատրվակով լրագրողներից խույս տալու մենաշնորհը Վարդանյանինը չէ: Վերջերս էլ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանն էր իրեն մոտեցող լրագրողներին հայտարարել, որ զուգարան է գնում: Հետաքրքիր է` լրագրողներին տեսնելիս քաղաքական գործիչների «զուգարան գնալը գալիս է»:

 

Ինչեւէ, անցնենք առաջ: Յուրիի հաջորդ տարօրինակ հայտարարությունը վերաբերում էր նրա որդու` Դավիթի հանրային պաշտպանին` 70-ամյա Ռաֆիկ Սաֆարյանին: Մարդն ընդամենը ասել է, որ Դավիթը հայերեն գրել-կարդալ լավ չգիտի, իսկ պատճառը հասկանալի է` տղան երկար տարիներ ԱՄՆ-ում է ապրել:

 

«Գլուխը քարին է տվել»,- ասել է Յուրի Վարդանյանը որդու հանրային պաշտպանի մասով: Պատկերացնո՞ւմ եք` մարդը որդու համար փաստաբան չի վարձել (թե ինչու, դա վերլուծության մեկ այլ թեմա է), դեռ մի հատ էլ 70-ամյա հանրային պաշտպանին նման բան է ասում:

 

Ամենաուշագրավը  նախարարի պահվածքն էր բյուջեի քննարկումների ժամանակ: Նախ` նիստի հենց սկզբում նախարարը դժգոհություն հայտնեց, որ սպորտը թողել են ամենավերջում, (նկատենք, որ սա հատուկ միտում չունի, եւ բյուջեի քննարկման ընթացակարգը չի փոխվել), հետո էլ խոսքում նշեց, որ մարզական օբյեկտների նյութատեխնիկական վիճակն ահավոր է, եւ ֆուտբոլի ֆեդերացիան 10 անգամ ավելի շատ ֆինանսավորում ունի, քան մյուս սպորտաձեւերը:

 

Ստացվում է` մինչ ՀՖՖ նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն այսօր հատուկ ասուլիս էր հրավիրել ու անընդհատ հորդորում էր «Յուրիկին պադերժկա անել», էլ ինչ ասես չէր ասում Ծառուկյանի հասցեին, Յուրին նման հայտարարություն է անում ՀՖՖ-ի մասով, որի անունը հարկ էլ չեն համարել անգամ զետեղել սպորտի նախարարության պաշտոնական կայքէջի այն հատվածում, որտեղ շարադրված են մեր երկրում գոյություն ունեցող ֆեդերացիաները:

 

Սա դեռ ոչինչ, կարող են ասել` տեխնիկական վրիպակ է, բայց, փաստորեն, նախարարը չգիտի, որ ֆուտբոլի ֆեդերացիայի ֆինանսավորումը մյուս ֆեդերացիաներից տարբերվում է նրանով, որ այն գումարներ է ստանում ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից` զարգացնելու համար տվյալ սպորտաձևը այդ երկրում, հետեւաբար` նախարարի դիտարկումը, թե ինչու պետք է ֆուտբոլի ֆեդերացիան 10 անգամ ավելի բյուջե ունենա, քան մյուս սպորտաձևերը, առնվազն անհիմն է:

 

Բ. Գասպարյան