կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-30 14:04
Սպորտ

Վարդան Մինասյանը չի ասել, որ հաջորդ մարզիչը իսպանացի կամ իտալացի է լինելու, լավ չեք հասկացել. Ռուբեն Հայրապետյան

Վարդան Մինասյանը չի ասել, որ հաջորդ մարզիչը իսպանացի կամ իտալացի է լինելու, լավ չեք հասկացել. Ռուբեն Հայրապետյան

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ամփոփեց աշխարհի 2014-ի ընտրական փուլը, ինչպես նաև խոսեց Վարդան Մինասյանի և ազգային հավաքականի նոր մարզիչ նշանակելու մասին:

 

«Աշխարհի 2014-ի ընտրական փուլը համարում եմ ձախողված, քանի որ մենք մեր առաջ խնդիր էինք դրել ուղեգիր ձեռք բերել, բայց չկարողացանք:

 

Ինչ վերաբերում է Վարդան Մինասյանի  հրաժարականին, ես շատ ափսոսում եմ, շատ կցանկանայի նրա հետ աշխատել: Ես ավելի լավ գիտեմ նրա կարողությունները, ունակությունները, նվիրվածությունը հավաքականին և հայկական ֆուտբոլին: Երկու անգամ առաջարկել եմ նրան մնալ, բայց նա հրաժարվել է: Կարծում եմ, որ նրա որոշումը հաստատ է: Գտնում եմ, որ նա շատ անելիք ունի հայկական ֆուտբոլում: Ափսոսում եմ, որ չստացվեց համոզել նրան մնալ: Վարդան Մինասյան մարզիչն է, որ մեր հավաքականը բերեց 38-րդ հորիզոնական: Նա շատ մեծ գործ է կատարել մեր հավաքականի և ֆուտբոլի զարգացման համար: Պետք է նրան շնորհակալություն հայտնենք ազնիվ և նվիրված աշխատանքի համար: Ամեն աշխատող մարդ էլ կարող է սխալվել:

 

Ինչ վերաբերում է նոր մարզիչին` բանակցություններ գնում են միանգամից մի քանի մասնագետների հետ: Նոր մարզիչ ընտրելիս պետք է շատ լուրջ մոտենալ հարցին:  Անձամբ ես մի քանի անգամ սխալվել եմ մարզչի հարցում և չեմ ցանկանում նորից սխալվել: Նոր ռեֆորմներ պետք չի անել, ժամանակ չունենք: Վարդան Մինասյանի համար հեշտ կլիներ, որովհետև նա  ամեն ինչ գիտեր թե' թիմի մասին, թե' ֆուտբոլիստների: Նոր մարզչի համար պետք է այնպես անենք, որ մաքսիմում արագ ընտելանա հավաքականին, նաև ֆուտբոլիստները ընտելանան նրան:

 

Ես առաջինը սկսել եմ Միշել Տեր-Զաքարյանի հետ բանակցություններից: Սրտանց կուզենայի, որ նա գար և գլխավորեր մեր հավաքականը, բայց ինքը հրաժարվեց: Ու այնպես հրաժարվեց, որ անիմաստ է շարունակել: Դեռ 2009 թվականին նրան հրավիրել եմ, սակայն նա հրաժարվել է: Ինքը հայ է, ունի հայի մտածելակերպ, շատ ցանկալի կլիներ, որ նա լիներ:

 

Հայ ուրիշ մարզիչ չեմ տեսնում: Եթե հավաքականի առջև պետք է խնդիր դնենք, ապա պետք է լինի շատ բարձր որակի մարզիչ: Ես հիմա մի մարզչի հետ բանակցում  եմ, նա ասում է` ասեք խնդիր: Եթե խնդիր կա` կգամ, եթե չկա` չեմ գամ: Այսպիսի մարզիչներ են մեզ պետք»,- ասաց նա: 

 

Վարդան Մինասյանն ասել էր, որ հավաքականի հաջորդ մարզիչը լինելու լինելու է իտալացի կամ իսպանացի մասնագետ: Հարցին, թե ո՞ւմ միջև է կատարվում մարզչի ընտրությունը, Հայրապետյանը պատասխանեց. «Մի քիչ լավ չեք հասկացել: Նա ինձ նույնպես  խորհուրդ է տվել, որ ցանկալի է մարզիչը լինի կա'մ իտալացի, կա'մ իսպանացի, քանի որ մեր խաղաոճն ու անձնական որակները նման են իսպանացիներին և իտալացիներին: Նրանց համար ավելի հեշտ կլինի մեզ հետ աշխատել: Նա ինձ նման խորհուրդ տվել է, բայց չի բացառվում` հավաքականի ապագա մարզիչը լինի  գերմանացի կամ արգենտինացի: Գերմանացուց չկառչեք` ասեք, որ իմ մականունի համար եմ ուզում  (ծիծաղում է): Երբ հստակ մի բան լինի, առաջինը դուք կիմանաք»: